Ինչ է փոխվել Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո

- in Կարծիք

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ տարի անց ինչ է փոխվել մարդկանց կյանքում:

«Ես կառանձնացնեի երկու կարևոր փոփոխություն: Առաջինը անհուսության մթնոոլորտի ցրումն է: Գաղնիք չէ, որ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը ՀՀ քաղաքացիները առանձնապես մեծ հույսեր չէին կապում քաղաքականության հետ, առանձնապես մեծ հավատ չունեին ոչ մի գործչի նկատմամբ: Եվ ընդհանրապես կար մի ընդհանուր մտայնություն, որ ամեն ինչ շարունակելու է լինել շատ վատ: Հիմա թե դժգոհություններով, թե քննադատություններով հանդերձ մի բան փաստ է, որ քաղաքացիները վերստին հավատում են քաղաքականոությանը, հավատում են իրենք իրենց, որ իրենց դիրքորոշումները, իրենց դժգոհությունը, քննադատությունը, գովասանքը ազդում են իրենց կյանքի վրա: Երկրորդ կարևոր փոփոխությունը ուղիղ կապված է սրա հետ, դա Հայաստանի ժողովրդավարացումն է ու ապակրիմինալացումը: Այլևս չկան անպատժելի մարդիկ, չկան  անպատժելի խմբավորումներ, չկան կեղծվող ընտրություններ»:

Ռուբեն Ռուբինյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե Արցախի հիմնախնդիրը պետք է լուծեն ժողովուրդները. Իրոք չկա մեկ մարդ, չկա երկու մարդ, հարյուր մարդ, որոնք կարող են նստել ու որոշել, թե ինչպես պետք է դասավորվի ժողովուրդների ճակատագիր: Դա տրամաբանական չէ: Ի վերջո, հակամարտությունը պետք է լուծվի ժողովուրդների կողից: Այսինքն՝ Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում ժողովուրդների մեջ պետք է կոնսենսուս լինի, որ լուծումը պատկերացնում ենք այս կերպ կամ այն կերպ: Կամ էլ առնվազն առանձին վերցրած ժողովուրդները պետք է իրենց համար հասկանան, թե ի վերջո ինչպիսի լուծում են իրենք ուզում:

Նա նշեց, որ սրա համար կան բազմաթիվ մեխանիզմներ, բայց միանշանակ է, որ պետք է հանրային դիսկուրս: Ըստ Ռուբինյանի՝ տարիներ շարունակ Արցախի շուրջ դիսկուրսը ծավալվել է մեկ ծիրի շուրջ՝ արդյոք Ղարաբաղը ծախում են, թե չեն ծախում, արդյոք սրանք ոչ մի թիզական են կամ հող տվող են, և այլն: Այսինքն, ըստ նրա, սահմանափակ դիսկուրս է եղել, մինչդեռ համակարտությունը շատ ավելի համապարփակ է, շատ ավելի խորը գաղափարներ ու մտքեր կան. Բայց ես նաև ուզում եմ շեշտել, որ սա ամենևին պատասխանատվությունից խուսափել չէ վարչապետի կողմից: Վարչապետը շատ տրամաբանական բան է ասում, ասում է՝ ես ինքս չունեմ իրավասություն որոշելու մի ամբողջ ժողովրդի ճակատագիր: Իհարկե, ինքը ունի քաղաքական պատասխանատվություն՝ առաջարկել դիրքորոշումներ, բայց ի վերջո վերջնական մտայնությունը և որոշումը պետք է լինի ժողովրդինը:

Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ բազմիցս հայտարարվել է, որ այս պահին չի բանակցվում որևէ սցենար: Այս փուլում ընթանում են համապատասխան մթնոլորտի ստեղծման ու ամրապնդման աշխատանքներ, առանց որի անհնար են բովանդակային բանակցությունները: Խոսվում է Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի մասին, խոսվում է նախկինում բանակցային սեղանին դրված սկզբունքների և տարրերի մեկնաբանման հստակեցման մասին, առանց որոնց անհնար են բանակցությունները. Ինչ-որ կետ գալու է, երբ մենք՝ որպես հասարակություն, ինքներս մեզ հետ խոսելու ենք, հասկանանք ինչ ենք ուզում: Իսկ դուք ինչպե՞ս եք կարծում, վարչապետը պետք է միայնակ նստի ու որոշի՞: Ես ինքս դեմ կլինեմ, եթե վարչապետը միայնակ ցանկանա որոշել կամ եթե մեր թիմը միայնակ ցանկանա որոշել, թե ինչպես պետք է լինի:

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև հարցին, որ Ադրբեջանը մերժում է Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալը: Նա ասաց, որ այդ իրավիճակում հակամարտության լուծում չի տեսնում. Ես դրա համար եմ ասում, եթե իրապես ուզում ենք լուծել այս հակամարտությունը, ապա անհրաժեշտ է, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղան: Եթե չվերադառնա, լուծման հավանականությունը գրեթե զրոյանում է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...