Zinvor

«Պաշտպանության նախարարը ոչ միայն հայտարարել է, որ պետք է ավելացնել գրոհային ուժերը, այլ արդեն մենք այդ փուլում ենք: Այդ թվում՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով մեր տեսլականը դրան է միտված, ինչպես պաշտպանության նախարարը հայտարարել է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նա նշեց, որ Հայաստանը կարող է նաև հակառակորդին պարտադրել խաղաղությունը: Պաշտպանության նախարարի հայտարարությունը հենց դրան է միտված: «Ամբողջ հասարակությունը պետք է կարողանա ընկալել, որ խաղաղությունը որևիցե մեկը նվեր չի տվել ՀՀ-ին: Այդ խաղաղությունը, հարաբերական անդորրը, որն այսօր կա, դա պարտադրված է հակառակորդին: Եվ եթե հակառակորդը նորից փորձի սանձազերծի, մենք նորից պարտադրելու ենք խաղաղություն: Իսկ այդ խաղաղությունը պարտադրելու միջոցները տարբեր են»,- ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, թե ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը ահաբեկչություն է, Բալայանը պատասխանեց. «Որևիցե մտահոգություն չունեմ դրա հետ կապված, որովհետև ամբողջ աշխարհն արդեն գիտի, թե ինչքան է իրենց հայտարարություններն ու գործն իրարից տարբերվում:

Ահաբեկչությունը ինչպես միջազգային օրենսդրությամբ, այնպես էլ ՀՀ Քրեական օրենսգրքով հստակ սահմանումներ ունի, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով, որոնց միացել են ՀՀ-ն ու Ադրբեջանը: Եվ եռանախագահող երկրները մաս են կազմում այդ միջազգային փաստաթղթերին: Այնտեղ որևէ մի դրույթ չի կարող մեկնաբանվել, չի կարող Պաշտպանության նախարարի ասածները որակվել ահաբեկչական: Միգուցե մեր գործընկերները ծանոթ չեն այդ միջազգային փաստաթղթերին և ֆանտաստիկայի ժանրից ուղղակի հայտարարություններ են անում»:

Կառավարությունը չի ընդունում ԱԺ ԲՀԿ խմբակցության առաջարկը՝ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ըստ դրա, հիշեցնենք, ԲՀԿ-ն առաջարկում է, որպեսզի մարտական հերթապահության մեկնեն արդեն մեկ տարի ծառայած զինծառայողները, քանի որ 18 տարեկան նորակոչիկները անփորձ են:

Կառավարությունը գտնում է, որ այս պահին այդ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը չկա, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնության հիմնավորումներում որևէ վերլուծություն չկա, թե ինչից է ծագել ընդհանրապես այդ խնդիրը:

«Ես ուզում եմ պարզապես փարատել կասկածները, եթե զինծառայողը ուսումնական գումարտակում, ուսումնական զորամասում պատրաստվածություն անցնելուց հետո քննությունը բավարար չափով չի հանձնում, նա այդ հերթապահության մեջ չի ընդգրկվում»,- ասաց Բալայանը:

Նա նշեց, որ կառավարությունը հիմա քննարկում է ուսումնական փուլից հետո մարտական ծառայության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր զինվորական ծառայությունն ավելի նվազ սահմանելու նպատակահարմարությունը: Ըստ այդմ՝ մարտական հերթապահության մեջ չընդգրկված անձնակազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետն էլ ավելի երկար կսահմանվի:

Գաբրիել Բալայանը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որից, ըստ նրա, պարզ երևում է, որ արդեն իսկ մեկ տարի ծառայություն անցած զինվորական անձնակազմի շրջանում շատ ավելի են այն դեպքերը, որոնք ցանկալի չեն բանակում: Մասնավորապես, խոսքը մահվան ելքով դեպքերի մասին է, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնողների կողմից: Եվ շատ ավելի նվազ են մինչև մեկ տարի ծառայության ընթացքում արձանագրված դեպքերը. «Մեջբերեմ 2014-2019 թվականների մարտի մեկի դրությամբ վիճակագրական տվյալները: Մենք ունեցել ենք մինչև մեկ տարի ծառայող 27 զոհ ժամկետային զինծառայողների շրջանում:  Եվ մեկ տարուց հետո ունեցել ենք 142 զոհ, որից 32-ը ապրիլյան պատերազմի ժամանակ»:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Բարգավաճ Հայաստան խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է 18 տարեկան զինծառայողներին չտանել մարտական հերթապահության: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրականում դա հնարավոր է իրականացնել, հատկապես որ արդեն երկու տարի է, որ գործարկվել են տարբեր պետական ծրագրեր, որոնք ծառայության մեջ ներգրավում են ավելի մեծ պատրաստվածություն ունեցող անձանց: Այսինքն՝ համապատասխան ռեսուրս կա, որպեսզի փորձառուները լինեն առաջնագծում:

Ըստ Էնֆիաջյանի՝ երբ անփորձներն են առաջնագծում, դա մեծացնում է դժբախտ դեպքերի թիվը: Տարիքով փոքրերի շրջանում ավելի մեծ են բանակում մահացության ու դժբախտ դեպքերը: Ըստ նրա՝ մտահոգիչ են նաև բանակում ինքնասպանության դեպքերը:

«Մենք այս նախաձեռնությամբ կարողանալու ենք մարտական հերթապահությունում փոփոխություն կատարել: Եվ այդ փոոփոխությունների արդյունքում մենք կարողանալու ենք մարդկային կյանքեր փրկել: Խոոսքը վերաբերում է հետևյալին, որ մարտական հերթապահոություն իրականացնեն ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ նվազագույնը մեկ տարվա ծառայություն անցնելու, փորձառություններ ու հմտություններ ձեռք բերելուց հետո նոր նրանք հնարավորություն ունենան մարտական հերթապահություն անցնելու: Մենք գտնում ենք, որ 18 տարեկանները չափազանց փոքր տարիք են, որպեսզի մարտական հերթապահություն իրականացնեն: Եվ այս հարցին պետք է ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ունենալ»,- նշեց նա:

Էնֆիաջյանը ներկայացրեց նաեւ Իսրայելի փորձը, ըստ որի՝ զինծայողը մեկ տարի ծառայություն է անցնում, որից հետո միայն անցնում է մարտական հերթապահության:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...