Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու արդյունքում պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել

- in Տնտեսական

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ծաղկաձորի Ճոպանուղու (Ճոպանուղի) վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության 22.04.2004թ. թիվ 679-Ա որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացվել են Ճոպանուղու առաջին, երկրորդ և երրորդ կայանները, և հանձնվել ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին, որն էլ իր հերթին նշված գույքը նվիրաբերության պայմանագրով պետության անունից նվիրաբերել է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը (ՀԱՕԿ)՝ վերջինիս կամ նրա հիմնադրած առևտրային կազմակերպության կողմից մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը Ճոպանուղին վերակառուցելու և շահագործելու պայմանով:

Շինարարությունից հետո 2005թ. մարտի 1-ին կնքված պայմանագրով ՀԱՕԿ-ը Ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել սահմանփակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2005-2008թթ., իսկ 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով՝ 2009թ.-ից մինչ օրս՝ մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:
Ճոպանուղին շահագործող ընկերությունների կողմից 2005-2017թթ. հարկային մարմիններին ներկայացված տվյալների համաձայն՝ Ճոպանուղու տարեկան շրջանառությունը կազմել է 3-60 մլն. դրամ կամ նշված տարեթվերին ընդհանուր շուրջ 496 մլն ՀՀ դրամ: Մինչդեռ միայն 2018թ. Ճոպանուղու շրջանառությունը կազմել է 537 մլն ՀՀ դրամ կամ շուրջ 40 մլն ՀՀ դրամով ավել, քան անցած 12 տարիները միասին վերցրած:

Վճարված հարկերը 2005-2017թթ. կազմել են տարեկան 1-20 մլն ՀՀ դրամ կամ նշված տարեթվերին ընդհանուր շուրջ 148 մլն ՀՀ դրամ: Մինչդեռ միայն 2018թ. վճարվել է շուրջ 240 մլն ՀՀ դրամ հարկ, այսինքն՝ շուրջ 90 մլն ՀՀ դրամով ավել, քան անցած 12 տարիները միասին վերցրած:

Պարզվել է նաև, որ 2005-2018թթ. շահագործման ընթացքում Ճոպանուղու օգտագործած տարեկան էլեկտրաէներգիայի քանակները համադրելի են, իսկ շեղումը չի գերազանցում 25 տոկոսը:

Օրինակ, երբ 2018թ. Ճոպանուղու տարեկան շրջանառությունը կազմել է 537 մլն ՀՀ դրամ, իսկ վճարված հարկը՝ շուրջ 240 մլն ՀՀ դրամ, ծախսվել է  615.430 կվտ/ժ էլ.էներգիա, այսինքն ավելի քիչ, քան 2008թ., երբ շրջանառությունը կազմել է 56 մլն ՀՀ դրամ, վճարված հարկը՝ շուրջ 17 մլն ՀՀ դրամ, իսկ ծախսած էլ.էներգիան՝ 657.574 կվտ/ժ:

Ընդ որում պարզվել է նաև, որ Ճոպանուղին շահագործվել է բացառապես ուղևորների առկայության դեպքում:

Ուսումնասիրությունների շրջանակներում ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված տեղեկատվության և պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկի համաձայն՝ Ճոպանուղին շահագործող ընկերության կողմից 2008-2016թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և իրավահարաբերության ձևավորման պահին գործած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս «ա» կետով սահմանված կարգով չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից իրացումից հասույթները՝ շուրջ 1 մլրդ. 985 մլն. 273 հազ. ՀՀ դրամի չափով, հարկվող օբյեկտները (շահույթները) պակաս են ցույց տրվել շուրջ 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 79 մլն.410 հազ. ՀՀ դրամ:

Իրավահարաբերության ձևավորման պահին գործած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 23-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաև բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները, որոնք 2008-2016թթ. համար կազմում են 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամ:

Հարկերը չվճարելու արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 476 մլն. 465 հազ. ՀՀ դրամի վնաս, որից 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամը՝ ԱԱՀ-ի գծով, իսկ 79 մլն. 410 հազ. ՀՀ դրամը՝ շահութահարկի գծով:

Բացի այդ, ՀԱՕԿ-ի և Ճոպանուղին շահագործող ընկերության միջև 15.12.2008թ. կնքված Ճոպանուղու հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն՝ ՀԱՕԿ-ի զուտ շահույթը կազմում է Ճոպանուղու օգտագործման արդյունքում ստացված զուտ շահույթի 50 տոկոսը, իսկ շահույթի մյուս 50 տոկոսը անցնում է շահագործող կազմակերպությանը:

Եթե հաշվի առնենք, որ ընկերության կողմից հարկվող օբյեկտները (շահույթները) պակաս են ցույց տրվել շուրջ 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամի չափով, հետևաբար նշված գումարի 50 տոկոսի՝ առնվազն 198 մլն. 527 հազ ՀՀ դրամի չափով էլ ընկերության պատասխանատու անձանց կողմից պակաս շահույթ է փոխանցվել ՀԱՕԿ-ին՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնասներ:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաև՝ 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը:

