Նմանատիպ հոդվածները սադրանքներ են, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն

- in Կարծիք

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անհեթեթություն է համարում հայկական որոշ լրատվամիջոցներից ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված այն հրապարակումները, թե իբր ինքն ասել է, որ Հոկտեմբերի 27-ը վերագրել է ՌԴ հատուկ ծառայություններին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Քոչարյանի խոսքով՝ նմանատիպ հոդվածները սադրանքներ են, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն, այն պարագայում, երբ սկսվել է հարաբերությունների առողջացման գործընթաց։ «Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պարզապես չի ստացվի փչացնել»,- ասաց Քոչարյանը:

«Հոկտեմբերի 27-ի բացահայտումն անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության տեսանկյունից, բայց դրա ապագա ուսումնասիրությունները բացարձակ իրավական դաշտում պետք է լինեն, ու նախաքննական մարմնի կողմից ձեռքբերված ապացույցների շրջանակում կարող է որեւէ մեկը որեւէ հայտարարություն անել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը

Քոչարյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ի հետ կապված իր մեղադրանքները միշտ հնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, քանի որ իր համար մինչ այժմ անհասկանալի է, թե ինչ են քննարկել Ռոբերտ Քոչարյանն ու Նաիրի Հունանյանը՝ փակ դռների հետեւում։

Քոչարյանի խոսքով՝ հայկական որոշ կայքերի միջոցով նման տեղեկատվության տարածման թիրախում ոչ միայն ինքն է, այլ նաեւ Հայաստանի իշխանությունները։ «Այն, ինչ վերաբերում է երկրի անվտանգությանը, պետք չէ մտնել խարդավանքների մեջ։ Եթե այդպես է, ապա դրան պետք է միջամտեն երկրի անվտանգությունն ապահովող մարմինները»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ պաշտոնական Մոսկվայից որեւէ արձագանք չի ստացել նման հրապարակումներին, հավելելով, որ «պաշտոնական Մոսկվան կարողանում է ֆիլտրել տեղեկությունները»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...