Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանում պատասխանել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի քննադատություններին:

«Պարոն Պետրոսյան, ուզում եմ հիշեցնել, որ դասախոս չեք և պետք է դադարեք պատգամավորներին ասել ինչ գրքեր ու օրենքներ կարդալ: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերն իրեն չեն երաշխավորել արտահայտել այնպիսի մտքեր, որ մարդու իրավունքների տեսակետից ուղղակի խայտառակություն են: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որի հանդեպ քրեական գործ է հարուցվել:

Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որը Հայաստանում երկրորդ քաղաքում այնպիսի իրավիճակի է հասցրել, որ մինչև հիմա փոսից չեն կարողանում հանել: Հորդորում եմ որևէի մեկի քաղաքական փորձառությունը չդարձնել վերին հեղինակություն և դրոշակ, որովհետև հիմա քաղաքականությունը ոչ թե ավելի հարմար տեղավորվելու մասին է, այլ ավելի ազնիվ, պատասխանատու ու խիզախ լինելու մասին է», – նշել է նա:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում ասաց խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության ներկայացրած նախագծին, և օգնելու է կառավարությանը, որպեսզի գրանցի հաջորդ հաջողությունները»,- ասաց Նազարյանը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում ասաց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Կառուցվածքը պետք է ունենա տրամաբանություն՝ պետք է ենթակառուցվածքները հավաքել մի տեղ, իսկ տնտեսության իրական սեկտորը մի տեղ: Դուք չապացուցեցիք, և չեք էլ կարող ապացուցել, թե այս կառուցվածքով որքանով են մեր գործերն առաջ գնալու: Այն սխալը, որ դուք արել եք կառավարության ծրագրում, արել եք նաև այս կառուցվածքի փոփոխությունների ծրագրում, որովհետև չափելիության մեխանիզմներ չեք դրել: Այս կառուցվածքով դուք տնտեսական հեղափոխություն չեք կարող անել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանշանակ դեմ է քվեարկելու այս նախագծին»,- ասաց Մելքումյանը:

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով իմ բացակայությամբ հեգնել է իմ կողմից գրքեր ու օրենքներ կարդալու հորդորը, հրավիրում եմ բանավեճի՝ ԱԺ գործունեության տիրույթում գտնվող ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅՈՎ, այդ թվում՝ նաև՝ ՀՀ Կառավարության գործունեության հարցերով: Ընդ որում՝ ինքը կարող է ներկայանալ ծածկագրով (ինչպես միշտ), իսկ ես կներկայանամ ձեռնունայն… Հա, ի դեպ, նա մի առավելություն էլ ունի՝ ինքը քայլել է հայտնի քայլարշավի օրոք, ես՝ ոչ… Ես մի թերություն ունեմ՝ իրավունքի դասագրքերի միանձնյա հեղինակ եմ, իսկ ինքը՝ առավելություն՝ հեգնում է կարդացողներին…»:

Հաղորդավարներից մեկն էլ իր էջում, արձագանքելով Գեւորգ Պետրոսյանի գրառմանը, հայտնել էր, որ պատրաստ է կազմակերպել բանավեճը, ինչին ի պատասխան Լենա Նազարյանը գրել էր՝ «Սարսափահար հրաժարվում եմ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...