Ուկրաինական ընտրություններ՝ նախադեպ և ժողովրդավարության ամրապնդում

- in Ընտրություններ
Hotel Ukraine. Kiev, Ukraine

Ուկրաինայում ապրիլի 21-ին երկրորդ փուլով ավարտված ընտրությունները, որոնց արդյունքում կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին հաղթեց գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, այդ երկրի ժողովրդավարացման գործընթացների մասին վկայող կարևոր գործոն են։

Հետխորհրդային ընտրություններ

Հետխորհրդային տարածքում, բացառությամբ մերձբալթյան երեք հանրապետությունների՝ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի, որտեղ ժողովրդավարացման և եվրաինտեգրման գործընթացները սկսվել էին անմիջապես ԽՍՀՄ փլուզումից հետո, նախագահական ընտրություններում գործող նախագահի պարտությունը հազվադեպ հանդիպող երևույթ է։ Ավելին, մինչև օրս նախկին ԽՍՀՄ հանրապետություններից շատերում անկախացումից ի վեր չի եղել իշխանության փոխանցում կամ այն փոխանցվել է հորից որդու և կամ գործող նախագահից՝ հավատարիմ թիմակցի։

Նման բան տեղի ունեցավ վերջերս Ղազախստանում, երբ դեռևս 1989-ից երկրի ղեկին գտնվող Նուրսուլթան Նազարբաևը 2019 թվականի մարտի 19-ին հրաժարական տվեց, բայց իր հետնորդ նշանակեց իր հավատարիմ թիմակցին՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, միաժամանակ իր ձեռքում պահելով երկրի կառավարման առանցքային լծակները։

Հետխորհրդային Ադրբեջանում և Թուրքմենստանում ԽՍՀՄ անկախացումից հետո իշխանությունը փոխանցվել է հորից որդուն սկզբունքով: Տաջիկստանում, օրինակ, 1992 թվականից ի վեր երկրի առաջնորդն է Իմամալի Ռահմոնը, իսկ նրա որդին, չնայած երիտասարդ տարիքին, արդեն բարձր պաշտոններ է զբաղեցնում և կարող է հավակնել իշխանությունը ժառանգելուն։ 1994 թվականից Բելառուսի անփոփոխ նախագահն է Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Ուզբեկստանում ԽՍՀՄ փլուզումից հետո երկիրը մինչև իր մահը՝ 2016 թվականի սեպտեմբերը, ղեկավարում էր Իսլամ Քարիմովը։

Նախագահական ընտրություններում գործող թեկնածուի պարտվելու և հեռանալու նախադեպեր չեն եղել նաև հետխորհրդային մյուս երկրներում։ Այսպես, Հայաստանում՝ մինչև անցած տարվա թավշյա հեղափոխությունը, բոլոր նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահը։ Նույնը վերաբերում է նաև Վրաստանին, Ղրղզստանին և Ռուսաստանին։

Հետխորհրդային տարածքում նախագահական ընտրություններում գործող նախագահի պարտություն գրանցվել է Մոլդովայում 1996 թվականին, երբ գործող նախագահ Միրչա Սնեգուրն ընտրությունների երկրորդ փուլում պարտվեց Պյոտոր Լուչինսկուն։ Ուկրաինայում ևս, մինչև այս տարվա նախագահական ընտրությունները, գրանցվել է նման դեպք։ 1994 թվականին Ուկրաինայի գործող նախագահ Լեոնիդ Կրավչուկն ընտրությունների երկրորդ փուլում զիջեց Լեոնիդ Կուչմային։

Ուկրաինական ընտրություններ

Թեև 2014 թվականի Մայդանի հեղափոխությունից հետո Ուկրաինան ընտրեց եվրաինտեգրման և ժողովրդավարացման ճանապարհը, և թվում էր, թե 2014-ի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտոր Պորոշենկոն պետք է հենց այդ ուղով առաջնորդի երկիրը, այնուամենայնիվ, հետագա տարիներին Ուկրաինան գնալով խրվեց պատերազմի, կոռուպցիայի և օլիգարխիայի մեջ, ինչի հետևանքով էապես ընկավ հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած Պորոշենկոյի վարկանիշը։ Ավելին, երկրում կոռուպցիայի արմատավորման և հակաժողովրդավարական գործընթացների վերաբերյալ ահազանգերի ֆոնին թվում էր, թե Ուկրաինայի ժողովուրդը բաց է թողնում 2014-ի հեղափոխությամբ ձեռք բերված հաղթանակը և հեռանում եվրոպական արժեքներից։

Վերջին նախագահական ընտրությունները, սակայն, ցույց տվեցին, որ Ուկրաինայում ժողովրդավարությունը գտնվում է քիչ թե շատ ամուր հիմքերի վրա, և որ իշխանությունները չեն կարող հակառակվել ժողովրդի կամքին և չեն փորձում ապօրինի լծակներով պահպանել իրենց դիրքը։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...