Համարձակ, անկեղծ, նորարար. Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը ներկայացնում է կոմպոզիտորների նոր սերնդին – Լուսանկարներ

- in Մշակույթ
Erazhshtutyun

Մշակութային օջախներին դասվող տուն-թանգարանները կենդանի շնչով են ապրում ոչ միայն նրանցում ամփոփված մշակութային արժեք ներկայացնող ցուցադրություններով և գիտական ուսումնասիրություններով ու մշակումներով, այլ նաև նորօրյա արվեստային մթնոլորտի բացահայտումներով:

Դրա վկայություններից մեկն է ներկայումս ստեղծագործող երաժիշտների հետ հանդիպումների շարքը Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում: Կոմպոզիտորների երիտասարդ սերնդի ներկայացուցիչների արվեստը բացահայտող հանդիպումների շարքն այստեղ մեկնարկել է անցյալ տարի: Հերթական՝ երրորդ հանդիպումը 2019թ. ապրիլի 19-ին էր: Թանգարանի իրավասության ներքո գտնվող փոքրիկ համերգասրահում քննարկման առարկա դարձան վեց հայ հեղինակների ստեղծագործություններ, ընդ որում մեկը՝ իմպրովիզացիան՝ երկուսի հեղինակությամբ էր: Տարիքային ոչ մեծ տարբերություն ունեն նրանք, սակայն տարբերվում են իրենց փորձառությամբ և ներկայացրած երկերի հասունությամբ: Մի հեղինակի համար իր կողմից իբրև քննարկման առարկա դարձրած ստեղծագործությունը հանպատրաստից մտքերի արձանագրումն է՝ երաժշտական երկի շրջանակում, մյուսի համար՝ փորձարարական հնարքների մեղեդային արտահայտություն, երրորդի համար՝ ներանձնականի նյութականացումը՝ հայտնի թեմաների նորովի մեկնությամբ, մի այլ դեպքում էլ՝ արվեստների փոխկապակցված համադրում՝ երաժշտական ուղեկցությամբ կառուցված:

Թանգարանի աշխատակից Հասմիկ Համբարյանը հանգամանալից և հիմնավոր կերպով էր նախապատրաստվել քննարկանը. նրա մատուցմամբ՝ ներկաների համար հստակ ուրվագծվեցին ոչ միայն տվյալ ստեղծագործության կառույցն ու յուրահատկությունը, այլ նաև դրա հեղինակի անցած ուղին, արվեստային նախասիրությունները, ստեղծագործելու կերպը և այլն: Բայց սա պարտադրանք չէր՝ ստեղծագործությունների ընկալման համար, հանդիսականն ազատ էր իր կարծիքը կազմելու և արտահայտելու, բանավիճելու և առաջարկություններ ներկայացնելու: Հյուրերի ու հեղինակների կարծիքների, երկխոսության միջոցով փորձ արվեց բացահայտելու մասնակից կոմպոզիտորների ստեղծագործական դիտանկյունները: Երաժշտական երկերը ներկաներն ունկնդրեցին կենդանի կատարմամբ կամ ձայնագրությամբ: «Ինչու՞ ենք Երևանի պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանողին և երաժշտական բուհը շուրջ 10 տարի առաջ ավարտած կոմպոզիտորին ընդգրկել միևնույն նախագծում՝ կհարցնեք դուք,- բացման խոսքում ասաց Հասմիկ Համբարյանը:- Նպատակն է կոմպոզիտորական ասպարեզում տարբեր ճանապարհներ անցած, զանազան սկզբունքների համակարգեր մշակած և լուծումներ գտած երիտասարդ ստեղծագործողների փորձի փոխանակումը և երկխոսության հնարավորությունը ինչպես հանդիսատեսի, այնպես էլ` միմյանց հետ»:

ՄԱՆԿԱԿԱՆ ԽՄԲԵՐԳ՝ ՀԱՍՄԻԿ ԱՐՇԱԿՅԱՆԻՑ

Հարկավոր է հատուկ երաժշտական ճաշակ և ժամանակի զգացողություն ունենալ՝ մանկական երաժշտություն գրելու համար: Մանկանց համար գրված որակյալ երաժշտական երկերի ակնհայտ պակաս կա մեզանում: Եղածներից շատերը «կաղում են» մեղեդու կառույցի անկատարության, անբովանդակության առումով: Գույն ու երանգից զուրկ, տպավորվող մեղեդայնություն չունեցող, խոսքի աններելի պարզունակությամբ՝ այդ գործերը հաճախ հրամցվել ու շարունակում են հրամցնել աճող սերնդին, որի գեղագիտական դաստիարակությունը պետք է համարվի առաջնային խնդիր թե՛ կրթական-մշակութային հաստատությունների և թե՛ ստեղծագործական միությունների համար: Ինձ գոնե հայտնի չէ նման համալիր, փոխկապակցված և հեռանկարին ծրագիր, որը համապարփակ ձևով կծառայի մանկանց և պատանիների ու աղջիկների հոգեկերտվածքի ձևավորմանը՝ մշակութային դաստիարակության ուղով: Հատուկենտ և կցկտուր կազմված ծրագրերը մեծ արդյունք չեն կարող տալ, համընդհանուր ճաշակ չեն կարող ձևավորել: Այս գլոբալ խնդրի շուրջն էին մտածումներս, երբ քննարկվում էր Հասմիկ Արշակյանի մանկական «Տիկնիկ» խորագրված խմբերգը, որ կատարեց Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի փոքրիկների երգչախումբը (խմբավար՝ Նաիրի Պարտակչյան): Ուրախ, ծիծաղկոտ տիկնիկի կերպարը անկեղծ ձայներով կենդանացնող փոքրիկների կատարումը, իհարկե, վառվռուն էր, նրանց հետ տարվող աշխատանքը՝ գնահատելի: Գործն ականջի համար հաճո էր, իր ոճի մեջ բնական, զգացվում էր, որ երեխաներն իրենց կերպավորած հերոսին պատկերցնում են, և այն մատչելի է՝ ընկալման համար:

Հասմիկ Արշակյանն ինքն էլ մասնագիտությամբ խմբավար է, ուսանել է նաև Երևանի պետ. կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում: Կ. Սարաջյանի անվ. երաժշտական դպրոցում որպես խմբավար և տեսական առարկաների ուսուցիչ աշխատելիս էլ հենց սկսել է գրել մանկական խմբերգեր: «Հեքիաթ աշխարհ», «Յոթ գույն» և այլ խմբերգեր, «Տեղեկատու» մյուզիքլ… Սրանց շարքում նոր ներկայացված խմբերգը գալիս է լրացնելու մանկական երգարվեստի՝ մեզանում առկա բացը: Քննարկման մասնակիցների կողմից առաջարկը՝ լրացնելու խմբերգը տեքստի բովանդակությանը հարիր ձայնարկություններով, հեղինակի կողմից դրականորեն ընդունվեց: Կարևորվեց այն հանգամանքը, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել երաժշտական ստեղծագործությունների գրական հենքի որակի վրա: Կարևոր է, որ երաժշտությունը մատչելի լինելու հետ մեկտեղ հիշվի իր մեղեդային կառույցով, համապատասխան լինի տվյալ տարիքային խմբի հոգեկառույցին, հաշվի առնվեն մեր ժամանակներով թելադրված պահանջները, առաջընթաց քայլեր արվեն մանկական երգարվեստում՝ երաժշտա-որակական և բովանդակային և դրանց փոխկապակցվածությունն ապահովելու, առավելագույնս ներդաշնակելու առումներով: Խոսք գնաց նաև, ընդհանրապես, մանկական երգարվեստի մերօրյա խնդիրներից…

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԿԸ՝ ՀԱՆՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ. ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արթուր Հարությունյանն իր գործերը հաճախ համեմատում է ճարտարապետական կառույցների հետ: Մինչ գրելը պատկերացնում է ամբողջական կառույցը, երբեմն սկսում է վերջից, ապա գալիս դեպի սկիզբ: «Շատ դժվար է խայտաբղետ աշխարհում ունենալ երաժշտական լեզու և հավատարիմ մնալ դրան»,- սա Արթուրի մտորումն է երաժշտության վերաբերյալ: Վարդան Աճեմյանի կոմպոզիցիայի և Ռոզա Թանդիլյանի դաշնամույաին դասարանների շրջանավարտը նաև Ամերիկյան համալսարանի՝ համակարգչի և տեղեկույթի գիտության մագիստրոսի աստիճան ունի, և երկու ոլորտների մեջ ընդհանրություն է գտնում, քանի որ երկուսն էլ ստեղծարար գործոն են պարունակում: Ելնելով իր ստեղծագործությունների բովանդակությունից՝ կարելի ենթադրել, որ դրանք քնարական-ռոմանտիկ և դրամատիկ բնույթ ունեն. «Հավաքելով լույսի կտորները, սպասելով լուսաբացին», «Լաց կամ ողբ պատանության» և այլն: Երբեմն բառերի անիմաստ շարադրանքով, ոչինչ չներկայացնող տեքստերով լցնելով երաժշտական երկի տարածքը, ասես, տեղ է թողել հետագայում այդ տեքսը իմաստավորելու համար… Իսկ գուցե հոգում տիրող դատարկության դրամատիկ զգացողությու՞նն է թելադրել տեքստի նման ընտրությունը, կամ բառերի անզորությու՞նը՝ հաղորդելու ապրումի ծավալն ու խորքը: Նման «ոչինչ չասող» տեքստերի ընտրությունը, որքան էլ ժամանակակից հնարք դիտվի, ունի վիճելի կողմեր և առանձին քննարկման առարկա, թերևս, դառնա: Իսկ երեկոյին Արթուր Հարությունյանը կատարեց իր հեղինակած «Պիգմալիոնի լեգենդը» դաշնամուրային ստեղծագործությունը` բաղկացած չորս բաժնից՝ «Արձան», «Կենդանացած արձան», «Արձանի բեկորները անկումից հետո», «Հուշեր արձանի մասին»: Անտիկ քանդակագործ Պիգմալիոնի մասին լեգենդի ձևափոխելով՝ հեղինակը ստեղծել է փշրված անուրջների մասին դաշնամուրային մի դրամատիկ երկ, որում երաժշտական թեման որոշակի տոնայնության փոփոխությամբ կրկնվում է երկու մասերում, երկրորդ մասում՝ վառ-ոգևորված է, հետո հաջորդում են նկուն տրամադրությունները: Անձնական նեղ ապրումի, գուցե սիրո և հաջորդած հիասթափության զգացումները հիմք են դարձել ամբողջական, ձևի մեջ սեղմ, բովանդակությամբ լեցուն գործի ստեղծման, որի վերլուծության ժամանակ հնչեցին իրարամերժ կարծիքներ: Կարծքիներ եղան, թե նկատվում են տարբեր կոմպոզիտորական դպրոցների և ուղղությունների ազդեցություններ, մեկ ազդեցիկ գնահատվեց երկի սկիզբը, մեկ էլ կարծիք հնչեց, թե առավել ազդու էր վերջնամասը: Հեղինակը խոստովանությամբ, ինքն ուղությունների և ազդեցությունների մասին չի մտածել՝ երկն արարելիս: Ինքնին այն պատկերավոր էր, հուզական առումով՝ լեցուն, հեղինակի խոստովանությամբ՝ ինքնաբուխ:

ՄԵԿ ՆՈՏԱՅԻ ՎՐԱ ՀԵՆՎԱԾ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ՍԱՐԵՆ ՋՈՒՐ ԿՈՒԳԱ»-Ն

«Համեմատած նախորդ տարիների, ես զգում եմ, որ հնչողությունս բացվել է։ Առաջ օգտագործում էի շատ ծայրի ռեգիստրներում խիտ հնչողություններ, խիտ ակկորդներ, կլաստերներ, բայց հիմա դրանց կարիքը չեմ զգում։ Ռեգիստրներս նույնն են մնացել, բայց հնչողությունը բացվել է։ Միգուցե 1 նոտա միայն վերցնեմ՝ օկտավաներով, արձագանքներով, այդ նոտայի օբերտոնային շարքից օգտվեմ։ Բացի այդ, կոնսոնանս ինտերվալների հանդեպ «վախս» հիմա անհետացել է:

Ստեղծագործության ձևը սովորաբար կա՛մ աղոտ եմ պատկերացնում գրելուց առաջ, կա՛մ ընդհանրապես չեմ պատկերացնում։ Հիմնականում գրելու ընթացքում եմ որոշում` ինչից հետո ինչ պիտի լինի։

Էներգետիկա բառի փոխարեն հիմա կասեմ տրամաբանորեն զարգացող ու անընդհատ ուկնդրին լսել ստիպող երաժշտություն»,- ահա սա է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնի ուսանող Անահիտ Գրիգորյանի մոտեցումը: Անցյալում նա, իբրև ստեղծագործելու կարևոր նախապայման, նշում էր հոգեկան անդորրը: Երբ մտահոգությունները չեն խոչընդոտում, նա նստում է դաշնամուրի մոտ և, իր խոսքերով, ոչ թե որևէ երևույթ է նկարագրում երաժշտության միջոցով, այլ հենց ինքնին երաժշտությունն է գրի առնում: Ստեղծագործելիս, ինչպես և կյանքում առհասարակ, Անահիտն առաջնորդվում է «ապրիր պահով, մի տարվիր ուրիշների մտքերով» կարգախոսով. դու դու ես, երբ անում ես ինքնաբուխ գործողություններ, երբ ընտրում և գրում ես հենց այն նոտաները, որոնք տվյալ պահին այցելում են քեզ:

