Միհրան Պողոսյանի գործով ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ, դրանցով հարուցվեց քրեական գործ

- in Իրավունք
arthur-davtyan

Նախկին իշխանությունների օրոք դատախազության վրա ճնշումներ չեն եղել: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն հարցերով համաժողովից հետո, լրագրողների հարցին ի պատասխան, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ 2017 թվականին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց, եւ այն վերաբացվեց միայն հեղափոխությունից հետո՝ 2019-ի հունվարին, Դավթյանը պատասխանեց. «Շատ լավ, հիմա նաեւ դա պարզաբանեմ՝ բազում առիթներ եմ ունեցել ասելու՝ քրեական գործով այս կամ այն որոշում կայացնելու հիմքերը գործում առկա փաստական տվյալներն են։ Նույն Միհրան Պողոսյանի վերաբերյալ, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, վերջերս հրապարակվեց նրա նոր մեղադրանքի շրջանակը, այսպես կոչված, եթե նկատեցիք՝ մենք այնտեղ նաեւ ունեինք հանցագործության դրվագներ, որոնք նախկին հարուցված քրեական գործի շրջանակներում չէին եղել։ Այսինքն՝ ի՞նչ տեղի ունեցավ, ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ, դրանցով հարուցվեց քրեական գործ, եւ այդ քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերվեցին նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք առիթ հանդիսացան, որպեսզի ես դրանց հիման վրա վերացնեմ նախկինում կայացված որոշումը»։

Հարցին, թե չի՞ խոստովանում, որ հեղափոխությունից հետո ավելի անկաշկանդ է գործում, գլխավոր դատախազը պատասխանեց. «Խոստովանություն բառը սխալ եք ընտրել, չի եղել որեւէ ճնշում, որեւէ հրահանգ, դա եղել է բացառապես քրեական գործի փաստական տվյալներով պայմանավորված։ Այսօրվա որոշումն էլ էլի պայմանավորված է փաստական տվյալներով»։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է, որպես մեղադրյալ:

Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը եւ որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...