Գյումրիում Լյուբիկն ու Արամը խոշտանգել են այգեպանին ու նրա կնոջը, այգեպանը բահով ու կացնով սպանել է «գողականներին»

- in Իրավունք
Danakaharutyun

2001 թվականի օգոստոսի 1-ին Գյումրու ՆԳԲ-ում երկու հայտարարություն ստացվեց անհետ կորած երկու տղամարդու մասին: Տղամարդիկ «գողական» կյանքով ապրողներից էին:

Ըստ հայտարարությունների՝ նրանք հուլիսի 24-ին իրենց տներից դուրս էին եկել ու չէին վերադարձել: Երկու տղամարդիկ օրվա մեծ մասը միասին էին անցկացնում, նրանց անհետացումն էլ, հնարավոր է, նույն «ուղղությամբ» էր կատարվել…

Անհետ կորածներին էին՝ Լյուբիկ Մ.-ն՝ 1941 թվականին ծնված, հանցավոր արարքներ էր կատարել սկսած 16 տարեկանից, հասցրել էր 9 անգամ դատապարտվել: Վերջին անգամ գողության համար դատապարտվել էր 1995 թվականին, ազատ էր արձակվել 1999-ին:

Արամ Ս.-ն՝ 1955 թվականին ծնված, նախկինում 3 անգամ էր դատվել: Վերջին դատվածությունը 1980 թվականին էր՝ անչափահաս աղջկա բռնաբարության համար դատապարտվել էր 11 տարի ազատազրկման:

8 օր տևած որոնողական ու օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտվեց, որ Լյուբիկն ու Արամը սպանված էին: Այն ժամանակվա քրեական օրենսգրքի 99 հոդվածի 4-րդ կետով քրեական գործ հարուցվեց: Բացահայտվեց նաև սպանությունները կատարողն ու դիակները թաղողը՝ 64-ամյա այգեպան էր՝ Հրանտ Ս.-ն (անունը փոխված է):

2001 թվականի հուլիսի 21-ին Լյուբիկն ու Արամը քեֆ անելու համար գնացել էին Հրանտի այգի: Լավ մշակված այգին «գողական» ընկերներին շատ էր դուր եկել: Նրանք այգեպանի առաջ դրել էին իրենց պահանջները՝ այգու կեսը ու այդ կեսից ստացված բարիքները այգեպանը պիտի տրամադրի «գողական աշխարհի» կարիքներին:

Այգեպան Հրանտը վրդովվել ու հայհոյել էր մարդկանց «հոգին հանող գողականների» հասցեին: Ինքը՝ Հրանտը, մեկ տարի առաջ տուժել էր նրանց ձեռքից՝ գողացել էին նրա ցլիկը: Արդար վաստակով ապրող Հակոբը գողերին չէր հարգում՝ նա իր վերաբերմունքն արտահայտել էր համապատասխան բառամթերքով՝ չմտածելով, թե ինչ հետևանք է ունենալու իր հայհոյախոսությունը:

Հաջորդ օրը՝ հուլիսի 22-ին, Լյուբիկն ու Արամը դարձյալ Հրանտի այգում էին: Նրանք դաժան ծեծի էին ենթարկել այգեպանին: Ծեծած Հրանտը մի կերպ ազատվել էր նրանց ձեռքից, տուն էր գցել իրեն, վերցրել էր չլիցքավորված որսորդական հրացանը՝ մտածելով, թե դրանով կվախեցնի ու կվռնդի երկու «գողականներին»: Բայց նրանք Հրանտից ուժեղ էին: Զենքը խլել ու ավելի դաժան էին ծեծել:

Հեռացել էին, բայց գիշերը նորից վերադարձել էին, Հրանտից պահանջել ու վերցրել էին զենքը, ապա նորից ծեծել էին Հրանտին ու սպառնալիքներով պահանջել էին չբողոքել:

