Ինչ պատահեց, երբ ամբիոնին մի տղամարդ կին մոտեցավ

- in Հրապարակ
AJ

Տրանսգենդեր կնոջ՝ ԱԺ ամբիոնից ելույթին հաջորդած հանրային ալեկոծությունը մի քանի դիտարկումների տեղիք տվեց:

Ամեն տարի հրապարակվում են տվյալներ Հայաստանում երեխաների հանդեպ սեռական բռնությունների մասին: Միջին թիվը՝ տարեկան 100-ից ավելի դեպքեր: Միտումը՝ աճող: Մինչ հիմա չտեսանք՝ մի հոգեւորական փարաջայի փեշերը քշտի ու գնա ԱԺ ասելու, որ մանկապղծությունը մեր ազգային նկարագիրն ու արժեքները հողին է հավասարեցնում: Ասի, որ այնքան է խաչը գլխավերեւը պահած՝ բողոքի ակցիա անելու, մինչեւ քրեական օրենսգրքով հնարավոր առավելագույն պատիժ՝ ցմահ բանտարկություն սահմանվի այդ հանցանքի համար: Նաեւ կդժվարանանք հիշել, թե հայ նամուս-թասիբով տղամարդիկ մանկապիղծներին երկրից վռնդելու կամ վառելու նախաձեռնությամբ հանդես եկած լինեն:

Բոլոր տեսակի հանցագործների, այդ թվում եւ վերոհիշյալ մանկապիղծների, բանտերում իրենց պատիժը բարվոք, մարդկային պայմաններում կրելու եւ այլ իրավունքների համար պաշտոնի բերումով ջանք թափող ԱԺ մարդու իրավունքներով զբաղվող հանձնաժողովի նախագահը դժվարանում է մարդ եւ ՀՀ քաղաքացի հասկացության տակ ընկալել նաեւ ԼԳՏԲ ներկայացուցիչներին՝ հղում անելով իր ազգային արժեքների վրա հիմնված դաստիարակությանը: Այս հակասությունը մարդկայնորեն հասկանալ կարելի է, բայց մարդու իրավունքների դաշտում գործունեության առումով՝ խնդրահարույց է:

Որքան էլ որ անսովոր ու անհարիր լինի մեր անհատական բարոյական, արժեհամակարգային պատկերացումներին ԼԳՏԲ կոչվող փոքրամասնությունը, մենք գործ ունենք փաստի հետ, որ նրանք ամենից առաջ մարդ են եւ ՀՀ քաղաքացի՝ օժտված ՀՀ Սահմանադրությամբ սահմանված հավասար իրավունքներով: Սա որպես անհանդուրժելի իրավիճակ գնահատողները կամ պետք է սահմանադրական փոփոխության հանրաքվե նախաձեռնեն եւ հստակ նշեն, որ մարդ եւ ՀՀ քաղաքացի հասկացությունները չեն տարածվում այդ համայնքի ներկայացուցիչների վրա (ի գիտություն ընդունելով, որ Հայաստանը դրանով լքելու է իրավական պետությունների շրջանակը), կամ հաշտվեն նրանց գոյության իրողության հետ:

Ազգային արժեքները ԼԳՏԲ-ների գոյությամբ վտանգված տեսնողների պնդումներից է նաեւ, թե բոլոր ԼԳՏԲ ներկայացուցիչները մարմնավաճառներ են եւ նաեւ այդ պատճառով անհանդուրժելի: Եթե անգամ դա այդպես է, ապա դժվար հիմնավորելի է, թե ինչու ՀՀ «ստանդարտ» քաղաքացիները կարող են մարմնավաճառ լինել առանց համապետական ցասման հարուցիչ դառնալու, իսկ ԼԳՏԲ-ականները՝ ոչ: Ես սա այն դեպքում, երբ «ստանդարտ» քաղաքացիներն այլ աշխատանք գտնելու անհամեմատ մեծ հնարավորություններ ունեն, քան ԼԳՏԲ-ները: Չմոռանանք նաեւ, որ մինչ օրս հայ նամուս-թասիբով տղամարդկանց որեւէ բողոքի ակցիա ընդդեմ մարմնավաճառության կամ մարմնավաճառուհիներին Հայաստանից արտաքսելու պահանջ չի արձանագրվել… Եկեղեցին էլ կարծես թե գործնականում մարմնավաճառությունը ազգային եւ քրիստոնեական արժեքների հետ խիստ անհամատեղելի չի համարում…

Այս օրերին ես փնտրեցի ու չգտա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը կատարվածին: Սովորաբար ատելության, խտրականության եւ համանման ամեն մի խոսքի գովելիորեն արագ արձագանքող օմբուդսմանն ընդհատակ է անցել: Հավանաբար դեռ զբաղված է հարկերի չվճարման մեղադրանքով օրերս կալանավորված գործարարին այցելելուց հետո նրա որպիսության մասին զեկույցի պատրաստմամբ… Անշուշտ դա էլ անհրաժեշտ է, բայց մարդ կա մարդ է, մարդ կա՝ ավելի մարդ է սկզբունքով գործելու տպավորություն թողնելով…

ՀՀ քաղաքացիների ազատ խոսքի, մտքի եւ ընդհանրապես հավասար իրավունքների պաշտպանության կարեւորությունը միայն հեղափոխությունից հետո հայտնագործած եւ անընդմեջ այդ մասին հանդես եկող նախկին իշխանությունների ներկայացուցիչները եւս ընդհատակում են: Փաստորեն մարդ, ՀՀ քաղաքացի հասկացության շուրջ նրանց պատկերացումներն էլ են տարբերվում Սահմանադրությունում արձանագրվածից…

Իսկ ընդհանրապես տպավորություն է, թե շատ քչերն են լուրջ ընդունում ՀՀ Սահմանադրության  3-րդ հոդվածը մարդու, նրա արժանապատվության, հիմնական իրավունքների և ազատությունների մասին, նաեւ՝ դրա լիարժեք կիրառումը, ընդ որում՝ նաեւ Սահմանադրությունը գրողները, փոփոխողներն ու դրա կիրառումն ի պաշտոնե ապահովելուն կոչվածները: ՀՀ Սահմանադրական դատարանն էլ է միացել լռության սիմֆոնիային…

Այս օրերին պարզվեց նաեւ, որ շատերը յուրովի են հասկանում «քարոզչություն» բառը:  Վրդովվածներն անդադար կրկնում են, թե չեն կարող հանդուրժել, որ ԱԺ ամբիոնից տրանսգենդերների քարոզչություն է իրականացվել, եւ դա թույլ տվողի դատաստանը պիտի տեսնեն: Մինչդեռ սեռափոխված կնոջ ելույթը ոչ այլ ինչ էր, քան… հակաքարոզչություն: Նա ընդամենը նկարագրեց այն վախի, բռնության ու մեկուսացման մթնոլորտը, որում իր նմաններն ապրում են: Տղամարդուց կին կամ կնոջից տղամարդ վերածվել ցանկացող մեկը դա լսելուց հետո երեւի դեռ շատ երկար մտածի՝ գնա՞լ այդ քայլին, թե՝ ոչ…

Եւ վերջին դիտարկումը: ԱԺ-ում այդ ելույթի հնարավոր դառնալը որպես մեղք որակելու եւ այն սրան-նրան հասցեագրելու փոխարեն ավելի խելամիտ չի՞ լինի կատարվածը որպես առիթ օգտագործել եւ առանց իրար պիտակավորելու հանրայնորեն քննարկել ԼԳՏԲ հանրույթի առկայության եւ դրա հետ կապված հարցերը իրավական, բարոյահոգեբանական եւ այլ հարթություններում եւ այս հանրային փսիխոզը փոխարինել իրավական պետությանը հարիր իրավիճակով ու մթնոլորտով:

Հ.Գ. Պարադոքսալ է, բայց փաստ. սեռերի ցանկացած տեսակի «խառնաշփոթի» դեմ արմատական հանդես եկող մեր հասարակությունում «տղամարդ կին է» կոմպլիմենտը թոփ տասնյակում է… Սրա հակառակ ձեւակերպումը, սակայն, տղամարդուն հասցվող վիրավորանքների տասնյակում է: Երեւի այստեղ էլ քննարկել, հասկանալու բան կա…

Իրինա Ղուլինյան-Գերց