Ուկրաինայի նախագահի ընտրությանը վստահ հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին

- in Միջազգային

Ուկրաինայի ազգային էքզիթ փոլի արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել Վլադիմիր Զելենսկին:

Ազգային էքզիտ փոլի նախնական արդյունքների համաձայն՝ Վլադիմիր Զելինսկին հավաքել է ձաների 73.2 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 25.3 տոկոսը:
112 Украина և  NewsOne հեռուստաալիքների էքզիտ փոլի տվյալներով Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 72.5 տոկոսը, Պյոտր Պորոշենկոն՝ 27.5 տոկոսը:
Վլադիմիր Զելինսկին աջակցության համար շնորհակալություն է հայտնել ընտրողներին:

Ուկրաինայի նախագահի ընտրության երկրորդ փուլում վստահ հաղթանակ է տարել շոումեն Վլադիմիր Զելենսկին: Գործող նախագահ Պորոշենկոն ընդունել է պարտությունը եւ հայտարարել, որ իր թիմով նոր նախագահի կողքին է լինելու ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը անդամակցելու հարցում:

Առաջիններից մեկը Զելենսկիին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ուկրաինան եւ ուկրաինական ժողովուրդը հերթական անգամ ցուցադրեցին ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու կամքը եւ ունակությունը: Այս առումով Ուկրաինան եւս մեկ կարեւոր քայլ արեց ժողովրդավարության եւ քաղաքակիրթ աշխարհի մասը դառնալու ճանապարհին:
Զելենսկին նոր մարդ է քաղաքականության մեջ, սակայն լիովին տեղավորվում է աշխարհում ներկայիս փոփոխությունների տրամաբանության մեջ: Հանրությունը հոգնել է ավանդական քաղաքական համակարգերից, եւ ընտրությունների արդյունքում իշխանության են գալիս «արտահամակարգային» ուժերն ու գործիչները, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, Իտալիայում, այլուր:

Պորոշենկոն իր նախընտրական արշավն ու քաղաքականությունը կառուցել էր Պուտինի վրա՝ եթե ինձ չընտրեք, ընտրելու եք Պուտինին կարգախոսով: Իր հերթին, ռուսական պրոպագանդան ուժեղ քննադատության էր ենթարկում Պորոշենկոյին, ինչը, փորձագետների գնահատմամբ, նպատակ ուներ ազդել ուկրաինացի ընտրողների տրամադրությունների վրա, բնականաբար Պորոշենկոյի շուրջ համախմբվելու համար: Սակայն Մոսկվայի այս հնարքը չաշխատեց:

Իշխանության գալով երկրորդ մայդանի ալիքի վրա, Պորոշենկոն այնուամենայնիվ լիովին չէր կտրել «օրգանական կապը» Մոսկվայի հետ: Բացի Ռուսաստանում բիզնեսներից ու զենքի ու քարածխի առեւտրի սկանդալային պատմություններից, Պորոշենկոն նաեւ հոգեբանական լուրջ կախվածություն ուներ Մոսկվայից:

Զելենսկին չունի այդ տնտեսական ու հոգեբանական կախվածությունը, ինչն ամենակարեւոր հանգամանքն է: Նրա օրոք, ըստ փորձագետների գնահատականների, Ուկրաինան դառնալու է իրական խորհրդարանական հանրապետություն, շարունակելով արեւմտյան բլոկներին ինտեգրվելու քաղաքականությունը:

Ուկրաինայի նախագահի ընտրությունը այդ երկիրը վերջնականապես պոկեց ռուսական եվրասիական կայսրությունից: Ընդ որում, Ուկրաինայի պարագայում Ռուսաստանը կորցնում է կրկնակի՝ իր օրգանական կապը եվրոպական քաղաքակրթությանը եւ ուղղափառ քրիստոնեական առաջնորդության հավակնությունը: Դրանում Մոսկվան պետք է մեղադրի միայն ինքն իրեն, դա ռուսական քաղաքականության խիստ տրամաբանական արդյունքն է:

Ուկրաինայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով երկրորդ փուլի նախնական արդյունքներով վստահ հաղթանակ է տանում:
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ ոչ ոք նույնիսկ չի կասկածել, որ անձամբ ես ու իմ ամբողջ թիմը պատրաստ ենք աջակցել նախագահին իր բոլոր որոշումներում, որոնք կհամապատասխանեն Ուկրաինայի ազգային շահերին և կմոտեցնեն մեզ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին», ասել է Պորոշենկոն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր  ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ուկրաինայի նախագահի ընտրությանը դերասան, հումորիստ Վլադիմիր Զելենսկու հաղթանակը դարձել է համընդհանուր համաշխարհային քաղաքականության ամենաքննարկվող թեման, ինչպես որ ամենաքննարկվողներից եւ դիտարկվողներից էր նախագահի ընտրության ընթացքն ու Զելենսկու գործոնի աստիճանաբար լրջացումը:

