Ինչպես է քվեարկում Ուկրաինան. 1991 – 2019

- in Ընտրություններ
Yntrutyun

Այսօր՝ ապրիլի 21-ին, Ուկրաինայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Թեկնածուներն են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին: Առաջին փուլում Զելենսկին հավաքել է ձայների 30%-ը, իսկ Պորոշենկոն՝ 16%-ը:

Գաղտնիք չէ, որ ուկրաինական հասարակությունը քաղաքականապես խիստ բևեռացված է, որը հստակ դրսևորվում է համապետական ընտրությունների ժամանակ:
Երկրի արևմտյան շրջանների՝ հատկապես պատմական Գալիցիայի կամ Գալիչինայի բնակչությունն ունի եվրոպական կողմնորոշում և ազգայնական տրամադրություններ: Երկրի հարավում և արևելքում մեծ է ռուսների, ռուսախոս բնակչության, հետևաբար՝ ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքացիների թիվը: Սովորաբար, ընտրությունների առաջին փուլում ոչ մի թեկնածու չի կարողանում 50%-ի ավելի ձայն ստանալ և հաղթողը որոշվում է երկրորդ փուլում:
1991 թվականին կայացած նախագահի առաջին ընտրություններին նախագահ ընտրվեց խորհրդային շրջանի բարձրաստիճան պաշտոնյա, նախկին կոմունիստ Լեոնիդ Կրավչուկը՝ հաղթելով ազգայնական մտավորական, այլախոհ Վյաչեսլավ Չորնովիլին: Վերջինս հաղթել էր միայն Գալիչինայում, որը ներառում է Լվովի, Տերնոպոլի և Իվանո-Ֆրանկովսկի շրջանները:

1994 թվականի ընտրություններին Կրավչուկը պարտվեց Լեոնիդ Կուչմային: Կիևից արևմուտք ընկած շրջաններում հաղթեց Կրավչուկը, իսկ արևելք ու հարավ՝ Կուչման: Ընդ որում, նույն Գալիչինայում Կրավչուկը ընդամենը 3 տարի անց հավաքեց ձայների 94%-ը: Մրցակիցը՝ Կուչման, մոտ 90% հավաքեց Ղրիմում ու Դոնբասում:

1999 թվականին Ուկրաինայի արևմուտքի նախապատվությունն արդեն Կուչմայի կողմն էր ընդդեմ կոմունիստ Պյոտր Սիմոնենկոյի: Կուչման Լվովում, օրինակ, 91.5% էր ստացել, իսկ ընդամենը 4 տարի առաջ՝ 3.9%: Կուչման հաղթել էր նաև մի շարք արևելյան շրջաններում, որը և կանխորոշեց նրա վերընտրությունը:

2004 թվականին Ուկրաինայում երբևէ ամենից բևեռացված ընտրությունները տեղի ունեցան: Ուկրաինայի կենտրոնն ու արևմուտքը քվեարկեցին Վիկտոր Յուշչենկոյի օգտին, իսկ հարավն ու արևելքը՝ Վիկտոր Յանուկովիչի օգտին: Որքան հեռու Կիևից, այնքան բևեռացված քվեարկություն՝ ծայր արևմուտքում 90%-ից ավելին քվեարկել էր Յուշչենկոյի, ծայր արևելքում՝ 90%-ից ավելին՝ Յանուկովիչի օգտին:

Ծայրահեղ բևեռացումը պահպանվեց 2010 թվականի ընտրություններին: Յուլյա Տիմոշենկոն Իվանո-Ֆրանկովսկի շրջանում ստացավ 88.89%, իսկ Դոնեցկի շրջանում՝ 6.45%: Նույն շրջաններում Յանուկովիչի արդյունքներն են 7.02% և 90.44% համապատասխանաբար: Քանի որ արևելքում բնակչությունն ավելի շատ է, վերընտրվեց Յանուկովիչը:

Հաջորդ ընտրությունները տեղի ունեցան ուկրաինական հեղափոխությունից հետո: Այս անգամ արևմուտք-արևելք սուր պայքար չկար՝ Պյոտր Պորոշենկոն բացարձակ ֆավորիտն էր, իսկ առաջին չորս տեղերը զբաղեցրած թեկնածուները նույնպես չէին ներկայացնում ռուսամետ բնակչությանը: Այս դեպքում բևեռացվածությունը երևում էր ստացած ձայների տոկոսով: Եթե արևմուտքում Պորոշենկոյի ձայները գերազանցում էին 80%-ը, ապա արևելքում տատանվում էր 40-50%-ի շրջանում:

2019 թվականի ընտրությունների ֆավորիտը Վլադիմիր Զելենսկին է: Առաջին փուլի արդյունքները ցույց են տալիս, որ թե արևելքում, թե արևմուտքում նրա օգտին ձայները շատ ավելի հավասարաչափ են բաշխված՝ չնայած նա առաջին տեղը չի զբաղեցրել թե ծայր արևմուտքում, թե ծայր արևելքում: Լվովի ու Տերնոպոլի շրջաններում Զելենսկին հետ է մնացել առնվազն 3 թեկնածուից, իսկ Դենոցկում և Լուգանսկում երկրորդն էր: Պորոշենկոյի ցուցադրած լավագույն արդյունքը 35%-ն է, որը գրանցել է Լվովում: Լվովի շրջանում Զելենսկին հավաքել է 12%-ը, որը բավականին լավ արդյունք է: Համեմատության համար, Յանուկովիչը 2010 թվկանին Լվովում 5% էր ստացել:

Զելենսկին փորձում է ներկայանալ ամբողջ Ուկրաինայի թեկնածու, նա խոսում է թե եվրոպական ինտեգրացիայի շարունակման մասին, թե փորձում է շահել ռուսամետ շրջանների բնակչության համակրանքը: Իր ելույթների, բանավեճերի ժամանակ նա ուկրաիներենից անցում է կատարում ռուսերենի և հակառակը: Պորոշենկոն նախընտրական քարոզչության ժամանակ շեշտը դրել էր Զելենսկու ամենաթույլ կողմի՝ անփորձության վրա, սակայն կարծես թե ուկրաինացիները լուրջ թերություն չեն համարում դա, հատկապես եթե այլընտրանքը Պորոշենկոն է լինելու:

Ակնկալվում է, որ երկրորդ փուլում, որը կայանում է այսօր՝ ապրիլի 21-ին, Պորոշենկոն կհաղթի արևմտյան մի շարքում շրջաններում, հնարավոր է, Կիևում, սակայն ձայների ընդհանուր թվով մոտ կրկնակի կզիջի Զելենսկիին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...