Տեղյա՞կ եք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի բացահայտումներից. Մհեր Խաչատրյանը վարչապետին խնդրել է ուշադիր լինել – Լուսանկարներ

- in Սոցիալական

Գյումրու Ավտոկայան թաղամասի տնակային ավանում շրջելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  մոտեցավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը:

«Պարոն Փաշինյան, արդյոք տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվել հիմնադրամում եւ գիտե՞ք վերջին աղմկահարույց բացահայտումների մասին ինչ-որ բան»,-Խաչատրյանի հարցից Նիկոլ Փաշինյանն անակնկալի եկավ:

«Ի՞նչ բացահայոտւմներ»,-հարցրեց վարչապետը:

«Մարտի 12-ին հոգաբարձուներն ինձ հեռացրել են տնօրենի  պաշտոնից: Նախկին տնօրենից ընդունում-հանձնում չեմ կատարել, ասել եմ, որ ենթադրյալ չարաշահումներ կան, մի քանի անգամ ասուլիսով էլ եմ բարձրաձայնել այս մասին, ամեն ինչ հանձնել եմ իրավապահ մարմիններին, ուղղակի ուզում եմ վստահ լինել, որ ամեն ինչ նորմալ կլինի, քանի որ նախկին իշխանության մեջ ներառված մարդիկ էլ կան դրա մեջ»,-ասաց Մհեր Խաչատրյանը:

Նախկին իշխանությունների անունը լսելով՝ Նիկոլ Փաշինյանը ժպտաց, ձեռքը թափահարեց եւ շարունակեց ճանապարհը՝ Մհեր Խաչատրյանին խորհուրդ տալով համագործակցել իրավապահների հետ:

Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ կանգառն այսօր Չերքեզի ձոր ձկնաբուծարանն էր: Այստեղ վարչապետը ծանոթացավ խավիարի եւ մանրաձկան արտադրության գործընթացին:Այնուհետեւ վարչապետը գնաց Գյումրու ավտոկայան, հանդիպեց  «Տրանս ակնթարթ» ՍՊԸ բաժնետեր Մարտուն Գրիգորյանին: Քննարկվեց Գյումրու ավտոկայանը Գյումրի կայարանի մոտ հատված տեղափոխելու հարցը, որպեսզի հնարավոր դառնա միասնական տրանսպորտային ցանցի ստեղծումը:«Երկաթուղին ուզում ենք կապենք ավտոտրանսպորտի հետ, հիմա որ գալիս է ավտոկայանը երկաթուղային կայարանի հետ, քաղաքից եկող տրանսպորտ կա՞, որ մարդիկ կարողանան հասնել քաղաքի կենտրոն, կամ այնտեղ, որտեղ ուզում են: Հիմա քաղաքը էն կարծիքին է, որ ավտոկայանը պիտի էստեղ էլ մնա՞: Գյումրիի ավտոկայանը որտեղ պետք է լինի, հիմա գաղափար կա, որ կապենք երկաթուղու հետ, մեր խնդիրը տրանսպրոտային ցանց ստեղծելն է, պետք է այնպես անենք, որ երկաթուղին էլ աշխատի, տրանսպորտն էլ աշխատի, որ օրինակ Ջաջուռից մարդը եկավ Գյումրի, ուզում է գնա Երեւան: Նստի ու գնա, ոչ թե նստի ուրիշ տրանսպորտ, գնա երկաթուղային կայարան, նոր գնա Երեւան: Հիմա պիտի փորձենք, եթե պարզվի հնարավոր չի, կֆիքսենք, որ հնարավոր չի: Պետք է մի հատ քննարկենք, մասնագիտական վերլուծություն անենք»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավտոկայանից հետո վարչապետը հանդիպեց ավտոկայանի տնակային ավանի բնակիչների հետ, խոսեցին խնդիրներից, քաղաքի անբարեկարգ վիճակից, տնակային կյանքի անմարդկային եւ օրեցօր անհաղթահարելի խնդիրներից: Մեկ-երկու տնակ մտնելուց հետո , վարչապետը հետաքրքրվեց, թե ավտոկայանի տարածքն ի՞նչ գոտի է եւ ինչի կարելի է ծառայեցնել այն: Սամվել Բալասանյանը պատասխանեց՝ կանաչ գոտի է:

«Բա որ կանաչ գոտի է, ինչ կապիտալ շինություններ եմ տեսնում»,-հարցրեց վարչապետը: Բալասանյանն ասաց՝ դրանք կանաչ գոտու տարածքից դուրս են եւ օրինական շինություններ են:Ջրափոսերն ու ցեխափոսերը մտնել, դուրս գալով Գյումրու հյուրերը շարժվեցին առաջ: Հենց այդ ցեխոկոլոլ վայրում էլ Նիկոլ Փաշինյանին Գյումրիում կարված ֆիրմային կոշիկներ նվիրեցին: Համարի հարցում մի փոքր սխալվել էին: «Սա ի՞նչ համար է»,- հարցրեց Փաշինյանը: 41 պատասխանը լսելուց հետո, ասաց՝ սա իմ հագով չի լինի, ես 42 համար եմ հագնում, խնդրում եմ հետ վերցրեք:Ավտոկայանի տնակային ավանից վարչապետ Փաշինյանն ուղեւորվեց Շիրակ օդանավակայան: Այստեղ եւս նրան բազմաթիվ գյումրեցիներ էին սպասում՝ իրենց նամակներով եւ բողոքի տեքստերով: Շիրակ օդանավակայանում թռիչքուղին ուսումնասիրելուց հետո վարչապետը մուտքի մոտ կրկին կանգ առավ: Գյումրեցիները մեկ անգամ եւս ընդգծեցին՝ կեցությունը դժվար է, գործազուրկ են, ապրելու հնար չկա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...