21-րդ դարում ժողովրդավարական պետությունների բնականոն զարգացման գործընթացում թերևս ընդդիմության դերը դժվար է թերագնահատել։

Ուժեղ, կայացած և պրոֆեսիոնալ ընդդիմությունն է, որ իր նպատակասլաց գործունեությամբ պետք է մշտապես զգոն պահի օրվա իշխանություններին, ստիպի նրանց զերծ մնալ իշխանությունը չարաշահելուց և իր ստվերով հարկադրի իշխանություններին ցանկացած քայլ կատարելիս «յոթ չափել, մեկ կտրել»։

Տեղին է ասված, որ հանձին ամուր և կայացած ընդդիմության՝ պետք է տեսնել վաղվա իշխանություններին։ Հետևաբար՝ ցանկացած ժողովրդավարական պետության զարգացման տեսանկյունից խիստ կարևոր է ունենալ ոչ միայն արհեստավարժ, պետականակենտրոն և ուժեղ իշխանություններ, այլև նույնպիսի ընդդիմություն։ Ավելին՝ յուրաքանչյուր իշխանություն, եթե իրապես արհեստավարժ ու պետականակենտրոն է, ինքը պետք է շահագրգռված լինի ուժեղ ընդդիմության գոյությամբ, քանի որ վերջինիս բացակայության պայմաններում գրեթե անխուսափելի է դառնում հենց իր լճացումը, որի արդյունքում միակ տուժողը, բնականաբար, պետականությունն է։
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ իրավիճակում է գտնվում ընդդիմության դաշտը մեր հանրապետությունում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներից հետո։

Որպես փաստ կարող ենք արձանագրել, որ տվյալ պահին ընդդիմության ինստիտուտը կամ բացակայում է, կամ առնվազն տարտամ, լղոզված վիճակում է։ Կարծում ենք՝ այդ ամենի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է մի հետադարձ հայացք ձգել մինչև 2018 թվականի մայիս ամիսը գոյություն ունեցող ընդդիմության և, ընդհանրապես, հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա։

Նախորդ իշխանությունները՝ հանձին իրենց պարագլուխ Սերժ Սարգսյանի,  ամբողջությամբ սպառել էին իրենց իշխանության վերարտադրման համոզումի մեխանիզմները՝ այդպիսով ապավինելով միայն ու միայն հարկադրանքի գործիքակազմերին։ Ըստ իտալացի տեսաբան Անտոնիո Գրամշիի առաջ քաշած հեգեմոնիայի տեսության՝ յուրաքանչյուր իշխանություն հենվում է համոզումի և հարկադրանքի վրա։ Եվ, փաստորեն, կախված այն հանգամանքից, թե դրանցից որն է գերակշռում, կարող ենք ուրվագծել տվյալ իշխանությունների լեգիտիմության տիրույթը կամ փաստել դրա իսպառ բացակայությունը։ Իբրև արդյունք՝ կարող ենք արձանագրել, որ նախորդ իշխանությունները լեգիտիմության առումով, մեղմ ասած, մեծ խնդիրներ ունեին․ հանգամանք, որն անհարիր էր մի երկրի համար, որը, գոնե պաշտոնական մակարդակով, հայտ էր ներկայացրել անդամագրվելու եվրոպական քաղաքակրթական ընտանիքին։

Եվ ահա նման բարդ իրավիճակում գտնվող Սերժ Սարգսյանին, ով իր իշխանության վերարտադրության հիմնական միջոցը տեսնում էր հարկադրանքի կիրառման և ընտրությունները կեղծելու մեջ, մնում էր միայն մեկ տարբերակ՝ գոնե ստեղծել դեմոկրատական կառավարման շղարշ և փորձել այն հրամցնել միջազգային հանրությանն ու կառույցներին (բոլորովին այլ հարց է, թե վերջիններս արդյո՞ք խայծը կուլ կտային, և եթե՝ այո, ապա ինչի դիմաց)։ Իսկ ո՞վ կարող էր օգնել այդ գործը գլուխ բերելու, եթե ոչ «սպասարկու ընդդիմությունը»։ Ասվածից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր այնպիսի ընդդիմություն, որն իր իշխանությանը կապահովեր դեմոկրատական քողով, բայց, միևնույն ժամանակ, իրենից լուրջ վտանգ չէր ներկայացնի և կգտնվեր վերահսկողության տակ։ Նման ընդդիմությանը մեր օրերում այլ կերպ անվանում են «գրպանային ընդդիմություն»։

Դա էր պատճառը, որ Սարգսյանն իրական ընդդիմության ոչնչացման գործընթացին զուգահեռ՝ սկսեց ճանապարհ հարթել իր «գրպանային ընդդիմության» համար։ Հանուն արդարության պետք է «արժանին» մատուցել վերջինիս, քանի որ իր առջև դրված խնդիրը նա լուծեց հավուր պատշաճի. ողջ իշխանական ռեսուրսները՝ ամենատարբեր գործիքակազմերով հանդերձ, ուղղվեցին այն ուժերի ոչնչացմանը, որոնք գոնե հայտ էին ներկայացնում իրական ընդդիմություն դառնալու։ Եվ, ինչպես արդեն ասվեց, այս ամենի խորապատկերին անհրաժեշտ ամեն ինչ արվում էր «գրպանային ընդդիմությանն» առաջին պլան բերելու ուղղությամբ՝  ընդհուպ մինչև նրանց համար տեղեր ապահովելով  գործադիր, օրենսդիր և իշխանության այլ  մարմիններում։ Ասվածի մասին անուղղակի հայտնեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ նշելով, որ նախորդ իշխանությունների ժամանակ ընդդիմությունը երբեք ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք և հնարավորություն չի ունեցել։ Ուշագրավ է նաև 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո ներկայիս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի արտահայտած միտքը, թե մշտապես իրենց կողմից ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը վերոհիշյալ ընտրություններում իրապես հաղթել է։ Սիմոնյանն այս անգամ ամբողջ մեղքը բարդեց ՀՀ քաղաքացիների վրա՝ նրանց անվանելով ծախված, վաճառված և կաշառակեր։ Հետաքրքիր է, որ ընդամենը մեկ տարի հետո նույն Սիմոնյանն ու նրա թիմակիցները այդ «վաճառված, ծախված և կաշառակեր» քաղաքացիներին սկսեցին անվանել հպարտ քաղաքացիներ՝ օդում կախված թողնելով հետևյալ հարցադրումը՝ մեկ տարվա ընթացքում այդ ի՞նչ էր տեղի ունեցել, ի՞նչն էր փոխվել, որ մի ամբողջ ժողովուրդ կաշառակերի հոգեբանությունից սահուն անցում կատարեց հպարտ ու ազատատենչ քաղաքացու հոգեվիճակին։

Արդյունքում Սերժ Սարգսյանի իշխանության վերջին շրջանում արդեն հանրության աշխարհընկալման մեջ «ընդդիմություն» ասվածը դիտարկվում էր իբրև անկարող, անընդունակ և իշխանություններին սպասարկող սուբյեկտ։ Հանրությունը կորցրել էր հավատը, որ քաղաքական դաշտում հայտնի ինչ-որ ուժ կարող է «գահընկեց անել» Սերժ Սարգսյանին։ «Գրպանային ընդդիմությունը»՝ շատ լավ հասկանալով ստեղծված իրավիճակը, հանրության համակրանքը փոքր-ինչ շահելու համար, սկսում է կիրառել հետևյալ պարզունակ մեթոդը. կատարել մերկապարանոց, ամբոխահաճո հայտարարություններ, տալ ականջ շոյող այնպիսի խոստումներ, որոնք, ինչպես պետք է ցույց տար ժամանակը, զուրկ էին իրականություն դառնալու որևէ նշույլից։ Գործնականում, սակայն, «գրպանային ընդդիմությունը» որևէ իրական քայլ չէր կատարում և չէր էլ կարող կատարել, որովհետև, նախևառաջ, «ստեղծված չէր դրա համար», և երկրորդ՝ զուրկ էր մտավոր և կամային ներուժից, ինչը հետագայում (մեր օրերում) ակներև էր դառնալու։

Որպես արդյունք այս ամենի՝ հանրային ընկալման մեջ ընդդիմության ինստիտուտն արժեզրկվում և իմաստազրկվում է, որի հետ հասարակությունը սկսում է այլևս որևէ հույս չկապել։ Համաշխարհային պատմագիտական փորձը գալիս է մեզ ապացուցելու, որ ստեղծված իրավիճակում, երբ իշխանությունն անընդունակ է կամ պարզապես չի ցանկանում երկիրը դուրս բերել ճգնաժամից, իսկ ընդդիմությունը կամ իսպառ բացակայում է, կամ վերածվել է խամաճիկի, հասարակության մեջ ի հայտ են գալիս ապատիայի, հուսալքության նշույլներ (ասվածի վառ օրինակ է գերմանական իրականությունը Առաջին աշխարհամարտից հետո)։ Հետևանքը լինում է այն, որ հասարակությունը ստեղծված իրավիճակից ելքը սկսում է տեսնել կամ զենքի միջոցով (վառ օրինակներ՝ Սասնա ծռերը և Նորքի խումբը), կամ սպասելով «գերմարդու» հայտնվելուն։ Ահա թե ինչով է բացատրվում այն հանգամանքը, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներից մինչ օրս հայ հանրույթի հիմնական սպասելիքները կապված են մեկ (գեր)մարդու հետ։

Հասարակության հիշողության մեջ դեռ թարմ են ընդդիմության անկարողության իր ենթագիտակցական ընկալումները, ինչին ավելանալու է գալիս այն հանգամանքը, որ ընդդիմության դաշտը փորձում են զբաղեցնել նախկին իշխանության ներկայացուցիչները, ովքեր հասարակության շրջանում, մեղմ ասած, բացարձակ անվստահություն են վայելում։ Իսկ նոր-նոր ձևավորվող քաղաքական ուժերը, որոնք նյութական, լրատվական և այլ ռեսուրսներով պարզապես անընդունակ են մրցակցելու նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, բնականաբար, տանուլ են տալիս ընդդիմության դաշտը զբաղեցնելու համար մղվող «պայքարը»։ Այդպիսով՝ ընդդիմության ինստիտուտը զրկվում է մաքրազերծվելու և, վերջապես, կայանալու իր, գուցեև, իրատեսական հնարավորությունից։

Փաստորեն՝ այսօրվա ընդդիմության ինստիտուտի աղճատման և խեղման գործում իրենց հավասար մեղքի բաժինն ունեն նախկին ընդդիմությունը, որն այսօր դարձել է իշխանություն և նախկին իշխանությունը, որն էլ իր հերթին փորձում է զբաղեցնել ընդդիմության դաշտը։ Նման պայմաններում, կարծում ենք, անհնարին է դառնում ընդդիմության ինստիտուտի կայացումը։

Հայկ Փայտյան, acnis.am

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...