Ծառուկյանը կհանձնի՞ «բարձունքը». Աբովյանը դիտարկվել է նրա տնտեսա-քաղաքական տիրույթի «մայրաքաղաք»

Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարել է Աբովյանի քաղաքապետի հունիսի 7-ին տեղի ունենալիք ընտրությանը թեկնածու առաջադրելու որոշման մասին, որն ըստ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ կայացվել է վարչության ապրիլի 16-ի նիստում:

Աբովյանի քաղաքապետի ընտրությանը մասնակցելու մասին ՔՊ որոշումը անկասկած ունի առանձնահատուկ քաղաքական բնույթ: Առանձնահատկությունը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի հանգամանքով: Աբովյանը դիտարկվել է նրա տնտեսա-քաղաքական տիրույթի «մայրաքաղաք», եւ ՀՀԿ իշխանության ամբողջ շրջանում այդ հանգամանքը չի դրվել կասկածի տակ:

Քաղաքացիական պայմանագիրը փաստորեն գրոհում է ԲՀԿ նախագահի այդ «բարձունքը» եւ պետք է ենթադրել, որ այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով դրա խորհրդանշանակությունն ու տողատակերը: Դեռեւս հայտնի չէ, թե ում թեկնածությունն է առաջադրում ՔՊ-ն, բայց խոսքը հավանաբար լինելու է մրցունակ թեկնածուի մասին, եթե իհարկե Գագիկ Ծառուկյանն էլ որոշի առաջադրել իր թեկնածուին եւ չհանձնի «բարձունքը» առանց մարտի:

Միաժամանակ, առաջադրվելու մտադրություն է հայտնել Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որն այդ պաշտոնին ընտրվել է 2015 թվականին: Նա հայտարարել է, որ եղել է արդյունավետ քաղաքապետ եւ մտադիր է առաջադրվել նոր ժամկետի համար: Գեւորգյանը կուսակցական չէ, սակայն նրա հաջողությունը մեծապես պայմանավորված է եղել Գագիկ Ծառուկյանի դիրքորոշմամբ եւ աջակցությամբ:

Եթե ՔՊ թեկնածուն չհաղթի, ապա դա մի կողմից հնարավոր կլինի մատուցել որպես երկրում իրապես ժողովրդավարական փոփոխության հերթական ապացույց, երբ իշխանության թեկնածուն պարտվում է ՏԻՄ ընտրությունը առանցքային քաղաքներից մեկում: Մյուս կողմից, դա այլ ընկալման հարթությունում կդիտարկվի ԲՀԿ հաղթանակ ՔՊ նկատմամբ, բայց առավելապես հոգեբանական ընկալումների լոկալ տիրույթներում, այդ թվում Կոտայքի մարզի որոշակի շրջանակում, քանի որ ընդհանուր ուժերի հարաբերակցության առումով որոշիչ գործոնները անշուշտ այլ են:

Մյուս կողմից, հատկանշական է, որ ՔՊ-ն որոշումը կայացնում է մի փուլում, որը բավական աշխույժ է իշխանություն-ԲՀԿ առերեւույթ դիմակայության դրսեւորումների առումով: Ընդ որում, այդ առումով եղել է նաեւ լոկալ դրսեւորում, Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ Աբովյանի քաղաքապետի միջեւ:

Այդ տողատակերին զուգահեռ, ՏԻՄ մակարդակում քաղաքական մրցակցությունը երեւույթ է, որը բնորոշ է առողջ քաղաքական համակարգերին, եթե իհարկե իրապես մրցակցություն է եւ տեղի է ունենում հավասարության եւ իրավականության պայմաններում: Այդ իմաստով Աբովյանի քաղաքապետի ընտրությունը կարող է լինել Հայաստանում քաղաքական գործընթացի առողջացման մի դրվագ, կախված իհարկե արդեն այդ ընտրության ոչ այնքան անվանականությունից, որքան բովանդակային եւ ընթացակարգային որակից եւ իրավականությունից: