Միհրան Պողոսյանը հայտնաբերվեց. ով է հաջորդը

- in Վերլուծական

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ հայտնի է, թե որտեղ է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Բայց, թե հատկապես որտեղ, ԱԱԾ պետը չի ասել:

Նրա հանդեպ քրեական գործ է հարուցված, եւ դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը, բայց հայտարարվել է հետախուզում, որովհետեւ նախ պետք է գտնել, որպեսզի հնարավոր լինի կալանավորել:

Միհրան Պողոսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որով փորձում է ցույց տալ, որ Պողոսյանը չի էլ թաքնվել, այսինքն ակնարկում է, որ ԱԱԾ-ն «հատուկ» տեղեկության չէ, որ տիրապետում է: Գրասենյակը հայտարարել է, թե Պողոսյանը Մոսկվայում է, ներկայացրել է նրա գտնվելու հասցեն՝ «բոլորը գիտեն» տոնայնությամբ:

Ռուսաստանը կարծես թե դառնում է Հայաստանի նախկին իշխող համակարգի ներկայացուցիչների «վերջին հանգրվան»: Այդ իմաստով հետաքրքիր է, իսկ Միհրան Պողոսյանը միայն Հայաստանի՞ քաղաքացի է, թե կարող է պարզվել, որ նաեւ ՌԴ քաղաքացի է ու ըստ այդմ ենթակա չէ արտահանձնման: Այդ հարցի առնվազն մեկ հիմք տվել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը պարզվեց, որ Հայաստանի քաղաքացի լինելուց բացի նաեւ ՌԴ քաղաքացի է եւ ապօրինաբար է զբաղեցրել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը: Միքայել Հարությունյանը Մարտի 1-ի գործով քննությունից թաքնվել է Ռուսաստանում: Ընդ որում, ՌԴ իրավապահները հայտարարեցին, որ Ռուսաստանի տարածքում չի տարածվում նրա հանդեպ հետախուզումը:

Ռուսաստանում է գտնվում նաեւ նույն գործով մեկ այլ առանցքային դերակատար՝ Վահագն Հարությունյանը, որը եղել է նախորդ իշխանության շրջանում Մարտի 1-ի գործի քննության ղեկավարը:

Նրա քաղաքացիության մասին նոր տվյալներ դեռեւս չկան, բայց պարզ չէ, թե ինչ հեռանկար կա նրան Հայաստան վերադարձնելու համար:

Մի փախստական էլ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է: Արդյոք հայտնի է նրա գտնվելու վայրը, եւ արդյո՞ք նրա թաքստոցն էլ Ռուսաստանն է:

Մյուս կողմից, կարծես թե առկա է մի «օրինաչափություն»: Ովքեր թաքնվում են Ռուսաստանում, «թաքնվում» են բացահայտ: Դա ըստ երեւույթին պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը չի «թաքցնում»՝ կամ հանձնում է՝ ինչպես օրինակ թալիշների առաջնորդին հանձնեց Ադրբեջանին, կամ ապաստան տալիս ցուցադրաբար, ցույց տալով իր այսպես ասած ազդեցությունը կամ վերադասությունը:

Առավել եւս, որ ներկայումս Ռուսաստանն ունի դրա որոշակի անհրաժեշտություն Հայաստանի հետ հարաբերության հարցում: Բանն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանն ունի Հայաստանի հետ «պաշտոնապես» հարաբերվելու որոշակի խնդիրներ, քանի որ այդ պատերազմը բոլորի համար բացահայտեց Հայաստանի դեմ ռուսական քաղաքականությունը:

Եթե մինչ թավշյա հեղափոխությունը գոյություն ունեցող ոչ լեգիտիմ համակարգը, նաեւ Սերժ Սարգսյանի 2017-18-ի անաղմուկ վերարտադրության խնդիրը զգալիորեն թուլացրեց Ռուսաստանի ձեռքն այդ առումով, ապա թավշյա հեղափոխությունից հետո Մոսկվայի համար Հայաստանի հետ «պաշտոնական վերադասությամբ» խոսելը դարձավ շատ ավելի բարդ:

Առաջացավ այսպես ասած «շրջանցիկ լեզվի» անհրաժեշտություն, եւ ապրիլյան պատերազմից հետո կիրառվող տեղեկատվա-քարոզչական գործիքին փաստորեն ավելացան նաեւ «մեծապատիվ կամ բարձրաստիճան փախստականները», կամ օրինակ Ռոբերտ Քոչարյանը: Շարքը փաստորեն համալրեց նաեւ Միհրան Պողոսյանը: Ով է լինելու հաջորդը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...