Կարսի ու Իգդիրի վերամիավորման խնդիրը

- in Հասարակություն
Turkia

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի իշխող կուսակցությունն ու նրա արբանյակ կուսակցությունները նշանակալի պարտություններ են կրել Թուրքիայի առանցքային քաղաքներում, այդ թվում Կոստանդնուպոլսում ու Անկարայում:

Նշանակալի են եղել նաեւ Կարսի ու Իգդիրի քաղաքապետերի ընտրությունները: Այստեղ ընտրվել են քրդական ուժերի ներկայացուցիչները:

Կարսն ու Իգդիրը Թուրքիան «հանձնել է» իր մերձկասպյան եղբայրներին, Բաքվի հետ համաձայնությամբ: Փորձ է արվում տնտեսապես կապել Նախիջեւանն ու այս նահանգները, ժողովրդագրական իրավիճակը փոխելու, ինչպես նաեւ Հայաստանի շրջափակումը խորացնելու նպատակով: Կարսն ու Իգդիրը ակտիվորեն բնակեցվում են մերձկասպյան թուրքերով, որոնց նաեւ տնտեսական որոշակի արտոնություններ են տրվում:

ՏԻՄ ընտրություններից առաջ տեղեկություն եղավ, որ Ալիեւի պահանջով Էրդողանը որոշել է չառաջադրել իր կուսակցության թեկնածուներին, նախընտրելով արբանյակ ազգայնական կուսակցությունների թեկնածուներին, որոնք, ըստ մտահղացման, հաղթելու ավելի մեծ հնարավորություններ կունենային: Սակայն այս տարբերակն էլ չաշխատեց:

Կարսի ու Իգդիրի քրդական բնակչությունը թերեւս հասկացել է, թե ինչ է իրեն սպասվում առաջիկայում: Թուրքիան ներկայում քրդերի դեմ լայնածավալ արշավ է իրականացնում Սիրիայում, գրավելով քրդաբնակ շրջանները եւ տեղահանելով քուրդ բնակչությանը: Միեւնույն ժամանակ, Կարսում եւ Իգդիրում բնակեցնելով մերձկասպյան թուրքերին, Անկարան անկասկած փորձելու է նույն քաղաքականությունը շարունակել նաեւ այստեղ, այս պարագայում նաեւ Բաքվի միջոցով:

Կարսն ու Իգդիրը Թուրքիայի կազմում են Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական անօրինական պայմանագրով: Թուրքիան Մերձավոր Արեւելքում քրդերի դեմ իր գործողություններն իրականացնում է Մոսկվայի հետ սերտ համագործակցությամբ եւ աջակցությամբ: Կարելի է ասել, որ ներկայում ռուս-թուրքական տանդեմը քրդերի պարագայում իրականացնում է խոշոր հաշվով նույն քաղաքականությունը, ինչ հայերի դեմ անցյալ դարասկզբին: Քուրդ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները նշում են, որ Թուրքիան նախապատրաստում է քրդերի ցեղասպանությունը:

Կարսի ու Իգդիրի վերամիավորումը Հայաստանին քուրդ ժողովրդին ցեղասպանությունից փրկելու ուղիղ ճանապարհն է:

Մոսկվան ունի՞ 1921 թ. պայմանագիրը վերանայելու բավարար շահագրգռություն: Վճռական խոսքը Երեւանինը պետք է լինի՝ վերանայում կամ Կովկասում ՆԱՏՕ-ի եւ թուրքերի հետ դեմ առ դեմ մնալու հեռանկար բանաձեւով: Բնականաբար, միայնակ եւ առանց Հայաստանի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...