Խոսքը չի գնում տոնի շրջանակներում 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին, իմաստ չկա որևէ մեկի գլխին շինծու գործ սարքել

- in Կարծիք

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քաղաքացու օրը նշելու հարցին: Նա նշեց, որ տեղեկություններ չունի, թե ինչի վրա են ծախսելու բյուջեից այդ նպատակով հատկացված գումարը:

«Համենայնդեպս, այսօր ինձ համար կարևոր օր է, այն օրն է, երբ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը ձերբակալվեցին, և ես իմ ընկերների հետ մնացի միանձյա ժողովրդի հետ: Պետք էր պահել: Ինձ համար այսօրվանից սկսած ամեն օր էլ տոն է, մինչև շատ ավելի մեծ միջոցառումներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ խոսքը չի գնում տոնի շրջանակներում 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին: Խոսքը քաղաքացու գիտակցությունը բարձրացնելու և այդ երևույթը բարձրացնելու մասին է, ինչը բերելու է ավելի մեծ հաղթանակների:

«Այսօր մենք Հայաստանում ունենք իրավապահ մարմիններ, որոնց վստահում են բոլորը: Ես վստահ եմ, որ եթե իմ ընկեր Դավիթ Սանասարյանը որևէ բանի հետ կապված սխալ չի գործել, որևիցե խնդիր չի լինի: Եվ նաև գիտեմ, որ ինքը ևս դրանում վստահ է»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ եթե Սանասարյանի մեղքը հաստատվի, դա վնաս կտա հեղափոխությանը:

Նա նշեց, որ իշխանության ներսում պառակտում չկա: «Նախ սկսենք նրանից, որ Արթուր Վանեցյանականներ չեն կարող լինել, Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է: Նա քաղաքական միավոր չէ, և չեն կարող Վենցյանականներ լինել: Կա պետություն և կա օրենսգիրք»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ այսօր իմաստ չկա որևէ մեկի գլխին շինծու գործ սարքել, դա աբսուրդ է: Եթե Սանասարյանի պաշտպանը նման հայտարարություն է անում, ըստ Ալեն Սիմոնյանի, ուրեմն նա դեռ հին տրամաբանության մեջ է մնացել: «Սկսենք նրանից, որ ոչ ընտրություն կա, ոչ ինտրիգ կա դրա մեջ: ՀՀ-ում ով ում վրա և ինչու պետք է շինծու գործ սարքի, դրա իմաստն ուղղակի չկա: Կա փաստ, կա բողոք, և կա գործ, որի հետ կապված քննությունը, ելնելով գործող տրամաբանությունից, լինելու է բաց»,- նշեց նա:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...