«Գազպրոմ Արմենիա»-ում մեծ թվով կրճատումներ են սպասվում. պատճառը սահմանին գազի գնի թանկացումն է

- in Մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթին է դիմել «Գազպրոմ Արմենիա»-ի Երեւան քաղաքի տարածքային բաժիններից մեկի աշխատակիցը: Նա պատմեց, որ բաժնում ժողով են արել եւ ասել են, որ ընկերությունում մոտ 50 տոկոսով կրճատում է լինելու:

«Պատճառը գազի թանկացման հետ է կապված, իրենք չեն կարողանում ապահովել»,- ասաց աշխատակիցը:

Նա նշեց, որ այժմ նույն աշխատանքը, որն օրինակ 2 հոգի էին կատարում, անելու է մեկ հոգի, առանց աշխատավարձի փոփոխության:

Աշխատակիցը նշեց, որ երկուշաբթի բողոքի ակցիա են իրականացնելու, բայց սա ուղղված է լինելու ոչ թե կառավարության դեմ, այլ ընկերության. «Մենք գիտակցում ենք, որ կառավարությունն այստեղ կապ չունի»:

«Հայկական ժամանակ»-ը հարցի վերաբերյալ պարզաբանում ստացավ նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից.

«ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը»,- նշեցին «Գազպրոմ Արմենիա»-ից: Այլ մանրամասներ չհաղորդեցին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ռուսական գազի գինը սահմանին կփոխվի, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնը կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը կապույտ վառելիք է գնելու հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետեւ կառավարությունից նշել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։

Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա»-ում ղեկավար կազմի աշխատավարձերն անտրամաբանական բարձր են: Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացրել «Գազպրոմ Արմենիա»-ում: Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, բացահայտվել էր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր: Մասնավորապես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 եւ 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի եւ շահութահարկի հաշվարկներում ներառել էր ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...