Մնաց երկու օր. Տեղի կունենա անսպասելին

- in Կարծիք
Xorenatsi, cuyc

Հայաստանի «ընդդիմությունը» պատրաստվում է ակտիվ գործողությունների, տեղեկացնում են այդ շրջանակներին հարող լրատվամիջոցները: Ստացվել է այնպես, որ «ընդդիմություն» դարձել են նախկին վարչակարգի տարբեր սեգմենտներն ու կոալիցիոն գործընկերները, նրանց հարող փորձագետներ ու ակտիվիստներ:

http://Lragir.am Դեռեւս անցյալ տարի նախանշվել էին ժամկետները՝ այս տարվա ապրիլ-մայիս, երբ ըստ Քոչարյանի՝ մարդկանց սառնարանները դատարկվելու են, իսկ որոշ շրջանակներ էլ պնդում էին, որ ապրիլ-մայիսին կառավարությունը ստորագրելու է Արցախը փաստացի հանձնելու համաձայնագիր:

Սառնարանները կարծես թե չեն դատարկվել, իսկ Արցախի հարցում ակնհայտ է, որ նման զարգացումներ չկան: Իհարկե, դա ակնհայտ էր նաեւ անցյալ տարի, եւ հնարավոր է՝ այդ շրջանակները դա հասկանում էին: Իսկ եթե չէին հասկանում՝ սա այլ հարց է: Այս պարագայում, մի կողմից գործ ունենք բացարձակ անհամարժեքության հետ, մյուս կողմից՝ այն հանգամանքի հետ, որ տեղի ունեցողը քաղաքական պայքար արդեն հնարավոր չէ համարել:
Դա է պատճառը, որ «ընդդիմության» գործողությունները կամ ցանցային ելույթներն առայժմ վերածվում են մեկանգամյա զավեշտի լավագույն դեպքում, իսկ հաճախ էլ՝ սովորական դիվերսիայի, ինչ վերաբերում է օրինակ արտաքին քաղաքական խնդիրներին: Մյուս կողմից, այս դաշտը որեւէ կերպ չեն կարողանում զբաղեցնել արդիական մտածողությամբ իրական քաղաքական ուժերն ու գաղափարները, որովհետեւ դրանք պարզապես չկան, կամ գործում են փաստացի նույն անհամարժեքության դաշտում:

Գրեթե նմանատիպ վիճակ է նաեւ իշխանության մեջ, թեեւ տարբերությունն իհարկե զգալի է: Քաղաքական դաշտի վիճակի համար պատասխանատվությունը կրում է կառավարությունը, որն այս մեկ տարվա ընթացքում քայլեր չկատարեց համակարգային վերափոխումների ուղղությամբ, որոնք կբացառեին նման իրավիճակները: Խոսքը մասնավորապես սեփականության հիմնարար խնդրի, կուսակցությունների մասին օրենքների մասին է, որոնք կնպաստեին քաղաքական դաշտի առողջացմանը համենայնդեպս ինստիտուցիոնալ մակարդակում:

Այդ պատճառով, հանրային-քաղաքական դիսկուրսներում իսպառ բացակայում են Հայաստանի ապագայի վերաբերյալ քննարկումները, հայեցակարգերը: Փոխարենը, Հայաստանը անցյալի քննարկումների մեջ է, անցյալի մեռյալ դեմքերն ու թեմաները չեն իջնում մամուլի էջերից, որի միջոցով այդ շրջանակները փորձում են պահպանել իրենց ակտուալությունը, հանրությանը հետ քաշելով անցյալ:

Այս իրավիճակում, սակայն, տեղի է ունեցել անսպասելին՝ անցյալն իր մեռյալ «գաղափարաբանությամբ» ու դերակատարներով դարձել է Հայաստանի,- ոչ թե կառավարության,- այլ Հայաստանի ընդդիմությունը եւ հաջողել կարող է միայն հանրության ու պետության հաշվին:

Ահա թե ինչին ենք մենք ականատես լինելու մայիսին, եթե իհարկե ինչ որ բան կատարվի: