Երևանում 21-ամյա ուսանողը «07»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային. վերջինս կոմայի մեջ է

- in Իրավունք
vtar

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ շարունակվեց Գրիգոր Հ.-ի գործի դատական քննությունը:

1996 թվականին ծնված Գրիգոր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 15-ն անց 45-ի սահմաններում Գրիգոր Հ.-ն իր անձնական օգտագործման «ՎԱԶ-21074» մեքենայով երթևեկել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցով՝ Ռիգայի փողոցի կողմից դեպ Փափազյան փողոց: Նա մեքենան վարել է մայթեզրից մոտ 2 մետր հեռավորությամբ, շուրջ 40 կմ/ժ արագությամբ:

Չհասած Ա. Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկ, տեսնելով, որ իր ընթացքի ուղղությամբ խցանում է, մեքենաները շարված են իրար հետևից, Գրիգոր Հ.-ն իր վարած մեքենան մասամբ դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, իր գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում մեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել խցանման մեջ իրար հետևից կանգնած մեքենաների միջև եղած տարածությունից վազքով փողոցը հատող անչափահաս՝ 2008 թվականին ծնված Արեն Ա.-ին՝ անզգուշությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Երեխան անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ենթարկվել է մի քանի վիրահատության՝ գանգոսկրի ու գլխուղեղի ծանր վնասվածքների պատճառով, բայց կոմայից դուրս չի եկել:

Երեխայի ներկա վիճակի մասին դատարանի հարցին ի պատասխան՝ մեղադրող դատախազ Ա. Գևորգյանը հայտնեց, թե երեխային նաև Հունաստան են տարել, բայց առայժմ բուժումները չեն նպաստել, որ նա կոմայից դուրս գա, գիտակցությունը վերականգնվի…

Դատական այս նիստին տուժողի օրինական ներկայացուցիչը՝ նրա հայրը, բացակա էր: Նիստը, կողմերի համաձայնությամբ, շարունակվեց նրա բացակայությամբ:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում էր:

Հրապարակվեցին մեկ հատորից բաղկացած քրեական գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները:

Հրապարակվեց պատահարի վայրի զննության արձանագրությունը: Եղանակը վրաերթի պահին եղել է չոր ու պարզ: Վրաերթ կատարած մեքենայի արգելակման հետքեր չեն հայտնաբերվել: Պատահարի վայրում տեսանկարահանող սարքեր չեն եղել:

Պատահարի արդյունքում վնասվել են «07»-ի առջևի աջ դուռը, շարժիչի ծածկոցը, աջ լուսարձակը:

Կատարվել է այդ մեքենայի վարորդ Գրիգոր Հ.-ի սթափության ստուգում՝ նա սթափ է եղել:

Գրիգոր Հ.-ի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:

Հրապարակվեցին Գրիգոր Հ.-ի բնութագրերը՝ բնակության վայրից, ուսումնական հաստատությունից, ծառայության վայրից:

Գրիգոր Հ.-ն ծառայել է բանակում, մասնակցել է Ապրիլյան քառօրյայի մարտական գործողություններին: Եղել է սերժանտ: Ըստ ծառայողական բնութագրի՝ նա զուսպ է, հարմարվող, լավ ծառայող: Հրապարակվեց ՊԲ զորամասի հրամանատարի կողմից տրված շնորհակալագիրը՝ Գրիգոր Հ.-ի ծնողներին, որտեղ գրված էր՝ «Երիցս շնորհակալ ենք…»:

Գրիգոր Հ.-ն երևանյան բուհերից մեկում է սովորում, բնութագրվել է որպես «պրպտող ուսանող»:

Բնակության վայրից տրված բնութագրում Գրիգոր Հ.-ն ներկայացվել էր որպես «աշխատասեր, պարկեշտ, համեստ, հոգատար, ազնվաբարո…» երիտասարդ, բնութագրում գրված էր, որ Գրիգորը «ազնվաբարո հայ տղամարդու չափանիշ է… Մեծի հետ մեծ է, փոքրի հետ՝ փոքր…»:

Հրապարակվեց դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Գրիգոր Հ.-ի մեքենան տեխնիկապես եղելէ սարքին վիճակում՝ արգելակները, ղեկային համակարգը աշխատունակ են եղել:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ դեպքի պահին Գրիգոր Հ.-ն չի ունեցել վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն, սակայն այդ իրավիճակում հայտնվել է իր սխալ գործողությունների արդյունքում՝ նա խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները՝ տեսնելով, որ իր ուղեմասը խցանված է, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս ու թույլ է տվել երեխայի կյանքը վտանգի ենթարկած վրաերթը…

Ըստ բժշկական փաստաթղթերի՝ տուժող երեխան ստացել է գանգի թաղի ու հիմի կոտրվածքներ, գլխուղեղի ծանր վնասվածքներ, ասպիրացիոն թոքաբորբ, աջ ցայլոսկրի կոտրվածք, առաջացել են գլխուղեղի կոնտուզիոն օջախներ… Երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվել է երկրորդ աստիճանի կոմայի մեջ, որից մինչ օրս դուրս չի եկել… Կատարվել են գլխի վիրահատություններ, գանգի տրեպանացիա… Առաջացել է գանգի հետվիրահատական դեֆորմացիա… Բուժում է կատարվել գլխուղեղի այտուցի դեմ… Վիճակը կայունացել է, բայց գիտակցությունը բացակայում է, խոսակցական կոնտակտը բացակայում է, երեխան «վեգետացիոն վիճակում է»…

Երեխային հաշմանդամության կարգ է տրվել… մինչև 2020 թվականը…

Տուժողի օրինական ներկայացուցիչն անհամաձայնություն է հայտնել դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության այն մտքի հետ, թե Գրիգոր Հ.-ն վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել: Տուժած երեխայի հայրը գրել է. «Ստացվում է՝ խախտել է երթևեկության կանոնները, բայց վրաերթի համար մեղավոր չէ՞»: Տուժողի օրինական ներկայացուցիչը միջնորդել է նշանակել լրացուցիչ հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննություն, բայց միջնորդությունը մերժվել է:

Փորձագետները այս գործով եզրակացրել են՝ պատահարի ու վարորդի գործողությունների պատճառահետևանքային կապին պետք է տրվի իրավական գնահատական…

Այս գործով մեղադրական եզրակացությունը առաջին անգամ դատախազ Մարգարյանի կողմից չի հաստատվել, գործը վերադարձվել է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար: Լրացուցիչ քննությունը կատարվել է, երկրորդ անգամ արդեն մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան…

Դատական հաջորդ նիստին՝ ապրիլի 25-ին, դատարան կհրավիրվեն ու կհարցաքննվեն դատակոչված երեք վկաները, ինչպես նաև տուժողի օրինական ներկայացուցիչը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...