Ինչու լուծվեց Սեքյուրիթի Դրիմի հետ կնքված պայմանագիրը կամ ինչպես են թոզ փչել մեր աչքերին

- in Տնտեսական
aragachap

Հայաստանի Հանրապետության Նախագահը 2016 թվականին հայտարարեց, որ երթևեկության վերահսկողության համակարգի շահագործման պայմանները պետք է փոխվեն և 50 տոկոս պետությանը, 50 տոկոս մասնավորին տնտեսական ձևաչափը պետք է վերացվի:

Թվում է, թե դա արվել է այդ համակարգով ստացվող նյութական միջոցները պետության, հասարակության պահանջմունքերին առավել արդյունավետ ծառայեցնելու, ֆինանսական միջոցները խնայելու նպատակով: Դա միայն առաջին հայացքից…

ՀՀ ոստիկանության ՃՈ և Սեքյուրիթի Դրիմի միջև 13.06.2011թ. կնքված պայմանագրի 3.4.11. կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից /13.06.2011թ./ 5 տարվա ընթացքում, Սեքյուրիթի Դրիմը պարտավոր է ապահովել երթևեկության վերահսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտման արձանագրության և որոշումների ավտոմատ տպումը: Դա մինչև օրս արվում է անձնակազմի /մարդկային ռեսուրսի/ միջոցով, որի ծախսը տարեկան կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ: Պայմանագրի 3.4.12. կետով, անհրաժեշտության դեպքում, 5 տարին մեկ, կամ փոխադարձ համաձայնությամբ այլ ժամկետում, պատվիրատուի պահանջով երթևեկության համակարգերը պետք է արդիականացվեն: Սեքյուրիթի Դրիմը համակարգի շահագործման, վերանորոգման վրա կատարվող ծախսերի մեծ չափերը բացատրում է համակարգի մաշվածությամբ և կիրառված տեխնոլոգիաների հին լինելով: 2017 թվականին մոտենում էր արդիականացման ժամկետը… Պայմանագրի 3.4.13. կետով, Սեքյուրիթի Դրիմը պարտավոր էր ապահովել արագաչափ սարքերի տեսանկարահանումը լրացուցիչ սարքերի կամ տեխնիկայի միջոցով: Պայմանագրային այս պայմանը, Սեքյուրիթի Դրիմը չի կատարել և դրա արդյունքում 2 տասնյակ արագաչափեր հանցագործության արդյունքում վնասվել են, շարքից դուրս են եկել, իսկ քննությամբ մեղավորներին պարզել հնարավոր չէ… երեք արագաչափեր ամբողջությամբ հափշտակվել են և պետությանը պատճառված վնասը կազմում է 36 միլիոն ՀՀ դրամից ավելի: Հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելը իրավապահների համար կլիներ ընդամենը ժամանակի հարց, եթե Սեքյուրիթի Դրիմը պատշաճ կատարեր իր պայմանագրային պարտավորությունը և տեղադրեր արագաչափերը հսկող տեսախցիկները: Սեքյուրիթի Դրիմը ունեցել է պայմանագրային չկատարված պարտավորություններ, սակայն 2017 թվականի փետրվար ամսին թերի կատարվածի համար պայմանագրով սահմանված պատիժների փոխարեն ստացել է… պայմանագրային արժեքից ավելի 150 միլիոն դրամ: Իրականում, պայմանագրի լուծումը փրկել է Սեքյուրիթի Դրիմին իր պարտավորությունների հետագա չկատարումից և փաստացի վերացել է այդ պարտավորությունների չկատարման համար ՀՀ-ի կողմից քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը…

Պետության կարիքների համար գույքի գնման 2011թվականի հունիսի 13-ի կնքված պայմանագրի լուծմամբ /գումարների 50/50 տոկոսային բաշխման ձևաչափ/ և 2017 թվականի փետրվարի 15-ին կնքված գույքի հավատարմագրային պայմանագրի կնքմամբ /90 տոկոսը՝ պետությանը, 10 տոկոսը՝ Սեքյուրիթի Դրիմին, բաշխման ձևաչափում, պետության եկամուտները տոկոսային հարաբերակցությամբ փաստացի փոփոխություն չկրեցին, քանի որ մուտք լինող գումարների 60 տոկոսը շարունակում է ծախսել Սեքյուրիթի Դրիմը, Էլլիպսի հետ միասին, փոխարենը՝ Սեքյուրիթի Դրիմը ազատվեց իր պարտավորությունների բեռից…

Շարունակելի

Լիլիթ Նիկոյան

Սեքյուրիթի Դրիմ ընկերության նախկին խոսնակ