Մենք չենք ուզում, որ ներմուծվող էժան ցեմենտի պատճառով տեղական ցեմենտը մահանա

- in Տնտեսական

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու նախագծին, սակայն այն հաստատվեց լրամշակված տարբերակով, այսինքն՝ ցեմենտի ներկրման համար տուրք կսահմանվի ժամանակավորապես:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է, որ ներկրվող ցեմենտի համար պետական տուրքը պետք է ժամանակավոր լինի: Հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում էր կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով տեղական շուկան պաշտպանելու նպատակով կառավարությունը առաջարկում է, որպեսզի ցեմենտի յուրաքանչյուր տոննայի ներմուծման համար կիրառվի տուրք՝ 22 հազար դրամի չափով:

Բաբկեն Թունյանը հստակեցրեց, որ նախագծով պետք է ամրագրվի, որ նշված դրույթը ամրագրվում է այսօր և ուժի մեջ է մնում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը, այսինքն՝ մեկ տարով. «Սա մեր ձեռքում է, կարող ենք հետո էլի երկարացնել, բայց պետք է տեսնենք, թե սա ընթացքում ինչ է տալիս, որպեսզի աչքի փոխարեն հոնքը չհանենք»:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ բոլորի համար շատ կարևոր է տեղական արտադրողին պաշտպանելը, բայց պետք է հասկանալ, որ խնդիրներին պետք է բազմակողմանի նայել. «Մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ տեղական արտադրողներն այսօր փաստացի լուրջ խնդրի առաջ են կանգնած: Եվ այնպիսի տպավորություն է, որ այս խնդիրը հանկարծակի ու նոր է առաջացել, բայց երբ մենք նայում ենք վերջին մի քանի տարիների դինամիկան, տեսնում ենք, որ այս խնդիրը նոր չէ: Ժամանակին վրացական շուկայի ամբողջ ցեմենտի պահանջարկը հայկական ցեմենտով էր ապահովվում: Հետո կամաց-կամաց ոչ միան զրոյի է հասել այդ ցուցանիշը, այսինքն՝ Հայաստանից Վրաստան ցեմենտի արտահանումն այսօր չնչին չափով է, այլև մենք ենք սկսել ցեմենտ ներկրել Իրանից: Դա նշանակում է, որ մենք ունենք խնդիր: Եվ մենք այսօր այդ խնդիրը լուծելու համար ինչ-որ վիրահատական միջամտություն ենք ուզում անել, որը լավ չենք հաշվարկել, թե դրա վերջնարդյունքն ինչ է լինելու»:

Նա նշեց, որ կան ուղղություններ, որոնցով ներկրումներն ավելացնելը կարող է օգուտ տալ երկրին: Եթե խոսում ենք ենթակառուցվածքների զարգացման մասին, ապա էժան ցեմետով շենքեր ու ճանապարհներ կառուցելը մեր պետությանը կարող է օգուտ տալ. «Այս պետական տուրքը պետք է ժամանակավոր լինի, և այդ ժամանակավորը ոչ թե պետք է այն նպատակով լինի, որ այդ կարճ ժամանակահատվածում ընկերությունները տեխնոլոգիական վերազինում անեն, այլ այդ կարճ ժամանակը մեզ պետք է հասկանալու, թե իրականում այս շուկայում մենք ինչ հնարավորություններ ունենք: Մենք կարող ենք նաև ենթահանձնաժողով ստեղծել ու այս շուկան խորը ուսումնասիրել: Մենք չենք ուզում, որ ներմուծվող էժան ցեմենտի պատճառով տեղական ցեմենտը մահանա: Մենք ուզում ենք ժամանակավորապես այդ մահը հետաձգել, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ վատ նախադեպ ենք ստեղծում: Կարող են գալ ուրիշ ապրանք արտադրողներ ու ասել՝ մեզ համար էլ արտոնություններ տվեք: Սա պետական տուրք չէ, ըստ էության ակցիզային հարկ է, որը մենք դնում ենք տոննաժի վրա: Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկում ենք հիմա գնալ ընդառաջ, ժամանակավոր լուծման, մինչև հասկանանք ինչ է լինում»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ կառավարությունը նույնպես կարծում է, որ ժամանակավոր լուծումը ճիշտ է. «Ժամանակավոր կիրառելը մեզ թույլ կտա շատ ավելի պատրաստված գալ հաջորդ առաջարկությամբ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...