Եթե երաժշտության մեջ կա էներգետիկա, ապա դա լավ երաժշտություն է,- սա Անահիտի համոզմունքն է:
Այսպես, մի նոտայի տարբեր հնչման վրա հենվելով նա կառուցել է «Սարեն ջուր կուգա» ստեղծագործությունը` ձայնի և դաշնամուրի համար, որ կատարեց Մարիամ Հովհաննիսյանը (սոպրանո): Այն ժողովրդական երգի մեկնության կամ մշակման հետ չի առնչվում. ձայնով մի տողը զանազանակերպ արտաբերելով և մի նոտայի հնչողության ուժեղացմամբ ու թուլացմամբ՝ ստեղծվում է էքսպերիմենտալ արվեստի մի նմուշ, որը ներկաներից շատերը դրական գնահատեցին:
Մեր կարծիքով՝ սա ընթացք է, փնտրում ճանապարհի սկզբին, հնչյունի «գույնի» ուսումնասիրում, անսովոր քայլեր կատարելու համարձակություն, որ հեղինակին կարող է բերել հետաքրքիր հանգրվանների:

ՆԱՐԵԿԱՑՈՒՆ ԴԻՄԵԼՈՒ ՓՈՐՁ. ԷԼԵՆ ՅՈԼՉՅԱՆ

Նարեկացուն Էլեն Յոլչյանը դիմել է եռակի: Երրորդ անգամ Նարեկացուն է անդրադարձել «Սերհեքիաթ» մելոդեկալամացիան գրելիս: Այն արվեստների խառնուրդ է, մեր գնահատմամբ՝ մոնո-ներկայացում, որում ընթերցողների խոսքին զուգահեռ, իբրև երաժշտական ուղեկցություն, ֆոն ծառայում է երաժշտությունը: Ընթերցվող տեքստի քննադատությունից մինչև երաժշտության դիտարկումը բանավեճի առիթ դարձան: Արդյո՞ք երաժշտությունը, որքան էլ որ ճաշակով էր կազմված, երկրորդային դեր չուներ այս ստեղծագործությունում, արդյոք ընդունելի՞ է վերջաբանի նարեկացիական տողերի հարևանությամբ գործածել առօրյա- խոսակցականի տարրեը կրող տեքստեր, որո՞նք էին ողջ այս ներկայացման հիմնասյուները՝ ճիշտ ընտրված արտահայտություննե՞րը, թե՞ գործիքային որոշ շեշտադրումներ: Ընդհանուր առմամբ, արվեստներից ունեցած անմիջական ազդեցությամբ արագ գրված, կարելի է ասել էքսպրոմտային, էքսպերիմենտալ այս գործը դրականորեն գնահատվեց: Հուսանք այս փորձը և քննարկմանը հնչած կարծիքներն ու դիտողությունները մտորելու և եզրահանգումներ կատարելու հիմք կդառնան հեղինակի համար:

«ՆՈՎԵԼԵՏ». ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱ՝ ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՄԲ

Գեղարվեստական երկի հանպատրաստից ստեղծումը կատարման ընթացքում՝այն էլ երկուսի համահեղինակությամբ, հաջող ընթացք է ունենում, երբ տրամադրող միջավայրում որոշակի հոգեվիճակում նույնահունչ հույզով, վերին թելադրանքով գործում են՝ իմանալով, որ դա է՛լ չի ունենալու կրկնություն, չի՛ երկրորդվելու, չի՛ պատճենվելու… Նման ստեղծագործական համագործակցության արդյունք են կոմպոզիտորներ Վահրամ Սարգսյանի և Դավիթ Բալասանյանի երաժշտական իմպրովիզացիաները: Առաջինը՝ ձայնով, երկրորդը՝ դաշնամուրային կատարմամբ փորձել են հանպատրաստից ստեղծագործել միասին ու միաժամանակ՝ մտորելով նույնի շուրջ, զգալով նույնը, նու՛յն հուզական միջավայրում, ապրելով նույն հոգեհոսքը: Ջազի և իմպրովիզացիայի կամայականորեն կիրառվող որոշ մոդեռնիստական հոսանքների համադրումով ստեղծված «Նովելետը», ասես, պահի, տրամադրության արձանագրումն է, բազմակետերով սկսվող և ավերջության նշանով ավարտվող ձայնարձակումը, որի վերծանումը, թերևս, կարող լինել միայն նրանում զուգահեռված երաժշտական ուղղությունները զատելու մակարդակում…

«Իմպրովիզացիոն սկզբունքը սեպված է ստեղծագործական աշխատանքի հիմքում,- իր արվեստն է ներկայացնում Վահրամ Սարգսյանը, որ ներկայումս ապրում և ստեղծագործում է Կանադայում։- Նույնիսկ ամենայն մանրամասնությամբ նոտագրված երաժշտությունը (եթե այն չի հետևում նախապես նշագծված մի ինչ որ հստակ ձևակազմության) ստեղծվում է իմպրովիզացիայի արդյունքում, այն կարող է հնչել մտքում միայն, կարող է վերածվել նվագի բազում տարբերակների, որոնցից բնական ընտրության միջոցով թղթին է հանձնվում ամենաանբռնազբոս տարբերակը։ Ժողովրդական երգից, նույնիսկ շարականից մինչև կորեական պանսորի, պիգմեյների պոլիֆոնիկ երգեցողությունից մինչև Բոբբի ՄըքՖերրըն, բոլորը այս կամ այն չափով իմպրովիզացիայի դրսևորումներ են։ Այս իմաստով սա միշտ եղել է իմ արվեստի մի կարևոր մասը։ Վերջին 5 տարիների ընթացքում, սակայն, իմպրովիզացիան վերածվեց ինձ համար մի առանձին գործունեության։ Ամեն բան սկսվեց սեփական ձայնիս հետ որոշ փորձարարություններ իրականացնելով։ Արդյունքում բացվեց մի անսահման դաշտ, եթե չասեմ տիեզերք, որ է ժամանակակից էսպերիմենտալ վոկալը։ Շատ չծավալվելով նշեմ, որ իմպրովիզացիան, որ պետք է ներկայացվի, այս ժանրի ամենազտարյուն, մաքուր դրսևորումն է, այսինքն որևէ ոճ, նյութ, թեմա, գաղափար, ձև, լադ, բնույթ, նույնիսկ տևողություն նախասահմանված չի եղել։ Արդյունքում սակայն, ստեղվել է ջազային ծանրակշիռ ազդեցությամբ մի պոեմ։ Այստեղ վոկալը ներկայացնում է ապրող, միջավայրին յուրովի արձագանքող, մի քիչ անհանգիստ, էմոցիոնալ, խտացված մի հավաքական կերպար․ երբեմն մրթմրթացող, դժգոհող, երբեմն երազող, ցավացող, հրճվող, զվարճացող, կարոտող,- մի խոսքով՝ կենդանի շունչ։ Այստեղ թե՛ կերպարը, թե՛ վոկալը կարծես ազատություն են խորհրդանշում՝ մանկական, անմիջական և անպաշտպան, խոցելի ազատություն»։
Վահրամ Սարգսյանի և Դավիթ Բալասանյանի համատեղ ստեղծած արվեստը, իրենց իսկ բնութագրմամբ «մետամորֆոզի և շարունակական փնտրտուքի, թրծման և հղկման ընթացք ունեցող՝ բյուրավոր ներգործություններով և հակազդեցություններով շաղախված խճանկար է»։ Հեղինակները կարևորում. են նաև ունկնդրի ընկալման շրջանակների ընդլայնումը, իրենց հետ երկխոսության մեկնարկը՝ մարդկային լսողության ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունների հաշվառմամբ:

Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի գնահատմամբ, «Նովելետը» մեդիտացիոն ջազ է: Հեղինակների համար բացարձակ կոնցեպտուալ արվեստը խորթ է։ Իրենց իսկ խոսքով, «ինքուրույն և ինքնաբավ կոնցեպտներ և կառուցվածքներ գեներացնելու փոխարեն» փորձում են տարբեր երաժշտական արտահայտչամիջոցներով կապ հաստատել և զրուցել մարդու հոգևոր «ես»-ի հետ:

Հասմիկ Սարգսյան

На данном изображении может находиться: 11 человек, люди стоят и в помещенииНа данном изображении может находиться: 12 человек, люди стоятНа данном изображении может находиться: 2 человека, люди сидят и в помещенииНа данном изображении может находиться: 2 человека, люди стоят и обувьНа данном изображении может находиться: 5 человек, люди сидят, люди стоят и в помещенииНа данном изображении может находиться: 3 человека, люди сидятНа данном изображении может находиться: 20 человек, люди стоят

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...