«Իհարկե, ես նույնպես համարվում եմ շատ տեղեկացված մարդկանցից մեկը, եւ կարծում եմ՝ Հայաստանում շատերը կան, որոնք շատ արժեքավոր տեղեկատվություն ունեն։ Հոկտեմբերի 27-ի քրեական գործը կասեցվեց, եւ կասեցվեց ամեն ինչ, տեսանք՝ ինչպիսի խայտառակ դատավարություն եղավ, եւ ինչպիսի ուժեր խանգարեցին դատավարության ընթացքում։ Այսինքն՝ կար մի ձեռք, որը խանգարում էր այդ ամենին։ Եվ Շիրխանյանի նամակից հետո շատերը, փոխանակ ասեն, որ պետք է այդ նամակում արծարածված նյութն ուսումնասիրվի, ասում են՝ բայց Շիրխանյանը շատ վատ մարդ է եղել։ Հասկացանք, ասենք՝ վատ մարդ է, 27-ը չբացահայտե՞նք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա անդրադարձավ նաեւ այն քննադատություններին, թե Մեղրին հանձնելու՝ Ռոբերտ Քոչարյանի մտադրության մասին նոր են սկսում խոսել․ «Ասում են՝ էդ ո՞նց եղավ, որ Մեղրիի մասին նոր սկսեցիք խոսել։ Ո՛չ, նոր չսկսեցինք խոսել, պարզապես էն ժամանակ Ռ․ Քոչարյանն իշխանության էր, եւ ինքն այդպիսի քայլերը կանխում էր, չէր թողնում, որ զարգանան։ Շատ հանգամանքներ կան, սկսած Նաիրի Հունանյանի եւ Քոչարյանի՝ դռան հետեւում համատեղ հանդիպումից, որի արդյունքում չգիտենք՝ ինչ խնդիր է լուծվել»։

Ինչ վերաբերում է Շիրխանյանի նամակի բովանդակությանն ու դրա հասցեատերերին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այնպիսի տպավորություն է, որ Շիրխանյանի նամակը ոչ թե Ռ․ Քոչարյանին էր ուղղված, այլ ինչ-որ այլ մարդկանց․ «Տպավորություն է, որ այդ նամակն ուղղված էր ինչ-որ անհասկանալի մարդկանց, ասենք՝ Արամ Հարությունյանին կամ Գառնիկ Իսագուլյանին։ Դուք ինչո՞ւ եք պատասխանում Քոչարյան Ռոբերտի փոխարեն։ Նամակն ուղղված է Քոչարյանին, պատասխանում է Արամ Հարությունյանը։ Արամ Հարությունյան, դու ի՞նչ կապ ունես այդ նամակի հետ։ Կամ, մեկ այլ փորձագետ ասում է՝ այդ նամակում կարող է ճիշտ բաներ կան գրված, բայց այդ հարցերի մասին մենք էլ ենք խոսել ժամանակին։ Բա որ խոսել եք, ինչո՞ւ հիմա չեք խոսում։ Չէ՞ որ Մեղրին անձեռնմխելի տարածք է, տարածքների փոխանակման թեմա է եղել, դրանից ավելի մեծ լռություն չի կարող լինե: Հիմա, բնականաբար, ակտիվանալու են բոլոր այն դերակատարները, որոնք ինչ-որ տեղ սպասարկել են նաեւ հոկտեմբերի 27-ից հետո եղած խառնաշփոթ վիճակը․ «Որովհետեւ Քոչարյանն ուներ իր թիմը։ Օրինակ, այսօր ես զարմանում եմ, որ Ալիկ Հարությունյանը ինչ-որ լռություն է պահում, նա էլ ամենակարեւոր մարդկանցից մեկն է եղել»։

Անդրանիկ Քոչարյանը մեր զրույցում ընդգծեց, որ եթե մենք չհասկանանք՝ անցյալում ինչ է եղել, չենք կարողանա հասկանալ գործողությունների ընթացքը․ «Այս նամակը լյուստրացիայի յուրահատուկ ձեւ է։ Մենք, իհարկե, լյուստրացիայի մասին օրենք չենք ընդունել, բայց ամեն այսպիսի իրավիճակներում հստակ երեւում է՝ ով ինչ հանձնարարություն է ստանում, բայց ոչ ՀՀ անվտանգության համակարգի կողմից»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...