Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն կասեցվի. Վարչապետի խոսնակ

- in Պաշտոնական

ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում քննության ընթացքում ժամանակավորապես կասեցնել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Այս մասին ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այս տեղեկությունը չի հերքել ոչ ԱԱԾ-ն, ոչ գլխավոր դատախազությունը եւ ոչ էլ ինքը՝ Դավիթ Սանասարյանը։
«Փաստինֆո»-ն ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարից հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը չի պատրաստվում նախաքննության փուլում կասեցնել Դ.Սանասարյանի լիազորությունները՝ աշխատակիցների վրա հնարավոր ներգործությունը բացառելու, գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։

«Եթե վարչապետը նման կարծիք ունենար՝ կհայտներ այդ մասին»,- ի պատասխան ասաց Կարապետյանը:

Նշենք, որ քննիչների, ոստիկանների, դատախազների  լիազորություններն անմիջապես կասեցվում են՝ քրեական գործով ներգրավվելու դեպքում, իսկ պաշտոնյաներին առնչվող գործերով  դատարանները որպես խափանման միջոց կալանավորումն են ընտրել՝ մատնանշելով, որ լինելով պաշտոնատար անձ կարող են խոչընդոտել, ազդել վկաների վրա։ Ավելին, կաշառք ստանալու մեջ մեղադրվող առողջապահության փոխնախարարին վարչապետն անմիջապես ազատեց աշխատանքից, իսկ թե ինչով է պայմանավորված վարչապետի՝ ՊՎԾ պետի լիազորությունները ժամանակավորապես չդադարեցնելու որոշումը՝ խոսնակը չմանրամասնեց:

Հակառակ վարչապետի խոսնակի տեղեկատվության՝ այսօր մամուլում լուրեր են տարածվել, որ իշխանական շրջանակներում Դավիթ Սանասարյանի փոխարեն այս պահին դիտարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ իրավապահներն իր նկատմամբ որոշակի գործողություններ են իրականացնում: Նա նաև ակնարկեց, որ իր դեմ որոշ ուժեր են աշխատում:

Հարցին, թե ճի՞շտ է, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել և ինքը ներգրավվել է որպես կասկածյալ, Սանասարյանը պատասխանեց. Կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾ-ին: Այո, ես հարցաքննվել եմ, ասել եմ՝ ինչ ինձ հայտնի է:

Նա ասաց, որ չի կարող ասել՝ իր կալանավորված աշխատակիցն իր դեմ ցուցմունք տվել է, թե ոչ, քանի որ դա նախաքննության գաղտնիք է. Բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ որևէ մեկը, որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ես ինքս սկզբունքորեն չեմ կապվում դրա հետ, մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ, ինչպես ասել եմ, մի անգամ էլ հատկապես հեգնողներին ասեմ՝ գերեզմանում էլ լինեմ, իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ:

Հարցին, թե ո՞ւմ է ինքը խանգարում, նա պատասխանեց. Ես չեմ կարող ասել, թե ում եմ խանգարում, բայց հասկանում եմ տարբեր շրջանակների կողմից արծարծվող թեմաներից: Այսինքն՝ փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որից էմոցիոնալ շարժվելով՝ ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ: Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ երկրի վարչապետին, դրա համար եմ ես այստեղ: Ես վստահ եմ, որ չի կարող այնպիսի բան լինել, որ երկրի վարչապետը կոնկրետ իմ նկատմամբ քաղաքական հետապնդման ինչ-որ պատվեր է տվել: Ես այս պահին նման բան բացառում եմ: Թե որ մարմիններն ինչ կուզենան առհասարակ, ես ձեզ հավատացնում եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունն ունի նման ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարա տրորի՝ իհարկե, օրենքի շրջանակներում: Եվ այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային մարդ լինի, մաքուր մարդ լինի, երբևիցե որևիցե գործարնքների մեջ չմտած մարդ լինի: Բայց դա իրենց գործն է, ես չեմ ուզում իմ կասկածների մասին հնչեցնել: Երբ որ կտեսնեմ, որ սա համակարգային բնույթ ունի, ես դրան ակնհայտ կպատասխանեմ:

Դավիթ Սանասարյանը նաև հավելեց, որ խոսել է վարչապետի հետ, Նիկոլ Փաշինյանը չի խառնվում նախաքննությանը, հետևում է իրադարձություններին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...