Sashik Sargsyan

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, գտնվում է եվրոպական երկրներից մեկում: Այս մասին իր դատական նիստից առաջ հայտնեց նրա որդի Հայկ Սարգսյանը:

«Հիմա հայրս Եվրոպայում է, մեկնել է հանգստանալու նպատակով։ Նա Հայաստան անպայման վերադառնալու է, ուղղակի չգիտեմ, թե երբ»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ հեռախոսով հոր հետ ամեն օր զրուցում է:

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:

Նշենք, որ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ 2019թ. մարտին, սակայն, հայտնի դարձավ, որ գործը քննող քննիչը թույլ է տվել Սարգսյանին լքել ՀՀ տարածքը։

2019 թվականի մարտի 6-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:

Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար:

Թիվ 58213018 քրեական գործի նախաքննության ընթացքում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Դեռևս կալանքի տակ է պահվում Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվեհամարին առկա 3 միլիոն 855 հազար 760 դոլարին համարժեք 1 միլիարդ 873 միլիոն 899 հազար 360 դրամ գումարը, և առաջիկայում նախատեսվում է կալանքի տակ պահվող գումարը ևս ուղղել հարկային պարտավորությունների կատարմանը:

Հաղորդվել է նաև, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում նա կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...