Շոկ էր՝ բացահայտվեց, թե որպես պետություն մենք ինչքան անպատրաստ ենք պատերազմին

- in Վերլուծական
zinvor

Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցը: 2016 թվականի ապրիլյան առավոտը գուժեց Արցախի դեմ Ադրբեջանի զանգվածային գրոհի մասին, իսկ ավելի ուշ պետք է օր առ օր հայտնի դառնար հայկական կողմից տասնյակ զոհերի մասին, որ մենք ունեցել էինք ադրբեջանական գրոհը կասեցնելու չորս օրերի ընթացքում:

100-ից ավելի զոհերի շարքում էր նաև Արցախի մանկահասակ բնակիչներից մեկը, որին ադրբեջանական հրթիռը խոցել էր դպրոցի ճանապարհին: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ համար շոկ էր: Շոկ ոչ իբրև պատերազմ, որովհետև պատերազմը միշտ է շոկ: Շոկ էր այն առումով, որ բացահայտվեց, թե որպես պետություն մենք ինչքան անպատրաստ ենք պատերազմին: Բացահայտվեց, որ պետական ինստիտուտներից դրան պատրաստ է միայն բանակը, այն էլ զինվորի և սպայի անձնազոհության ու խիզախության շնորհիվ, ու պատրաստ է ժողովուրդը: Բայց պետությունը պատրաստ չէր, և դա էր մեզ համար ամենից շոկայինը, որ հաղթող պետությունը պատրաստ չէր հաղթելու որպես պետություն:

Անցնող երեք տարիների ընթացքում հայկական հանրությունը շարունակաբար վերլուծում է այն գործոնները, հանգամանքները, խորքային սխալները և վրիպումները, ինչպես նաև ընդհուպ հնարավոր, կանխավարկածային ծրագրված դիտավորությունները, որոնք կարող էին հասցնել պատերազմի և դրա ցավալի հետևանքին, հայկական զինուժի և խաղաղ բնակչության զոհերի: Ի վերջո, որքան էլ Ադրբեջանը տվեց շատ ավելի մեծ թվով կորուստներ, այդուհանդերձ, մեզ համար թանկ է մեր ամեն մի կյանքը, ամեն մի քաղաքացու կյանքն ու առողջությունը, լինի զինվոր, թե խաղաղ բնակիչ: Ըստ այդմ, Ապրիլյան պատերազմի գլխավոր դասը պետք է լինեն հենց այդ ելակետից բխող հետևությունները, և միաժամանակ նաև հնարավոր պատճառների լիարժեք բացահայտումը հետագա կրկնություններ թույլ չտալու համար:

Ինքնին հասկանալի է, որ պատերազմը կանխելը դա լոկ մեզնից կախված հանգամանք չէ, բայց մենք պետք է համոզված լինենք, որ մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ և գուցե ավելին: Իսկ այստեղ, առաջին հերթին, իհարկե, պատերազմին պատրաստ լինելն է կանխելու հիմնական գրավականը, հակառակորդի մոտ որևէ գայթակղություն թույլ չտալը: Սա է, որ Հայաստանը չէր ապահովել իբրև պետություն: Եվ ավելին, տարեցտարի ավելի մեծացրել էր Ադրբեջանի այդ «գայթակղությունը», որ կարող է հարց լուծել ռազմական ճանապարհով: Դա կանխեցին բանակն ու հանրությունը: Ըստ այդմ, մեր խնդիրն է հասնել նրան, որ ունենանք կանխարգելող պետություն: Թավշյա հեղափոխությունն այդ խնդիրը լուծելու մեծ հնարավորություն է, որը նաև օգտագործվում է, այդ թվում՝ արցախյան գործընթացում: Ներքին կառավարման առումով կան արդյունավետության և դինամիկայի հետ կապված տարբեր գնահատականներ ու դժգոհություններ, բայց դրանք նաև պետք է խթան լինեն ավելի մեծ արդյունավետության ու դինամիկայի հասնելու համար: Բուն խնդիրն այն է, որ Հայաստանի հանրությունը նկատելիորեն վերագնահատում է իր մոտեցումները պետականության և այդ գործում արցախյան հարցի առումով՝ լավ գիտակցելով, որ անվտանգությունն ու կայունությունը սեփական իրավունքների մասին լիարժեք և հստակ բարձրաձայնելն է, այդ առումով մաքսիմալիզմ դրսևորելը, որովհետև հակառակ դեպքում կարող ենք ընդամենը հայտնվել թույլ օղակի դերում:

Ապրիլյան պատերազմի մասնակիցները, դրա ընթացքում հերոսաբար ընկածները, նաև իրենց առողջությունն այդ պատերազմին տվածները Հայաստանին տվել են պետականության շանս, ապագայի շանս՝ առանց չափազանցության: 2018-ի ապրիլին մենք զգալիորեն օգտագործեցինք հենց այդ շանսը, բայց ունենք այն ամբողջացնելու խնդիր, միաժամանակ իհարկե գիտակցումով, որ այդ շանսի օգտագործումը ավարտ չունի՝ մենք պետք է անընդհատ, ամեն օր պատերազմ կանխարգելենք և խաղաղություն պարտադրենք մեր զարգացման և հանրային համերաշխության ուժով: