Երեւանի նախկին փոխքաղաքապետի 21-ամյա որդին վթարի է ենթարկվել

- in Սոցիալական
vtar

Երեւանում ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Ռոլանդ Օհանյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 60 DO 060 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիա փողոց տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին, այնուհետեւ՝ քարե ցանկապատին, առաջ ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանն ու կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Կայքը հայտնում է նաեւ, որ մինչ դեպքի վայր կժամանեին Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ավտոմեքենայի վրայից համարանիշները հանել էին, եւ ճանապարհային ոստիկանների միջամտության արդյունքում համարանիշները հայտնաբերվեցին։ Վարորդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երեւանի քաղաքապետի նախկին տեղակալ Դավիթ Օհանյանի որդին է։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...