Ժամկետանց ռեժիմների անկումը. Երկու ուշագրավ միտում

- in Միջազգային
Putin Vladimir

Սուդանի բանակը որոշել է պաշտոնից հեռացնել երկիրը 30 տարի ղեկավարող նախագահ Օմար ալ-Բաշիրին և ցրել կառավարությունը:

Մարտի վերջերին Ալժիրի բանակը իշխանությունից հեռացրեց երկիրը 20 տարի կառավարած նախագահ Բուտեֆլիկային:

Մարտին նախագահի պաշտոնը թողեց Ղազախստանը գրեթե 30 տարի կառավարած Նազարբաեւը:

Հայաստանում 2018-ին իշխանությունից հեռացվեց երկու տասնամյակ իշխած քրեա-օլիգարխիայի վարչակարգը, ժողովրդական խաղաղ անհնազանդության միջոցով:

Արաբական գարունից ու գունավոր հեղափոխություններից հետո աշխարհում սկսվել է մի նոր գործընթաց, որը կարծես թե երկու ուղղությամբ է զարգանում: Առաջինը ժամկետանց ղեկավարների ու իշխող ռեժիմների հեռացումն է, որոնք խնդիր են արդեն ոչ միայն սեփական հանրությունների, այլեւ աշխարհի համար:

Երկրորդ ուղղությունն առավել հետաքրքիր է՝ դա ավանդական քաղաքական համակարգերի մերժումն է արդեն ժողովրդավարական երկրներում: Հանրությունները ձանձրացել են այդ համակարգերից, ինչը դրսեւորվում է ընտրությունների ժամանակ: ԱՄՆ-ում իշխանության եկավ Դոնալդ Թրամփը, ով հանրապետականներին հարելով հանդերձ, ըստ էության «արտահամակարգային» գործիչ է: Իտալիայում իշխանության եկավ կատակերգուն, Ուկրաինայում նախագահի ընտրության երկրորդ փուլից առաջ անվիճելի առաջատարը Զելինսկին է, ով նույնպես կատակերգու է եւ երբեւէ չի եղել քաղաքականության մեջ:

Միեւնույն ժամանակ, իշխանության են գալիս նոր սերնդի քաղաքական գործիչներ, որոնք իրենց ոճով ու մոտեցումներով նույնպես մերժում են ավանդական դրվածքները: Նման գործիչներ են օրինակ Մակրոնը, Նիկոլ Փաշինյանը, Թրյուդոն:

Կարելի է ասել, որ նոր աշխարհակարգի կերտմանը զուգահեռ, տեղի է ունենում իշխանության «վերաֆորմատավորում», ընդ որում՝ նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում, ինչը վկայում է հանրային համակեցության ու հարաբերությունների որոշակի ճգնաժամի մասին:

Սա պատմության ընթացքն է, որն անհնար է կանգնեցնել: