Գլխավոր դատախազն անդրադարձել է Էդգար Ծատինյանի մահվան դեպքին, Արտակ Զեյնալյանը տեղյակ չէ

- in Կարծիք
Artak Zeynalyan

ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ քաղաքացի Էդգար Ծատինյանը իրավապահների կողմից բռնության ենթարկվելու և գրպանում միտումնավոր դրված թմրամիջոցը կուլ տալու հետևանքով  է մահացել, և հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերն անմիջապես փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն: Ընթանում է վարույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրեց՝ հետևողական են նման դեպքերին և տեղեկությունները հաստատվելու դեպքում առավել քան խիստ մոտեցում են ցուցաբերելու:

«Անմիջապես նույն օրը այդ դեպքով ունեցած հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերը և համացանցում առկա տեղեկությունը վերցրել և փոխանցել ենք Հատուկ քննչական ծառայությանը: Այս պահին վարույթ է իրականացվում: Վստահ եղեք, որ մենք շատ հետևողական ենք նմանատիպ դեպքերին և  եթե այդ հրապարակումներում առկա տեղեկությունները հաստատող փաստական տվյալներ ունենանք, մեր մոտեցումը շատ խիստ է լինելու»,-ասաց դատախազը:

Նա շեշտեց՝  ցանկացած իրավապահ մարմնի աշխատակից, ով այդ բնույթի արարքներ կիրականացնի, այդ պահից կդադարի իրավապահ մարմնի աշխատակից լինել: Դատախազը նկատեց՝ նման արարք գործող իրավապահը շարքային տարրական հանցագործ է և նրա նկատմամբ քրեական պատասխանատվությունն անհամեմատ ավելի մեծ է լինելու, քան ցանկացած այլ հանցագործության պարագայում:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ տեղյակ չէ օրերս ոստիկանություն տարված, այնուհետև հիվանդանոցում մահացած երիտասարդի դեպքի մասին. Անկեղծ ասած՝ ծանոթ չեմ այդ հրապարակմանը: Ես ասել եմ, որ համատարած բնույթ չի կրում դա, երկրում կան լրջագույն խնդիրներ, որոնք և օրենսդրական կարգավորման կարիք ունեն խոշտանգումների կախնարգելման նպատակով և իրավակիրառ պրակտիկայի:

Նա նշեց, որ նախարարությունը շուտով նախաձեռնություններով է հանդես գալու՝ իրավունքի կատարելագործման ու նոր լուծումների համար:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...