Մղձավանջը շարունակվել էր հաջորդ օրը՝ հուլիսի 23-ին: Լյուբիկն ու Արամը նորից Հրանտի տանն էին: Նախ ծեծել էին տանտիրոջը, խոշտանգել էին՝ մեկ ժամ շարունակ գլուխը մտցրել էին ջրափոսի մեջ, պահել, մինչև շունչը կտրվել էր, հանել էին, քիչ անց նորից ու նորից էին կրկնել խոշտանգումը: Հետո 46-ամյա Արամը, որ բռնաբարության համար տասնմեկ տարի նստել էր, այգեպանի կնոջը մտցրել էր «դոմիկ»՝ «խոսելու», իսկ Լյուբիկը սպառնացել էր Հրանտին:

Հրանտի ցուցմունքից. «Լյուբիկը, մի ձեռքին երկաթե ձող, մյուս ձեռքին՝ նռնակ, ինձ սպառնաց՝ ներս չգնաս, կխոսեն, դուրս կգան… Կնոջս լացն էի լսում ու աղաչանքը՝ Արամ, ախր մորդ տարիքին եմ…»:

Իրենց սև գործն անելով՝ Լյուբիկն ու Արամը սպառնացել էին այգեպանին՝ եթե բողոքի, տնակը՝ իրենց էլ հետը, կպայթեցնեն…

Հետո Հրանտին ու կնոջն առաջներն էին արել, տարել էին հարևանի տուն: Այնտեղ Արամը պահանջել էր, որ այգեպանի կինը լվանա իր ոտքերը… Տանտերերը նեղվել էին, վեճ էր սկսվել… Հեռանալիս Լյուբիկն ու Արամը այգեպանին սպառնացել էին՝ էգուց պատրաստություն կտեսնես, ղոնաղ ենք գալու…

Հուլիսի 24-ին Լյուբիկն ու Արամը Հրանտի այգում էին: Հայտարարել էին, որ քեֆ են անելու և գիշերը մնալու են այգում՝ գիշերն էլ Հրանտի կնոջ հետ են «քեֆ անելու»: Սկսել էին բռնել Հրանտի հավերը, որ մորթեն-ուտեն, «ուժ հավաքեն»…

Հավ բռնելու ընթացքում էլ Հրանտը «լուծել էր» նրանց հարցերը: Մի պահ էր եկել, երբ Արամը չոքած՝ փորձում էր բռնել հավը, իսկ Հրանտը կանգնած էր նրա կողքին, մոտը՝ աշխատանքային իր գործիք բահը…

Հրանտի ցուցմունքից. «Ինքս ինձ ասի՝ էկել, դեմդ չոքել ա, էլ ո՞ւմ ես սպասում: Բահի թարս մասով գլխին խփեցի, հետո էլի խփեցի…»:

Այդ ժամանակ Լյուբիկը տան հետնամսում էր հավ բռնում, նա այնտեղից ձայն էր տվել՝ բռնել եմ անտերին, կացինը բերեք… Հրանտը կացինը ձեռքին մոտեցել ու իր ամբողջ ցասումով կացնահարել էր Լյուբիկին, որի վերջին բառերն էին. «Ես չարի, դու արիր…»:

Հրանտը նստել էր արնաշաղախ դիակների մոտ ու վերջին չորս օրվա ընթացքում առաջին անգամ հանգիստ ծխել էր…

2001 թվականի դեկտեմբերի 20-ի դատական նիստին մեղադրող դատախազը վերաորակեց Հրանտին առաջադրված մեղադրանքը՝ նրան մեղադրանք առաջադրեց անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված սպանության համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 102 հոդվածով:

Մեղադրողի ճառը ավելի շատ հիշեցնում էր պաշտպանական ճառ…

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված սպանության համար մեղավոր ճանաչեց Հրանտ Ս.-ին, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառեց ու սահմանեց 3 տարի փորձաշրջան: Այգեպան Հրանտը դատարանի դահլիճում ազատ արձակվեց: