Լենա Նազարյանը՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին

- in Պաշտոնական

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին:

«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի ու չարաշահումների դեմ պայքարում չենք բաժանելու մարդկանց յուրայինների ու օտարների, ինչպես եղել է նախկինում: Արդեն համոզվել եք, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակեներում ներգրավված է եղել և փոխնախարար, և այլ պաշտոնյաներ»,- ասց Նազարյանը:
Նա նշեց, որ վստահում է ԱԱԾ գործողություններին: Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ սա Սանասարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում կարող է լինել, ԱԺ փոխնախագահն ասաց. «Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին որևէ մեկը, այսպես ասած, կարող է գործ սարքել: Նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,- ասաց նա:

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019 թվականի եզրակացությունը, ըստ որի ինքը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում։

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հանձնաժողովը վարույթ էր հարուցել եւ նշած եզրակացությամբ արձանագրել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը։
Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ չի ընդունում հանձնաժողովի՝ իրեն վերագրված մեղադրանքը՝ նշելով, որ եզրակացությունը դատական կարգով վիճարկելու է։ Ավելին, ըստ նրա՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ընդհանրապես չպետք է վարույթ ընդուներ Արամ Սիմոնյանի դիմումը։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել ապրիլի 17-ին։

Հիշեցնենք, որ նա ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով մեղադրվում է նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը դադարեցված է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կայացրած որոշումը և ժամանակավոր դադարեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը։

ԱԱԾ-ն հայտնել է, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: