avtoner

http://Armtimes.comԿենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանին դեռեւս հայտնի չէ՝ իր ավտոմեքենան այրողը ինչու եւ ինչ նպատակով էր դա արել:

Հիշեցնենք, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 02:30-ին այրվել է ՀՀ կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Համբարձումյանը շուրջ մեկուկես ամիս է՝ ինչ նշանակվել է ավտոկայանի տնօրեն: Համբարձումյանն իր աշխատանքի ընթացքում ավտոկայանում օրինականություն է փորձել հաստատել: Այս ընթացքում նրան հաջողվել է տարածքն ազատել գրեթե 2 տասնամյակ այնտեղ անօրինական կերպով գտնվող քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյից (Ռուբեն Կոստանյան):

Նշենք, որ Կենտրոնական ավտոկայանի տնօրենի ավտոմեքենան այրողը ձերբակալվել էր մարտի 21-ին, այնուհետեւ ստորագրությամբ բաց է թողնվել: Նա տվել էր ինքնախոստովանական ցուցմունք՝ օգնել է նախաքննությանը, ցուցմունք է տվել իր արարքների վերաբերյալ՝ իր փաստաբանի ներկայությամբ, մատնանշել էր հանգամանքները, թե ինչ դրդապատճառով է գնացել նման քայլի եւ իր հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: ՀԺ-ին հայտնի էր դարձել, որ մեքենան այրել է 1971 թվականին ծնված Արտակ Թադեւոսյանը, որին, սակայն, չէր ճանաչում ավտոկայանի տնօրենը:

Մեր տեղեկություններով՝ Թադեւոսյանը նշել է, որ սխալմամբ է այրել Համբարձումյանի ավտոմեքենան (այլ ավտոմեքենա էր ցանկանում այրել) եւ պատրաստ է փոխհատուցել պատճառած վնասի համար: Մեր աղբյուրների պնդմամբ՝ Թադեւոսյանը բարեկամական կապեր ունի Նորագյուղցի Բոգոյի հետ: Քննչական կոմիտեից, սակայն, դեռեւս մանրամասներ չեն հաղորդում գործի մասին:

Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանը նշեց, որ Ռուբեն Կոստանյանը ավտոկայանում չի լինում, սակայն տարածքից ոչ հեռու սրճարան ունի, այնտեղ է հաճախ լինում:

Մեր հարցին, թե վարորդների վրա դարձյալ ճնշումներ կա՞ն, Համբարձումյանը պատասխանեց. «Դեռեւս ոչ»:

Մեր հարցին, թե Կոստանյանը դարձյա՞լ ապօրինի ավտոմեքենաներով խանգարում է այլ երթուղիների ուղեւորահոսքին, Համբարձումյանը պատասխանեց. «Մենք ուշադիր ենք, որ ապօրինի ոչինչ չլինի: Տեսչական մարմինն էլ է հաճախ գալիս ստուգում»:

Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանն էլ ասաց, որ Արտակ Թադեւոսյան անունով մարդու չի ճանաչում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...