Ինչի հաշվին է ավելացել ՀԴՄ կտրոնների թիվը

- in Սոցիալական

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ այն հարցին, թե ինչի հաշվին է ավելացել ՀԴՄ կտրոնների թիվը:

2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թիվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է: Անանյանն ասաց, որ մամուլում լուրեր են պտտվում, որ 2019 թվականի հունվարի մեկից պարտադիր է դարձել ՀԴՄ կիրառումը նաև մինչև 58 մլն շրջանառություն ունեցող հարկ վճարողների համար: Հետևաբար, կան խոսակցություններ, որ ավել տպված ՀԴՄ-ները կարող են ուղղակի ավելացված ՀԴՄ-ների արդյունք լինել:

«Թեև այդ փաստարկի մեջ կա որոշակի տրամաբանություն, բայց կուզեմ, որ մենք մի քիչ ավելի ազնիվ լինենք և ասենք, որ այս պահի դրությամբ 12 հազար ՀԴՄ հայտ է բավարարվել, որից շուրջ 3000-ը նույնիսկ մեր հարկ վճարողները չեն գալիս ստանալու հարկային մարմնից, որովհետև մենք հայատարել ենք, որ այն տնտեսվարողները, ովքեր հայտ ներկայացրած կլինեն նոր սերնդի ՀԴՄ ստանալու համար, սակայն դեռևս չեն ստացել, մենք ձեռնպահ կմնանք այնտեղ կոշտ վարչարարություն իրականացնելուց:

Հիմա մեր հարկ վճարողների մի շարք, մոտ 3000 տնտեսվարող, ունենալով հին սերնդի ՀԴՄ, հայտը ներկայացրել է, նրանց հայտը բավարարվել է, բայց նոր սերնդի ՀԴՄ նրանք չեն ստացել: Հետևաբար, մենք երևի հանդես կգանք մեկ այլ հայտարարությամբ, որ այն տնտեսվարողները, ովքեր հայտ են ներկայացրել, սակայն դեռևս իրենց հայտը բավարարված չէ, նրանց մոտ մենք խիստ վարչարարություն չենք կիրառի; Բայց այն հարկ վճարողները, որոնց հայտերը բավարարված են, մենք հորդորում ենք, որպեսզի գան ու այդ ՀԴՄ-ները ստանան»,- ասաց Անանյանը:

Նա հավելեց. «Այո, 2019 թվականի հունվարի մեկից պարտադիր է դարձել նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը փոքր հարկ վճարողների մոտ: Բայց կարծում եմ, որ դուք էլ կհամաձայնեք, որ մինչև 58 մլն դրամ հարկ վճարողները չէին կարող իրենց գործունեությամբ ապահովել միլիոնավոր ՀԴՄ-ների ավելի տպում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...