Ինչպես էր պատրաստվում Արցախի դեմ ռուս-ադրբեջանական գրոհը

- in Կեղտոտ լվացք
Serj Putin

Աղդամը մեր հայրենիքը չէ, ես դեռեւս պատերազմի տարիներին էի ասում մեր մարտիկներին, որ տարածքները վերցնում ենք ոչ ավելացնելու, այլ հետո բանակցելու համար:

Այդ մտքերը 2004 թե 2005 թվականին Արցախի թեմայով Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցող լսումների ընթացքում հայտարարում էր Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարը: Այդ պաշտոնն այդ ժամանակ զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը:

«Տարածք խաղաղության դիմաց» սկզբունք չի կարող լինել, մեր բանակը ներկայում առաջնորդվում է «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքով, 2019 թվականի մարտին Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Այդ պաշտոնը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո զբաղեցնում է Դավիթ Տոնոյանը:

Հարցը երկու նախարարների համեմատությունը չէ, այլ երկու Հայաստանների համեմատությունը, կամ ավելի շուտ՝ Հայաստանի բարձրագույն իշխանության տրամաբանության, փիլիսոփայության, ռազմավարության համեմատությունը:

Մոտ 15 տարի առաջ Հայաստանի պաշտպանության նախարարը փաստորեն խոսում էր տարածքների նկատմամբ Ադրբեջանի իրավունքի մասին, այդպիսով բանակցային բովանդակա-փաստարկային առավելություն շնորհելով Ադրբեջանին: Միեւնույն ժամանակ, գործնականում, այդ առավելությունը շնորհվել էր շատ ավելի վաղ, գործնականում բանակցային գործընթացի ամենասկզբից: Ձնագունդն ընդամենը շարունակում էր գլորվել, եւ Սերժ Սարգսյանն էլ մտածում էր, որ միեւնույն է անզոր է կասեցնել այն, իսկ փորձելու դեպքում էլ ընդամենը կկասեցնի սեփական նախագահական հեռանկարը:

Ըստ այդմ, նա խորհրդարանի ամբիոնից փաստացի ուղերձ էր հղում միջազգային դերակատարներին, որ արժե աջակցել իր նախագահացման ծրագրին, քանի որ նա պատրաստ է ամեն ինչի:

Հատկանշական է այն, որ այսօր օրինակ Արցախի համար ամենամտահոգ գործիչ ներկայացող Ռոբերտ Քոչարյանը, որ ամեն առիթով փորձում է ներկայանալ հայկական քաղաքականության միակ «բազե», որեւէ կերպ որեւէ վերաբերմունք չդրսեւորեց այն ժամանակ «պապից ավելի աղավնի» ներկայանալ փորձող իր պաշտպանության նախարարի հայտարարությունների նկատմամբ: Որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն էլ կարծում էր, որ այդ դեպքում միջազգային հավանության չի արժանանա իր քաղաքական ծրագիրը, որի նպատակն էր չեզոքացնել Սերժ Սարգսյանի նախագահական հավակնությունը եւ դրա փոխարեն նախագահի թեկնածու առաջադրել Վարդան Օսկանյանին:

Բանն այն է, որ երկու գործիչներն էլ իրենց քաղաքական հավակնությունների հենարան դիտարկում էին ոչ թե Հայաստանի հանրությունը, այլ միջազգային ուժային կենտրոնները, գլխավորապես Ռուսաստանը, որը դեռեւս 2004 թվականից էր սկսել ռազմավարական գործընկերությունը Բաքվի հետ՝ Հայաստանի շահն ու անվտանգությունը հետեւողական անտեսելու տրամաբանությամբ:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գործնականում ցույց էին տալիս Ռուսաստանին, որ չեն խանգարի նրա այդ քաղաքականությանը, ակնկալելով, որ Ռուսաստանն էլ չի խանգարի իրենց քաղաքական ծրագրերին: Հաջողեց Սերժ Սարգսյանը, Մոսկվային հավաստիացնելով, որ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանին առաջադրելով Հայաստանը թեքելու է դեպի Արեւմուտք:

Դա գործնականում մի դրվագ է, թե ինչպիսին էր Հայաստանի իշխանության բաղադրության եւ բովանդակության, ու Արցախի հարցի սպասարկման խնդրի հարաբերակցությունը, հետեւանքը այդ ռազմավարական խնդրի նկատմամբ:

Այդ ամենի խոշոր հետեւանքը եղավ 2016-ի ապրիլյան քառօրյան, որը գործնականում «հասունացել» է քայլ առ քայլ, տարեցտարի, երբ Հայաստանում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը շարունակում էին քաղաքական մտադրությունների պայքարը, արդեն այլ կարգավիճակում՝ Սարգսյանը նախագահ, իսկ Քոչարյանը՝ ոչիշխանական բեւեռի ստվերային առաջնորդ, որի միջոցով գործնականում ապահովվում էր Հայաստանի դեմ ռուս-ադրջենականան գրոհի նախապատրաստման եզրափակիչ փուլի «անդորրը»: Հատկանշական է, որ իշխանությունից ավելի, հենց ոչիշխանական բեւեռն էր կոշտ քարոզչական գրոհների ենթարկում այն հազվադեպ սուբյեկտներին, որոնք համարձակվում էին այդ շրջանում բարձրաձայնել ռուս-ադրբեջանական գրոհի նախապատրաստման մասին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան