Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու… Արարատ Միրզոյանի կինը հիշել է հեղափոխության օրերը

Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, իր ֆեյսբուքյան էջում հիշել է, թե ինչ էր կատարվում անցած տարի այս օրը` Արարատ Միրզոյանին բերման ենթարկելուց հետո:

«Արարատին բռնելուց հետո չէի հասկանում` ինչ էր կատարվում: Ինձ էլ էին բռնել: Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու…

2 ժամից ինձ բաց թողեցին: Հագուստս և պայուսակս մնացել էին մեքենայի մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներից 100 դրամ խնդրեցի, որ տուն հասնեմ: Մրսում էի: Չգիտեի` Արարատը որտեղ է:

Գլխումս էլի Արարատի բառերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու: Հասկացա, որ այս օրերին պատրաստում էր ինձ:

«Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում մարդիկ շատանում էին: Իմացա, որ Արարատին ու Սասունին այստեղ են բերել:

Ալենն իր ձեռքը վերցրեց խոսափողը ու գլխավորեց շարժումը: Մարդկանց հոսքը չէր դադարում: Պայմանավորվեցինք մաս-մաս քաղաքացիներին տանել հրապարակ: Հայկը, Սուրենը, ես, խումբ-խումբ համոզում էինք, որ պետք է գնալ հրապարակ: Մարդիկ դժվար էին համաձայնվում լքել տարածքը: Չէ՞ որ այդտեղ Սասունն ու Արարատն էին․․․ գուցե նաև Նիկոլը:

Մի կին բարկացած բղավեց վրաս` դու հասկանո՞ւմ ես, աղջիկ ջան, չեմ գնալու, ստեղ մեր Արարատն ա, իմ պատգամավորը:

Հրապարակում Լենան կարդաց Նիկոլի ուղերձը: Ռուբենի, Սուրենի, Էդուարդի ելույթներն ասում էին մի բան` այս հեղափոխությունը գլխատել չի լինի: Աննայի ելույթը դրեց վերջակետը:

Վերադարձա տուն: Դեռ ոչինչ չէի զգում: Բացեցի ֆեյսբուքը և կարդացի Վահանի գրառումը. «Բարի գիշեր, Ար..»:

Արցունքները գնացին:

Հաղթելու ենք»,- գրել է Արարատ Միրզոյանի կինը: