2018 թ. ապրիլին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու դեպքեր չեն եղել

- in Կարծիք, Պաշտոնական

«Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի։ Այդպես է լինելու նաև վաղը», – հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանն՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում՝ Սահմանապահ զորքերի օրվա միջոցառման ժամանակ։

Հայաստանում այսօր նշվում է Սահմանապահ զորքերի օրը. «Մեր հայրենիքի սահմանները սրբազան են և այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության ու նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում դուք եք։ Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ծառայությանը վերաբերվում է համապատասխան բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի կառավարությունը և ողջ ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որտեղից սկսվում է մեր ապահովությունն ու անվտանգությունը։ Սահմանից է սկսվում նոր Հայաստանի վերելքը, չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների»։

Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձել է ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանների հայտարարությանը, թե ԱԱԾ-ն ուղղորդված քննություն է իրականացնում այս գործով. «Ես չեմ ուզում նման հայտարարությունները մեկնաբանել: Հայաստանում 2018 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու դեպքեր չեն եղել: Մենք բոլորս ստեղծել ենք իրավական պետություն, և ԱԱԾ-ն այդ գործում ունի իրա առանցքային դերակատարությունը»:

Արթուր Վանեցյանը մանրամասնեց, որ այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, տարբեր մարդկանց առերեսումներով: Արթուր Վանեցյանն ասաց, որ չխախտելով Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ բոլորին հորդորում է մի քիչ համբերել, երբ գործն արդեն կուղարկվի դատարան. «Եվ դատարանում հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում, և հանրությունը կգնահատի այդ ապացույցների իսկությունը»:

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ տեղեկությանը, որ ՊՎԾ կալանավորված պաշտոնյաներից Սամվել Ադյանը ազատ է արձակվել կալանքից: Նա ասաց, որ գիտեր՝ այս հարցը կշահարկվեր. «ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչը, ինչպես նաև գործը հսկող դատախազը բողոքարկել են որոշումը, և դատարանը նպատակահարմար է գտել ազատ արձակել պարոն Ադյանին: Մենք ներկայումս բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան և կսպասենք դատարանի որոշմանը»:

ՊՎԾ մյուս կալանավորված, բայց ազատ արձակված աշխատակից Տարոն Ավետիսյանին անդրադառնալով՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ եթե նպատակարահարմար են գտել ազատ արձակել, այդպես են արել: Կա դատախազություն, վերահսկում է նախաքննության ընթացքը. «Եվ եթե մենք թույլ տանք որևէ խախտում, հավատացած եղեք, որ դատախազությունը կարձագանքի համապատասխան կերպ: Ես մի բան եմ ուզում բոլորին ասել՝ խնդրում եմ չշահարկել առհասարակ այդ գործը: Մեծ աղմուկ է ստացել պարոն Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը և իրեն մեղադրանք առաջադրելը: Ես ուզում եմ ասել մեկ բան՝ ես որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով վերապահված իմ բոլոր լիազորությունները: Անկախ նրանից, մեղադրվող անձը կլինի իմ ազգականը, բարեկամը, ընկերը, զինակիցը, եթե խախտել է օրենքը, պետք է պատասխան տա»:

Նա նշեց, որ եթե նախաքննության ընթացքում ԱԱԾ աշխատակիցները թույլ կտան անօրինականություններ, նրանք ևս պետք է պատժվեն: Եվ նրանց պատիժը պետք է լինի առավել քան խիստ: