Դավիթ Անանյանը՝ գործարար Գագիկ Ծառուկյանի, հարկերի հավաքման, ճոպանուղու և Սպայկայի մասին

- in Տնտեսական

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքը Գագիկ Ծառուկյան անունով գործարար ճանաչո՞ւմ է:

Ակտիվ հարկ վճարողները, որոնք հարկային համակարգում ինչ-որ գործողություն են կատարում, դրանք շուրջ 85-90 հազար են: Եթե դուք կարծում եք, որ ես 85-90 հազարին բոլորին անգիր գիտեմ, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, բայց այդպիսի մեծ ակնկալիքներ մի ունեեք իմ հիշողության մասին:

Նրա խոսքով՝ խոշոր հարկ վճարողները 1400-1500-ն են, դարձյալ չի կարող նրանց անունները հիշել. Ամենօրյա վարչարարություն իրականացնելիս այդպիսի անուն-ազգանունով գործարար ինձ չեն ներկայացրել իմ ենթակաները: Ես անհատական շփումներ չունեմ պարոն Ծառուկյանի հետ: Ինչո՞ւ եք ուզում, որ հարկային վարչարարը քաղաքական հայտարարություն անի: Ես որևէ քաղաքական հայտարարություն անելու ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ գործառույթ,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նախկին իշխանությունների հովանավորչությամբ են որոշ ընկերություններ խուսափել հարկերի լիարժեք վճարումից.
Քննությունը կպարզի՝ դա նախկինների արածն է, թե չէ:

Ինչ վերաբերում է Սպայկա ընկերության գործին՝ Դավիթ Անանյանն ասաց, որ թաքցված հարկերի ծավալը կարող է մեծանալ: 2015 թվականի գործունեության ստուգման արդյունքում լրացուցիչ 7 մլրդ դրամ հարկային պարտավրություն է արձանագրվել: Ըստ Դավիթ Անանյանի՝ 2015-2018 թվականների ժամանակաշրջանի համար դեռ հաշվարկներ պետք է իրականացվեն:

Դավիթ Անանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ծաղկաձորի ճոպանուղու թաքցրած հարկերին. Ճոպանուղու վերաբերյալ որևէ կոմենտարիա չեմ անի, որովհետև այնտեղ քննչական գործողություններ են իրականացվում: Մենք կամաց-կամաց ստվերը կրճատելուն ուղղված մեր քայլերն ենք անում:

Դավիթ Անանյանն լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հայտարարությանը, որ 2018 թվականին 438 մլրդ դրամ հարկ պակաս է հավաքագրվել. Ես կառավարության նիստի տեսագրությունը նայել եմ: Կա երկու ցուցանիշ, կուզեմ, որ դուք իմանաք: Կա հարկային ծախս հասկացություն և կա հարկային պոտենցիալ: Հարկային ծախսը դա այն գումարն է, հանրագումարային այն մեծությունն է, որ հարկային օրենսդրությամբ տրված արտոնությունների պատճառով այդքան թերի են հավաքագրվում պետական բյուջեի եկամուտները: Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտն ունենալով արտոնություն՝ հարկեր չեն հավաքագրվում այդ ոլորտից: Կարծում եմ, որ պարոն Ջանուղազյանը… Դուք կարող եք պետական բյուջեի ուղերձ-բացատրագրում նայել, տեսնել, որ հարկային ծախսը գնահատվում է 442 մլրդ դրամ: Հավանաբար խոսքը դրա մասին է եղել, պարոն Ջանջուղազյանը հարկային պոտենցիալ, հարկային ծախս հասկացությունը շփոթել է: