Գյումրու թիվ 37 դպրոցում խառնաշփոթ է. տնօրեն Աստղիկ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել – Լուսանկարներ

- in Կրթություն
Dproc

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս պահին դպրոցում խառնաշփոթ է:

Աշակերտները տնօրենի հրաժարականը դիմավորել են բոյկոտով:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ:

Գյումրի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ, աշխատելով «Գյումրու թիվ 37 դպրոց» ՊՈԱԿ-ում որպես համակարգչային օպերատոր, 2018թ. հունվարից մարտ ամիսներին, իր հաստիքը չկրճատելու և աշխատանքից չհեռացնելու դիմաց, դպրոցի տնօրենին, վերջինիս պահանջով, տվել է իր ամսական աշխատավարձի կեսը։ Իսկ 2017թ. նոյեմբերից 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, նույն նպատակով և կրկին տնօրենի պահանջով, նրան է տվել որպես փոխարինող իրեն հատկացված, սակայն չպարապած, ինֆորմատիկայի դասաժամերի համար հասանելիք գումարները, ինչպես նաև իր հիմնական աշխատավարձի մի մասը և 2017-2018թթ ուսումնական տարվա ինֆորմատիկա առարկայի համար հասանելիք արձակուրդային վճարը։

Հաղորդման առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ որպես կաշառք գումարը դպրոցի տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների որոշումներով երկու դեպքի առթիվ էլ հարուցվել են քրեական գործեր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծելու ենթադրյալ հանցավոր արարքների փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Աստղիկ Ավետիսյանը Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի պաշտոնում վերընտրվել էր  2018 թվականի հոկտեմբերի 5-ին:

Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Գյումրու համար 37 դպրոցում դասապրոցեսը վերսկսվել է:

«Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի իրավիճակը կրթության եւ գիտության նախարարության ուշադրության կենտրոնում է եւ ամբողջությամբ վերահսկելի է։ Ուսումնական պրոցեսը կեսօրին արդեն վերականգնվել է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել Գյումրու թիվ 37 դպրոցում առերեւույթ կաշառք տալու, կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության փաստերի առթիվ: Դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...