Միջազգային փորձագիտական շրջանակներն անկասկած կառաջադրեն Զելենսկու հաղթանակի ամենատարբեր բացատրական վարկածներ, գնահատականներ, թե ինչպես ստացվեց, որ նախկին հումորիստը ստանձնեց աշխարհքաղաքական տեսանկյունից հույժ կարեւորություն ներկայացնող պետության նախագահի պաշտոնը:
Այն, թե ինչպիսի հարաբերակցությամբ է հաղթել Զելենսկին գործող նախագահ Պորոշենկոյին, թերեւս հուշում է այն մասին, որ բանը լոկ Պորոշենկոյից դժգոհությունը չէ: Հակառակ պարագայում Զելենսկին կհաղթեր ոչ ջախջախիչ առավելությամբ: Անցնող մոտ 15 տարիներին քաղաքական ամենաբուռն անցուդարձերն ապրած ուկրաինական հանրությունը չէր անի զուտ զգայական քվեարկություն: Սխալ ընտրություն անել կարող է, բայց զգայական՝ թերեւս ոչ:

Մի բան, որ Ուկրաինայում անցնող այդ բուռն 10-15 տարիներին դրականորեն աներկբա հասունացել է՝ դա հանրության քաղաքական քիմքն է, քաղաքական, հասարակական, քաղաքացիական գիտակցությունը: Ուկրաինական հանրությունը Զելենսկուն իր ձայնի երկու երրորդը չի տվել միայն Պորոշենկոյից դժգոհ լինելու պատճառով: Ուկրաինական հանրությունը գործնականում մերժել է անցնող 15 տարիների, Նարնջագույն հեղափոխությանը հաջորդած քաղաքական համակարգն ընդհանրապես, որը մսխել է Ուկրաինայի զարգացման պաշարը: Բայց, միեւնույն ժամանակ, նա տեսել է մերժելու այսպես հենակետը, այսինքն Զելենսկին ասել կամ արել է մի բան, որի համար արժանացել է ձայնի:

Թե ինչ կանի հետո, դա անշուշտ այլ հարց է, սակայն հաճախակի դարձած գնահատականները, թե աշխարհում եկել է պոպուլիզմի ժամանակը եւ հաղթում են պոպուլիզմները, ըստ երեւույթին սնուցվում են այն համակարգերից, որոնք գահավիժում են հանրային վստահության հարցում:

Եկել է ոչ թե պոպուլիզմի վերելքի, այլ ավելի շուտ «կեղծ» կամ «դատարկ», «ոչինչ չասող» «պրագմատիզմի» անկման ժամանակը: «Պրագմատիկ» համակարգերը կամ «էլիտաները» թերեւս փորձում են որոշակի «ուղեղային կենտրոնների» միջոցով սնուցել հանրությունների «հիմարության» կամ «հիմարացման» կանխավարկածը, տարիների սեփական ստախոսության փաստը կոծկելու համար:

Դա ամենեւին չի նշանակում, որ նոր էլիտաները կամ անձինք չեն լինելու այդպիսին, աչքի չեն ընկնելու այդ փաստով: Պարզապես, հանրությունը երբեք տուրք չի տալիս պոպուլիզմին՝ որը գուցե ավանսով ստախոսությունն է, հանրությունը մերժում է ստախոսությունը, որը սակայն արդեն փաստ է, տարիների փաստ:

Հանրությունը սխալվում է այն ժամանակ, երբ թույլ է տալիս նենգափոխել իր ընտրությունը կամ խլել իր ընտրության իրավունքը: Իսկ որեւէ ընտրության հարցում հանրությունը չի սխալվում, այլ ուղղում է թերեւս իր սխալները:

Եթե ուկրաինացիները սխալվել են Զելենսկու հարցում, նրանք դա անկասկած կուղղեն թե նախագահի հաջորդ ընտրությանը, թե գուցե ավելի շուտ, եթե տեսնեն անհրաժեշտություն՝ խորհրդարանի հաջորդ ընտրությանը: Բայց աներկբա է, որ Ուկրաինան գնում է սխալների ուղղման դժվարին, բարդ, սակայն ապագա ունեցող ճանապարհով: Ճանապարհ, որի վրա նախորդ տարի կանգնել է նաեւ Հայաստանը: Այդ տեսանկյունից, Ուկրաինայի գործնականում հետխորհրդային ամբողջ պատմությունը նոր ճանապարհի վրա կանգնած Հայաստանի համար կարող է լինել բավականին ուսանելի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...