Միքայել Հարությունյանի արածը դավաճանություն է, իսկ Միհրան Պողոսյանինը …

- in Կեղտոտ լվացք

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, որ Պաշտպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, այսպես արձագանքեց. Դուք ինձ տանում եք բարոյական դաշտ, ես ունեմ իմ, այսպես ասած, վարքի կանոնները, որոնք ես չէի ուզենա մեկնաբանել: Իսկ դա սահմանափակվա՞ծ է օրենսդրությամբ: Երկրորդ քաղաքացիություն ունենալը սահմանափակված չէ:

Հարցին, թե նորմա՞լ է համարում, որ ՀՀ պաշտպանության նախարարը կարող է լինել երկքաղաքացի, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ ինքն անձամբ նորմալ չի համարում: Բայց օրենքով կարող է լինել:

Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև հարցին՝ նախկին իշխանության օրոք գեներալի կոչումներ պե՞տք է ստանային նման անձինք, Միհրան Պողոսյանի, Միքայել Հարությունյանի օրինակով. Գնահատականը տրվել է այն ժամանակ, որոշումները կայացվել են գերագույն հրամանատարների կողմից և միջնորդվել են Պաշտպանության նախարարների կողմից: Այդ ժամանակվա գնահատականը եղել է այդպիսին, որ հնարավորություն է տվել շնորհելու:

Նա այսօր պատասխանել է նաև հարցին, թե ինչպե՞ս կորակեր այն, եթե ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օրինակով Զինված ուժերի գեներալը ապաստան խնդրեր Ռուսաստանից:  «Դավաճանություն»,- կարճ ասել է Դավիթ Տոնոյանը։

«Սպառազինության տարբեր մատակարարումները, որոնք պետք է իրականացվեն մինչև տարվա վերջ, մյուս տարվա ընթացքում, բոլորի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռքբերված է»,- ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Մոսկվա կատարած այցի արդյունքներին. Ուղղակի մանրամասները չեմ կարող բացել: Երբ որ կմատակարարվի, այն ժամանակ կխոսենք:

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազան «Սու 30»-ով համալրելու մասին հարցին՝ նախարարն ասաց. «Ոուսական բազան մոդեռնիզացվելու է ժամանակի ընթացքում, և համապատասխան որոշումներ են կայացվելու սպառազինության տեսակի և քանակի վերաբերյալ»:
Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդարան Ջոն Բոլթոնի՝ ամիսներ առաջ Հայաստանում արած հայտարարությանը, թե ԱՄՆ-ն պատրաստ է սպառազինություն  մատակարարել Հայաստանին. Դեռևս ես առաջարկ չեմ ստացել: Ճիշտ է, ասել է, ինքն այդ առաջարկությունն արել է, բայց կոնկրետ որևէ առաջարկություն չկա:

Ըստ Տոնոյանի՝ շուկան ուսումնասիրում են որակի, տեսակի և գնի տեսանկյունից. Եթե տեսնենք, որ առաջարկություններն այնպիսին են, որ կարող են ձեռքբերումներ լինել, և դա թույլատրելի լինի Միացյալ նահանգների համար, ինչո՞ւ ոչ:

Իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը անվտանգության հետ կապված որոշակի խնդիրներ է տեսնում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունանն այլ երկրում է գտնվում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ազգային անվտանգության տեսանկյունից մտահոգի՞չ չէ, որ պաշտպանության նախկին նախարարը, ԴԱՀԿ նախկին պետը արտերկրում են, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ԴԱՀԿ պետը տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք կարող են սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը: Պաշտպանության նախկին նախարարի մասով, իհարկե, հնարավոր է լինեն որոշակի խնդիրներ, բայց պարոն Հարությունյանը քանի տարի է արդեն չի աշխատել պաշտպանության նախարար: Ամեն դեպքում Զինված ուժերն անընդհատ փոխում են իրենց ամեն ինչը, որպեսզի այդ արտահոսքը չլինի: Իհարկե, որոշակի խնդիր տեսնում եմ»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...