Ոչ մեկը թող չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա

- in Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադարձել է իր դեմ ֆլեշմոբին և այն պնդումներին, թե չի կատարել իր խոստումները:

Լրագրողի հարցին, թե մարդիկ պնդում են, որ, օրինակ, Սաշիկ Սարգսյանի 50-50-ները չեն բացահայտվել, Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց. «Ես ուզում եմ հասկանալ՝ ավարտվե՞լ է ինչ-որ բան, հա՞: Նկատի ունեմ՝ հիմա մենք ինչ-որ մի հատ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ արդեն գրվել է՝ ֆիլմի վերջը, և էկրանը մգացե՞լ է: Էդ որ ասում են՝ չի բացահայտվում, ի՞նչը չի բացահայտվում»:

Նա անդրադարձավ հարցին, որ Սաշիկ Սարգսյանը Եվրոպայում է, իսկ նրա որդին ասում է, թե հայրը հանգստանալու է մեկնել: Ըստ Փաշինյանի՝ քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված, և քննչական մարմինը, քննիչը հնարավորություն է տվել, որպեսզի մեղադրյանը հանրապետությունից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով. Այդ որոշումը ես չեմ կայացրել, և եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով և որևէ մեկին պետք է հնարավորություն տա պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատժի կենթարկվեն: Ես էլի եմ ասում՝ մեր խնդիրն այն չէ, որ մարդկանց քառատենք: Ուրիշ հանգամանքի մասին եմ բազմիցս նշել, որ մեր քննչական մարմիններն այսօր աշխատում են կրկնակի, եռակի ու քառակի ծանրաբեռնվածությամբ: Եվ նաև ասել եմ, որ ինքս էլ որոշակի վերապահումներ ունեմ կոռուպցիայի դեմ պայքարում մեր իրավապահ մարմինների էֆեկտիվության վերաբերյալ: Ես այսօր էլ եմ այդ թեմայով զրույց ունեցել:

Ինչ վերաբերում է այսօրվա ակցիային, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որքանով հասկացել է՝ կազմակերպիչները նաև Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են. Հիմա, ասենք, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ այս չենք արել, այն չենք արել: Ես խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը թող չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա, բոլոր նրանց, ովքեր ՀՀ օրենքով սահմանված կարգով խախտում են թույլ տվել: Ի՞նչ է, ցանցերը ձեռքներս փողոցներով վազենք , մարդ բռնե՞նք, ես հեղափոխության ժամանակ էլ հայտարարել եմ, որ մեր խնդիրը դա չի լինելու: Այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...