Ծաղկաձորի ճոպանուղին 2004-05 թվականներին կառավարության որոշումով փաստացի հանձնվել է Հայաստանի օլիմպիական կոմիտեին, որն էլ ճոպանուղին կառավարման է հանձնել մասնավոր ընկերության:

Դատախազության տեղեկությունը փաստացի վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, նկատի ունենալով այն, որ հենց Ծառուկյանն է արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ ղեկավարում Հայաստանի օլիմպիական կոմիտեն:
Ըստ այդմ, դատախազության հարուցած քրեական գործը ստանում է այսպես ասած «քաղաքական երանգ», ինչպես ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի տնտեսական գործունեությանն առնչվող որեւէ գործ:

Խուսափել դրանից գործնականում անհնար է, քանի դեռ Ծառուկյանը բիզնեսից բացի, նաեւ կուսակցություն ունի: Ինչու՞ է ստացվել այնպես, որ Ծառուկյանը ունեցել է կուսակցություն, այլ հարց է, բայց դարձյալ քաղաքական, որովհետեւ դա այն շրջանն էր, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուներ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից տարբերվող քաղաքական ծրագրեր, որոնց սպասարկման հարցում էլ առանցքային դեր էր վերապահված Գագիկ Ծառուկյանին ու նրա կուսակցությանը:

Հետագայում այդ դերը տրանսֆորմացվեց, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը թույլ չտվեց լուծել գլխավոր՝ իր իշխանության ճանապարհը փակելու խնդիրը: Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից հեռանալը Ծառուկյանի համար ստեղծեց չափազանց բարդ մի իրավիճակ, հատկապես մարտի 1-ի առկայության պայմանններում:

Խնդիրն այն է, որ Բարգավաճ Հայաստանը, ծնված լինելով իշխող համակարգում՝ թե գաղափարի, թե ռեսուրսների, թե նաեւ աջակցության իմաստով,  պետք է լիներ «ժողովրդական» նախագիծ: Մինչդեռ խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն առերեւույթ այդպիսին կարող էր լինել ոչ միայն ինքնին Գագիկ Ծառուկյանի որոշակի խարիզմայով, այլ ՀՀԿ «հակաժողովրդական» անբեկանելի առկայությամբ:

Ըստ այդմ, ԲՀԿ-ն  պետք է կամ վերցներ իշխանությունը՝ ինչի համար անհրաժեշտ էր «ժողովրդականության» կերպարը, կամ պետք է ձեռնամուխ լիներ հակաժողովրդական իշխող համակարգի պահպանությանը, այլ՝ իրապես հանրային լեգիտիմությամբ եւ իրական ժողովրդականությամբ կառավարող ուժ թույլ չտալու համար, քանի որ այդ դեպքում ԲՀԿ-ն մնալով առանց իշխանության, քայլ առ քայլ զրկվելու էր նաեւ թեկուզ պայմանական կամ չակերտավոր ժողովրդականությունից, երբ աստիճանաբար բացահայտվելու էին ԲՀԿ ներհամակարգային դերակատարումը վկայող տարաբնույթ հանգամանքներ:

2018 թվականին ԲՀԿ համար տեղի ունեցավ խորքային առումով շատ ավելի անհարմար մի բան, քան օրինակ նույն հակաժողովրդական ՀՀԿ համար: ՀՀԿ-ն գնաց, իսկ ԲՀԿ-ն մնաց: Մնաց մի իրավիճակում, որի հետ ունի «գենետիկ անհամատեղելիություն» իբրեւ քաղաքական ուժ, իբրեւ քաղաքական միավոր ու կառուցվածք:

Գագիկ Ծառուկյանը պարբերաբար կանգնելու է դրանով առաջացող անհարմար իրավիճակների առաջ, մինչեւ կկայացնի քաղաքականության մեջ իր բացառիկ ճիշտ որոշումը՝ քաղաքականությունից դուրս գալու մասին: Նա փաստացի հայտարարել է, որ «Նիկոլը ճիշտ» է, բայց ի տարբերություն Սերժ Սարգսյանի չի հայտարարել, որ ինքը սխալվել է, այս դեպքում քաղաքականության մեջ մնալով եւ այդպիսով փորձելով դառնալ այդ «ճշտի» բաժնետեր: Ծառուկյանի դեպքում դա հնարավոր է միայն մնալու սխալն ընդունելով:

Անշուշտ, այդ գործում նրան պետք է օգնի նոր իշխանությունը, ապահովելով Հայաստանում սեփականության պաշտպանության հուսալի, ինստիտուցիոնալ մեխանիզմներ եւ ըստ այդմ Գագիկ Ծառուկյանի այդ բացառիկ որոշման հանրային լեգիտիմություն:

Հ.Գ. – Իսկ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։