Երևանի Պարարվեստի 95-ամյա պետական քոլեջի ձեռքբերումները – Լուսանկարներ

1924 թվականին հիմնադրված այս կրթօջախը սկզբնական շրջանում գործել է  որպես ստուդիա, 1930 թ.՝ պարարվեստի ուսումնարան, իսկ 2006 թ. որպես քոլեջ:

Քոլեջում գործող երեք բաժիններում՝ «Դասական պար», «Հայկական ժողովրդական պար» և «Պարի ուսուցում»,  պատրաստում են պրոֆեսիոնալ կատարողներ:

Հինգ տարի առաջ քոլեջի տնօրեն է ընտրվել, այս ուս. հաստատությունում  20 տարուց ավելի ուսմասվարի պարտականությունները կատարող՝ Հասմիկ Մարկոսյանը:

Ծնվել է արվեստագետի ընտանիքում, հայրը օպերային երգիչ է եղել՝ «Արվեստ» անսագրի երաժշտության բաժնի խմբագիր, մայրը՝ բալետի պարուհի, բալետային խմբի վարիչ: Երկու տարի բժշկական համալսարանում սովորելուց  հետո Մարկոսյանը որոշել է ուսումը շարունակել  Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, նորաբաց պարարվեստի բաժնի առաջին շրջանավարտներից է:

Շուրջ 40 տարի առաջ անցել է աշխատանքի Պարարվեստի ուսումնարանում: Երկար տարիներ դասավանդել է  «Բալետի պատմություն» առարկան: 

ՀՀ վաստակավոր մանկավարժ է, Փաստավավերագրական միջազգային Ակադեմիայի պատվավոր դոկտոր, բալետի պատմության հինգ գրքերի հեղինակ:

– Տիկին Մարկոսյան, քոլեջի շրջանավարտներից շատերը, այսօր աշխարհի բազմաթիվ երկրների բեմահարթակներում են հանդես գալիս, մի փոքր պատմեք այդ մասին:

– Հիմնականում խոսքը տղաների մասին է, որովհետև միջազգային բալետային թատրոնում տղաների մեծ պահանջ և պակաս է զգացվում: Ցանկացած լավ պարող իր տեղը անպայման գտնում է: 90-ականների վերջին մեր շատ տղաներ մեկնեցին Եվրոպա, առաջնային դերեր կատարեցին և Եվրոպայի և ԱՄՆ-ի խմբերում: Միջազգային մրցույթների դափնեկիրներ դարձան: Մինչև հիմա էլ, եթե հնարավորություն է լինում մեկնելու՝ իրենք պահանջարկ ունեն: Վերջին տարիներին մենք փորձում ենք ավելի շատ մասնակցել միջազգային մրցույթներին: Անցած տարի մեր ավարտական կուրսից 4 հոգի մեկնեցին Տալլին՝ միջազգային մրցույթին մասնակցելու, որոնցից մեկը՝ Ռաֆի Գալստյանը դափնեկիր դարձավ: Ավարտեց և այս մեկ տարվա ընթացքում պարել է բազմաթիվ առաջնակարգ դերեր Օպերային թատրոնում: Շատ արժանի շրջանավարտ է:

Մեկ շաբաթ առաջ մեր դպրոցի 23 սաներ մեկնեցին Թբիլիսի՝ մասնակցելով Վախթանգ Ճաբուկիանիի անվան միջազգային մրցույթ – փառատոնին: «Դասական պար» անվանակարգում երկու տարիքային խմբերում՝ կրտսեր և միջին, բոլոր մրցանակները շահեցին մեր սաները: Խոսքը բալետի մասին է, միջազգային մրցույթները անցկացվում են հենց բալետի գծով, իսկ ժողովրդական պարային անսամբլների համար փառատոններ են կազմակերպվում:

Այս տարի Երևանում պետք է անցկացվի «Գլոբալ ֆեսթ» փառատոնը, որին կարող են մասնակցել նաև մեր ժողովրդական պարի բաժնի ուսանողները:

Ապրիլի 29-ին, պարի միջազգային օրն է, մեր սաները Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի հետ համատեղ համերգ են ունենալու, մեր համար մեծ պատիվ էր, պարոն Մեհրաբյանի կողմից այդպիսի առաջարկ ստանալը:

– Քոլեջում այսօր դասավանդում են վաստակավոր, վաստակաշատ դասախոսներ և մանկավարժներ, ովքե՞ր են:

– Էնպես է ստացվել, որ քոլեջում աշխատում են հանրապետության այս բնագավառի գրեթե բոլոր լավագույն մասնագետները: Այս պահին իմ խորհրդականը դասական պարի գծով՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանն է: Ժողովրդական պարի գծով խորհրդականս՝ ՀՀ ժող արտիստ Նորայր Մեհրաբյանն է, գեղ. ղեկավարը՝ Հայաստանի ժող. արտիստ՝ Հովհաննես Դիվանյանը: Դասական պար դասավանդում են մեր  երկար տարիների պրիմա – բալերինա, ժող. արտիստուհի Էլվիրա Մնացականյանը, վաստակավոր արտիստուհի Աննա Մարիկյանը, ժող. պարի բաժնի վարիչը՝ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանն է՝ նաև երգի պարի անսամբլի գլխավոր բալետմեստրն է:

– Շրջանավարտներին հնարավորություն ունե՞ք աշխատանքով ապահովելու, կարիերայի կենտրոն գործու՞մ է:

– Մեր մանկավարժության – հոգեբանության մասնագետն է հասարակական հիմունքներով զբաղվում այդ հարցով, մենք նման հաստիք չունենք,  չեն հատկացրել: Մեր հաստիքները շատ սահմանափակ են, կոնկրետ ինչ որ աշխատանքի համար, մտածում ենք այդ հաստիքները արտաբյուջեից ստեղծել, սակայն մեր վճարովի ուսուցումը խիստ պակասել է: Նախկինում ժող. պարի բաժնում ունեինք պետ. պատլերով տեղեր և վճարովի տեղեր: 2016 թվականից «Հայկական ժողովրդական պար» բաժնում ուսուցումը կատարվում է միայն պետական պատվերով:

Մեր լավագույն շրջանավարտները հրավիրվում են աշխատանքի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և պետական պարային համույթներ՝ «Բարեկամություն» պարարվեստի համույթ, երգի – պարի համույթ և Պարի անսամբլ: Ավարտական կուրսում շրջանավարտները պրակտիկա են անցնում այդ կոլեկտիվներում և հետագայում լավագույններին հրավիրում են աշխատանքի:

– Քոլեջը սերտ կապեր ուներ արտասահմանյան երկրների հետ, այդ համագործակցությունը պահպանվու՞մ է:

– Ափսոս, որ քիչ է պահպանվել: Վերջին երկու տարիների ընթացքում ՌԴ-ից՝ Վագանովայի ակադեմիայից մասնագետներ են եկել, վարպետաց դասեր անցկացրել, դա մեզ համար անհրաժեշտ է: Եթե հնարավորություն լիներ, մենք էլ մեր մասնագետներին կուղարկեինք կատարելագործման: Այդ կապը պետք է պահպանել, հակառակ դեպքում «կղզիանում» ենք:

– Այս տարի քոլեջի հիմնադրման 95 ամյակն է, ի՞նչ միջոցառումներ եք պատրաստվում կազմակերպել այդ կապակցությամբ:

–  Մեր անվանի շրջանավարտ Արսեն Մեհրաբյանի հետ՝ ով բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, երկար տարիներ Եվրոպայում է աշխատել, այժմ էլ Շվեդիայի Թագավորական  բալետի մենակատարն է,  պայմանավորվել ենք  բեմադրել նոր բալետ՝ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» Մոցարտի երաժշտությամբ, հուսով ենք, որ դա պետք է լինի շատ հետաքրքիր: Եթե դա մեզ հաջողվի, կարծում եմ պատվով կարելի է նշել քոլեջի 95 ամյակը:

Ես կցանկանայի ավելացնել, որ այս տարի մեզ մոտ այցի Էր եկել ՀՀ նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը: Մենք իր այցի հետ կապված ցուցադրեցինք համարներ, նոր տարվա նախօրեին զանգահարեցին Նախագահի աշխատակազմից  և առաջարկեցին աջակցել քոլեջի աշխատանքներին: Մենք խնդրեցինք, որպեսզի երկու պարասրահներում մասնագիտական ծածկը հնարավորության դեպքում փոխարինվի լինոլեումով: Արդեն երկու պարասրահներում էլ հատակը նորացվել է, որի համար շատ ուրախ ենք և շնորհակալ:

                                                                  ՄԱՆՎԵԼ  ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...