Հայաստան – Եվրոպա հարաբերության «խոհանոցում» ի՞նչ թեմաներ են քննարկվում

- in Վերլուծական
Hayastan EM

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովում վարչապետ Փաշինյանի ելույթի առանցքային գծերից մեկը բավական նուրբ անդրադարձն էր Հայաստանի հանդեպ Եվրոպայի պատասխանատվության խնդրին:

Ելույթը սկսելով նախկին իշխող համակարգում իր անձնական ընթացքի, եւ դրանում Եվրոպայի Խորհրդի դերակատարման պատմությամբ, Նիկոլ Փաշինյանը գործնականում մի կողմից փաստացի երախտագիտություն հայտնեց Եվրոպայի Խորհրդին՝ իր անձնական ազատության եւ անվտանգության համար, մյուս կողմից դրանով ստեղծեց որոշակի քաղաքական հիմք Հայաստանի ազատության եւ անվտանգության համար Եվրոպայի Խորհրդի թերպատասխանատվությունը մատնանշելու համար: Իսկ այդ հանգամանքին նա անդրադարձավ ապրիլյան քառօրյայից առաջ ԵԽԽՎ-ում երկու բանաձեւի քննարկումով Ադրբեջանի ագրեսիայի քաղաքական լեգիտիմություն ապահովելու մասին հիշեցումով:

Վարչապետ Փաշինյանը Եվրոպային փաստացի ազատեց Հայաստանում իշխած ամբողջատիրական, քրեաօլիգարխիկ համակարգի գործունեությունը լեգիտիմացնելու պատասխանատվությունից, այդ պատասխանատվության թեկուզ ոչ հիմնական, բայց կարեւոր մասնաբաժնից: Բանն այն է, որ այդ համակարգի գործունեության հիմնական մասնաբաժինն ու այսպես ասած «հսկիչ փաթեթը» գտնվել է իհարկե Ռուսաստանում, ոչ թե Եվրոպայում:

Մյուս կողմից, սակայն, Եվրոպան տարիներ շարունակ տարբեր ֆորմատներով գործակցելով այդ համակարգի հետ, փաստացի ստանձնել է դրա պահպանման պատասխանատվության իր որոշակի բաժինը: Այստեղ իհարկե գուցե խոսքը «հավի եւ ձվի» պատմության մասին է: Այսինքն, եթե Եվրոպան միարժեք եւ կոշտ մերժեր իշխող համակարգի վերարտադրությունն ու գործունեությունը, արդյոք դրանով կբերեր Հայաստանի ժողովրդավարացման, թե՞ էլ ավելի խորը եւ անհույս կմղեր ռուսական ազդեցության ճահիճ: Ավելի հավանական է երկրորդ տարբերակը:

Վարչապետ Փաշինյանն իր անձնական պատմությամբ եւ դրանում Եվրոպայի Խորհրդի բարերար դերակատարման մատնանշումով փաստացի փակեց նախկին իշխող համակարգի գործունեության հարցում Եվրոպայի պատասխանատվության հարցը, որ անկասկած առկա էր Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակներում եւ որի մեջ եղել է նաեւ հենց ինքը՝ Փաշինյանը, իր լրագրողական եւ ընդդիմադիր գործունեության շրջանում:

Ստրասբուրգում, արդեն վարչապետի կարգավիճակում, նա փաստորեն արձանագրեց, որ Եվրոպայի Խորհուրդը այդուհանդերձ դրական դեր է ունեցել Հայաստանում ժողովրդավարության թեկուզ հարաբերական ներկայությունն ապահովելու եւ նախկին իշխող համակարգին իրավականության որոշակի շրջանակում պահելու համար, մի կողմից ընդունելով այդ համակարգի գոյությունն ու գործակցելով, աշխատելով, փաստացի նպաստելով համակարգի լեգիտիմացմանը, մյուս կողմից այդ կերպ նախկին համակարգին մղելով թեկուզ թույլ, ոչ համակարգային, բայց ժողովրդավարական եւ իրավական քայլերի:

Այդ առումով, Փաշինյանի ԵԽԽՎ ելույթը փաստացի լուծում էր «գիծ քաշելու» եւ դիլեման փակելու խնդիր: Միեւնույն ժամանակ, նա փաստորեն բացեց նոր «դիլեմա», դնելով անվտանգային միջավայրի համար Եվրոպայի պատասխանատվության խնդիրը: Մի հանգամանք, որը գործնականում եղել է հայ-եվրոպական հարաբերության, Հայաստանի եվրաինտեգրացիայի դեմ ամենակիրառական գործիքներից մեկը:

Կարո՞ղ է Եվրոպան հուսալի անվտանգային գործընկեր լինել Հայաստանի համար, չունենալով ժողովրդավարական «նախապայմաններ», թեկուզ չբարձրաձայնված տեսքով: Անկասկած է, որ այդ թեման եղել է Հայաստան-Եվրոպա հարաբերության «խոհանոցում», ընդհուպ Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրումը 2017 թվականի նոյեմբերին:

Այժմ, երբ Եվրոպան գործնականում չունի ներքին ժողովրդավարական հարցերում Հայաստանի իշխանության հետ «կոմպրոմիսի» անհրաժեշտություն եւ Հայաստանի իշխանությունը ստանձնում է գործնականում լիարժեք պատասխանատվություն ներքին միջավայրի համար, պատրա՞ստ է արդյոք Եվրոպան Երեւանի հետ քննարկել արտաքին անվտանգային միջավայրում ավելի մեծ պատասխանատվության հարցը:

ԵԽԽՎ ամբիոնն օգտագործելով, Նիկոլ Փաշինյանը տողատակում շոշափում էր Եվրոպայի հետ այդ քննարկումը ծավալելու պատրաստակամության հարցը, հիշեցնելով ապրիլյան պատերազմի համար պատասխանատվության եվրոպական մասը: Գործնականում, Երեւանն այդպիսով արձանագրում էր, որ Հայաստան-Եվրոպա հարաբերությունն այլեւս չունի ժողովրդավարության թեմայի վրա ծանրանալու անհրաժեշտություն, քանի որ կողմերն այլեւս խոսում են սկզբունքորեն նույն լեզվով: Երկխոսության երկուստեք արդյունավետ ծանրության կենտրոնը պետք է լինի անվտանգային արտաքին միջավայրի, ռեգիոնալ անվտանգության համակարգի հարցը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...