ՊԵԿ նախագահը՝ Սպայկայի հարկային պարտավորությունների ու Առինջ Մոլի ստուգման և դիմում գրողների մասին

- in Տնտեսական

Կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին Նորագավիթի ավտոմաքսատան այն աշխատակցի մասին, որին եւ սենյակի մնացած աշխատակիցներին վարչապետը հորդորել էր աշխատանքից ազատման դիմում գրել՝ ՀՀ դրոշը գետնին գցելու համար: 

Նա նշեց, որ ապրիլի 9-ի վաղ առավոտից վարչապետը եղել է ՊԵԿ-ում, այցելել տարբեր ծառայություններ եւ ամբողջ այցելության ընթացքի մասին վարչապետն իր տեսակետն է հայտնել հանրությանը: «Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով ինչ-որ առերեւույթ սենսացիա է պարունակում»,- ասաց ՊԵԿ նախագահն ու հավելեց, որ մարդկային ճակատագրի հարց չկա այդտեղ:

«Այն ինչ-որ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով ու ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաեւ ավտոմաքսատան պետն է ազատման դիմում գրել: Դա նրանց ընտրությունն է»,- ասաց Անանյանը:

Հարցին՝ ո՞վ էր ի վերջո պատասխանատու, որ դրոշն այդ վիճակում էր, Անանյանն ասաց, որ պատասխանատուն ինքն է: «ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար, եթե ակնկալում եք, որ ես դիմում գրեմ, հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն խոշոր կամ ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ ինձ վրա: Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ պատասխանելու իմ դիմումով: Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասացի այդ սենսացիան: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ մեկը ոչ մի բան չի ասել, ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատել աշխատանքից»,- նշեց Դավիթ Անանյանը:

Անանյանը նշեց, որ բավարարել է աշխատակցի դիմումը եւ նշեց, որ դա աշխատակցի ընտրությունն էր: «Մաքսատան պետի դիմումը գրվել է եւ ես բավարարելու եմ, նրա անունը Միրզոյան Հայկ է: Ինքն է ազատման դիմում ներկայացնելու ցանկություն հայտնել, ես հարգում եմ իր որոշումը: Օրինակ ես ազատման դիմում չեմ ներկայացնելու»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Սպայկա ընկերության դեմ հարուցված քրեական գործին: Հարցին, որ վարչապետը ակնարկեց, որ Սպայկայի չվճարած հարկերը կարող են ավելանալ և ընդհուպ հասնել անգամ 30-40 մլրդ դրամի, Անանյանը պատասխանեց, որ կանխատեսումներ անելն այս դեպքում ճիշտ չէ:

«Ուղղակի զրույցի ժամանակ վարչապետն ասաց՝ 7, 14, 30, ինքը թվեր հնչեցրեց, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ 7 մլրդ-ը, որը հաշվարկի հիմքում դրված է, դա ուղղակի 2015 թվականին առնչվող հաշվարկ է: Բայց նաև կա 2.5 տարվա ժամանակաշրջան, որոնց փաստաթղթերը ձեռքբերման գործընթացում են: Այդ հաշվարկների արդյունքը ևս կտեղեկացվի»,- ասաց նա: Անանյանն ասաց, որ ոչ միայն չի բացառում, այլ նաև կարծում է, որ ընկերության կողմից չվճարված 7 մլրդ դրամ հարկերի թիվը աճելու է: ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև Սպայկա ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պնդումներին, թե ընկերության նկատմամբ այսպիսով հետապնդում է իրականացվում: «Ոչ, տնօրենի կարծիքով դա հետապնդում չէ: Տեսեք՝ այստեղ շատ կարևոր բան կա:

ՊԵԿ նախագահը կամ վարչապետն այս պահին այդքան էլ իրավասու չեն հանրությանը տեղեկատվություն ներկայացնելու, որովհետը արդեն իրավական գործընթաց է գնում: Այստեղ ամենակարևոր մարդը քննություն իրականացնող քննիչն է: Եթե քննիչն ունի այնպիսի համոզմունք, որ տնօրենի՝ ազատության մեջ գտնվելը կվնասի քննությանը, ինքն այդպիսի միջնորդությամբ գնացել է դատարան, դատարանը այդպիսի որոշում է կայացրել, այսինքն՝ իրավական գործընթաց է գնում: Իսկ չիրավական գործընթացի վերաբերյալ ՊԵԿ նախագահը կամ վարչապետը որևէ գնահատական չեն կարող տալ»,- նշեց նա:

Դավիթ Անանյանն անդրադարձավ նաև Սպայկայի տնօրենի այն հայտարարությանը, թե դեռևս նախորդ տարի ընկերությունը ստիպված վճարել էր ՊԵԿ կողմից չհիմնավորված ավելի քան 2 մլրդ դրամի հարկային պարտավորությունը, քանի որ իրենց հաշիվները կալանքի տակ էին: «Ես այդ հարցին չեմ էլ անդրադառնա ընդհանրապես, որովհետև էլի կար քրեական գործ, այդ գործը մի պահ կասեցվեց, քրեական գործից առանձնացվեցին որոշ դրվագներ և այդ դրվագի վերաբերյալ կազմակերպությունը ներկայացրել է ճշտված հաշվարկներ: Այդ գումարները ՊԵԿ կողմից չեն առաջադրվել իրենց, կազմակերպությունն ինքն իր վարքագծով, այսինքն՝ ճշտված հաշվարկ ներկայացնելով՝ ինքնահայտարարագրել է այդ պարտավորությունները: Հիմա, եթե իրեն թվում է, որ այդ ինքնահայատարարգրումը եղել է մեր ճնշման ներքո, ինքը նույն հաջողությամբ կարող է ինքնահայտարարագրել նորից»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են ՊԵԿ 40 աշխատակիցները մտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլ առևտրի կենտրոն: «Այսինքն՝ դուք կարծում եք, որ 100 հոգո՞վ պետք է լինեին»:

«Քննիչը այդպիսի որոշում է կայացրել, մտել է դատարան, սանկցիա է վերցրել, և կատարվել է քննչական գործողություն: Քննչական գործողությունը կատարելու համար, մասնագետները գնահատել են, պետք է 4 հոգի, 40, թե՞ 140 հոգի: Եթե որոշում կայացվեր, որ 1000 հոգի է պետք, մենք այդ ռեսուրսն էլ ունեինք, որ տրամադրեինք»,- հավելեց Անանյանը: Հարցին, թե ի՞նչ ստուգումներ են կատարվում այնտեղ, նա պատասխանեց, որ քննիչի որոշմամբ կատարվում են քննչական գործողություններ: «Ի՞նչ կարծիքի եք, թույլատրելիության շրջանակներից ավելի տեղեկատվություն կարո՞ղ եմ ձեզ ասել»,- նշեց նա: Դիտարկմանը, որ քաղաքական ենթատեքստ են տեսնում այս ամենում, Անանյանը պատասխանեց՝ թող տեսնեն: «Ես էլ կենցաղային ենթատեքստ եմ տեսնում, օրինակ: Ամեն մեկը կարա իր տեսկաետն արտահայտի», – հակադարձեց Անանյանը: