Նիկոլ Փաշինյանը՝ խոստումը կատարել – չկատարելու մասին

- in Պաշտոնական

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ մեկ տարի առաջ այս ամբիոնից վարչապետն ասել էր, որ իշխանությունը հավասարակշռված է դարձնելու և վերացնելու է սուպերվարչապետությունը:

«Ասել եք՝ միանշանակ է, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է  փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: Հարգելի պարոն վարչապետ, ինչո՞ւ չեք կատարում ձեր խոստումը»,- հարցրեց Գորիգիսյանը:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցին մի քանի անգամ անդրադառնալու առիթ ունեցել է: «Մենք չնք խոսել կոնկրետ ժամկետների մասին և ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՀՀ-ում ձեր ասած ժամանակաշրջանում ոչ միայն տեղի է ունեցել հեղափոխություն, այլև տեղի է ունենում ընդհանրապես կառավարման համակարգի փոփոխություն: Կառավարման համակարգի փոփոխություններն իրականացնելիս մենք պետք է շատ բալանսավորված կարգով գնանք առաջ:

Այսօր մենք գնում ենք կառավարության կառուցվածքի փոփոխության և մենք առաջիկայում կքննարկենք ու կվերլուծենք նաև ոստիկանության և ԱԱԾ աշխատանքի արդյունավետությունն այս կառուցակարգում, որովհետև եկեք արձանագրենք, որ այս կարգավիճակում ԱԱԾ-ն և ոստիկանությունը դեռ մի տարի էլ չկա, որ գործում են: Եվ ես ինքս էլ այդ մարմինների գործունեության մեջ տեսնում եմ խնդիրներ, բայց չեմ համարում, որ մենք պետք է ամեն մեկ տարին մեկ կարգավիճակ փոխենք»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ  փոփոխությունները սթրեսներ են պարունակում, և այդ սթրեսները պետք է ճիշտ դոզավորել,  որպեսզի պետական կառավարման համակարգում խառնաշփոթ չառաջանա: «Այս փուլում մենք առաջնահերթություն ենք համարել կառավարության կառուցվածքի փոփոխությունը, ձեր նշած մարմինները կառավարության կազմի մեջ չեն մտնում, հաջորդ փուլերում կանդրադառնանք նաև այդ հարցին»,- հավելեց նա:

Վարչապետն ասաց, որ հնարավոր է փուլային լուծումների գնան, մասնավորապես, ոստիկանության հաշվետվողականությունը ԱԺ հանդեպ կարող է բարձրանալ: Պետք է մտածեն, թե ԱԱԾ-ն ինչ մեխանիզմներով պետք է հաշվետու լինի ԱԺ առաջ և արդյոք պետք է, որ հաշվետու լինի: «Դեռ քննարկվում է, թե զուտ կառուցվածքի առումով ինչ պետք է իրենից ներկայացնի ԱԱԾ-ն, արդյոք ՀՀ-ն պետք է ունենա առանձին հետախուզության ծառայություն, ինչպիսի կարգավիճակ պետք է ունենան հետախուզությունն ու հակահետախուզությունը: Բայց սուպերվարչապետական համակարգի հետ կապված ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որ ձեր նշած օրերից հետո թերևս առաջին անգամ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանության պետը ԱԺ հանձնաժողովներում եկել ու անձամբ հաշվետու են եղել պատգամավորներին: Սրանք աննախադեպ փաստեր են, որոնք նույնպես ես ուզում եմ, որ մենք արձանագրենք»,- նշեց վարչապետը:

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հնչեցրած տվյալի մասին, որ ավելի քան 50000 աշխատող դուրս է եկել ստվերից: Եղիազարյանը նշել է, որ դա արտացոլված չէ զինծառայողների ապահովագրության հիմնադրամում կատարված վճարումներում և հարց ուղղեց՝ արդյոք նշված թիվը համապատասխանում է իրականությանը:

«ԵԽԽՎ-ում ձեր ելույթի ժամանակ դուք հայտարարեցիք, որ 50-51 հազար ստվերային աշխատողներ արդեն գործում են օրինական դաշտում: Զինծառայողերի ապահովագրության հիմնադրամում արտացոլվում են յուրաքանչյուրի համար 1000-ական դրամներ: Իմ ունեցած տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո մինչև նախորդ տարվա դեկտեմբերը ներառյալ ամսական ցուցանիշն աճել է 5 մլն 26 հազար դրամով: Դա նշանակում է, որ ստվերից օրինական դաշտ է եկել ընդամենը 5026 աշխատող: Կամ ձեզ ներկայացված թվերը սխալ են, կամ եթե ճիշտ են, ինչու՞ գումարները չեն արտացոլվում հիմնադրամում»:

«Թվերը աշխատատեղերի մասով չեն կարող սխալ լինել, որովհետև արտացոլված են ՊԵԿ ու ԱՎԿ տվյալներում», – ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ ոչ բոլոր ընկերություններ են պարտաճանաչ  վճարում հիմնադրամի պարտադիր 1000 դրամ վճարը,  և կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի դա շտկելու համար:

«Ինչ վերաբերում է հիմնադրամին, դրա հետ կապված հավելյալ պարզաբանուներ կստանամ ես, բայց ասեմ, որ դա նորություն չէ, որ այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր իրականում կա: Եվ այդպիսի տեղեկություններ ես ստանում եմ պարբերաբար, որ 1000 դրամները միշտ չէ և ամենուրեք չէ, որ պարտաճանաչ կերպով վճարում են: Նույնիսկ ամբողջական ընկերությունների մասին են ասել: Եվ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ դա ապահովվի»,- ասաց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա ընդհանրապես մեր վիճակագրական ծառայության խնդիրն է, միայն այդտեղ չէ խնդիրը: Բազմաթիվ տեղեր այսօր կարելի է անհամապատասխանություն գտնել, և դա նորություն չէ: Եվ այդ հարցն իսպառ կլուծվի թվայնացման արդյունքում: Քանի դեռ մարդկային գործոնը մեծ դեր է կատարում թվերի հարցում, ըստ Փաշինյանի, այդտեղ որոշակի անհամապատասխանություններ կունենանք: