Զելենսկին ավելի քան կրկնակի գերազանցում է Պորոշենկոյին ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին. հարցում

- in Ընտրություններ

Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին ընտրողների վարկանիշում պետության գործող ղեկավար, նախագահի պաշտոնի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին ավելի քան կրկնակի գերազանցում Է ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը տեղի Է ունենալու ապրիլի 21-ին:

Ուկրաինայի Ալեքսանդր Ռազումկովի անվան տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման այս ոչ պաշտոնական տվյալներն ապրիլի 11-ին հրապարակել են ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ հետազոտության տվյալների, երկրորդ փուլում Զելենսկու օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 49,3 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 20,6 տոկոսը: Նախապատվությունների վերաբերյալ հարցին հրաժարվել Է պատասխանել հարցվածների 9,7 տոկոսը, ընտրության հարցում չի կողմնորոշվել 20,4 տոկոսը: Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, որը կայացել Է մարտի 31-ին, Զելենսկուն աջակցել Է ընտրողների 30,24 տոկոսը, Պորոշենկոյին՝ 15,95 տոկոսը:

Հարցումն անցկացվել Է ապրիլի 5-ից մինչեւ 9-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...