Գնացեք, մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, նույնն էլ բենզալցակայանին, ինչո՞ւ չեք տուգանում

- in Պաշտոնական

Ինձ ամեն օր ասում են, որ գազալցակայանները չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ բոլոր գազալցակայանների եւ բենզալցակայանների հետեւում կանգնած են կոնկրետ մարդիկ: Ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում՝ պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան: Ինչքա՞ն պիտի այդ հարցը մնա: Պաշտոնապես ասում եմ, որ չեն տալիս կտրոն, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը»,- ասաց վարչապետը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ասաց, որ արձանագրվում են խախտումներ, բայց ամեն վայրկյան հարկային մարմինը չի կարող հետեւել ամեն մի գործարքին:

Վարչապետի հարցին, թե նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող են տուգանել, սահմանափակում կա՞, Մանուկյանն ասաց, որ չկա:

«Գնացեք մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք: Նույնն էլ բենզալցակայանին, ինչո՞ւ չեք տուգանում: Արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանց»,- ասաց վարչապետը: