Ուսանողների քեֆը Աշտարակի ձորում ավարտվել է ծանր դանակահարությամբ

- in Իրավունք
Danakaharutyun

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Սամվել Հ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 21-ամյա Սամվել Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ երևանյան բուհերից մեկի առաջին կուրսում սովորող Սամվել Հ.-ն ուսումնական տարին ավարտելու կապակցությամբ համակուրսեցիների ու կուրսղեկի հետ 2016 թվականի հունիսի 4-ին ժամանցի նպատակով մեկնել է «Աշտարակի ձոր» կոչվող տարածք՝ «Արևիկ» հանգստյան գոտի:

Ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Սամվելը մոտեցել է «Մերսեդես» մեքենայում նստած համակուրսեցի Աշոտ Մ.-ին ու խնդրել է իջեցնել մեքենայում միացված երաժշտության ձայնը: Այս հարցի շուրջ տղաները վիճել են: Որոշել են վիճաբանությունն ու պարզաբանումը շարունակել այլ վայրում:

Սամվելն ու Աշոտը Վարդան Գ.-ի վարած «Մերսեդեսով» դուրս են եկել հանգստյան գոտուց, գնացել են Աշտարակի Սուրբ Սարգիս փողոցում գտնվող կամրջի մոտ:

Վիճաբանությունը շարունակվել է, վերաճել է քաշքշուկի ու փոխադարձ կռվի: Սամվելն ընկել է գետնին, գետնից վերցրել է սուր կտրող-ծակող գործիք և հարվածներ է հասցրել կռացած դիրքում գտնվող Աշոտին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս: Աշոտն ու Վարդանը մեքենայով հեռացել են: Աշոտը զանգել է ընկերներից մեկին, պայմանավորվել է հանդիպել Եղվարդում, որ ընկերն իրեն տանի հիվանդանոց: Ընկերը նրան տարել է հիվանդանոց, Աշոտին վիրահատել, կյանքը փրկել են:

Դատարանում Սամվել Հ.-ն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նա իրեն մեղավոր է ճանաչել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար միայն:

Գործի դատական քննության ժամանակ Սամվելն ու Աշոտը արդեն երրորդ կուրսի ուսանողներ էին, իսկ դեպքի պահին նրանք ավարտել էին առաջին կուրսն ու կուրսով որոշել էին քեֆ անել Աշտարակի ձորում: Հավաքել էին 7000-ական դրամ, մթերք էին գնել:

2016 թվականի հունիսի 4-ի առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում, Սամվելն ու նրա համակուրսեցիները կուրսղեկի հետ «Գազելով» ու ևս երեք մեքենայով մեկնել են «Աշտարակի ձոր»: Իրենց հանգիստն անց են կացրել «Արևիկ» հանգստի գոտում:

Սամվելը նշել է, որ իրենց հետ օղի էին տարել, խմել են, նաև օղու հետ «Ռեդբուլ» են խառնել-խմել, խորոված են արել, պարել են: Երաժշտությունը հնչում էր իրենց ընկերոջ «Մերսեդեսի» միջից: Եղել է մի պահ, որ երաժշտության բարձր ձայնն իրեն խանգարել է, ինքը մոտեցել է մեքենայի մեջ նստած տղաներին ու խնդրել է ցածրացնել երաժշտությունը:

Տղաները վիճել են իր հետ, մյուսներին չխանգարելու համար որոշել են խոսակցությունը շարունակել այլ տեղում: Նստել են «Մերսեդեսը», Վարդանը մեքենան վարել է դեպի ելքի դարպասները: Դուրս են եկել հանգստյան գոտուց, հասել են հին կամրջին:

Մեքենայի մեջ մթնոլորտը «բորբոքված էր»: Իջել են մեքենայից, մի քանի բառ են փոխանակել, քաշքշել են իրար, ինքը գլխի շրջանում հարված է զգացել: Աշոտն ու Վարդանը իրեն հարվածներ են հասցրել: Ինքն այդ հարվածներից ընկել է գետնին: Նրանք շարունակել են հարվածել: Ինքը գետնից վերցրել է ինչ-որ առարկա ու մեջքի վրա պառկած դիրքով, դեմքը փակած՝ որ դեմքը չվնասեն, ձեռքի առարկան թափահարել է: Հետո է հասկացել, որ այդ առարկան դանակ է: Ինքն այդ ամենն արել է ինքնապաշտպանության նպատակով:

Երբ ընկած տեղից վեր է կացել, տեսել է, որ Աշոտի վրա արյուն կա: Հարցրել է նրան՝ ինչո՞վ օգնեմ: Նա ասել է՝ պետք չի: Աշոտն ու Վարդանը նստել են մեքենա ու հեռացել են: Ինքը վերադարձել է հանգստի գոտի՝ ընկերների մոտ: Ասել է, թե Աշոտն ու Վարդանը գործ ունեին, գնացին:

Հետագայում մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Սամվելը պնդել է, թե չի հիշում՝ ինչ են խոսել, որ վեճ է առաջացել: Ինքը խնդրել է երաժշտությունը ցածրացնել, իսկ թե հետո ինչ են խոսել, չի հիշում:

Սամվելը կատարվածի համար զղջացել է, ասել է, թե դեպքը պատահական է եղել, պահի ազդեցության տակ, Աշոտն ու Վարդանն իր ընկերներն են:

Տուժող Աշոտ Մ.-ն հայտնել է, թե դեպքի վայրում, երբ փոխադարձ կռվում էին, իր հեռախոսն ընկել է, ինքը կռացել է, որ վերցնի, ծակոց է զգացել: Աշոտը պնդել է, թե Սամվելին ընկած դիրքում չի հարվածել:

Ըստ Աշոտի՝ Սամվելը հանգիստ տղա է, կռվարար չէ…

Տուժողը հայտնել է, թե դանակով յոթ վնասվածք էր ստացել ՝ աջ թևի տակ, կրծքավանդակի աջ մասում… 14 օր գտնվել է հիվանդանոցում: Տուժողը քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող Աշոտ Մ.-ն վնասվածքները ստանալիս կարող էր գտնվել կքանստած վիճակում: Սուր կտրող-ծակող գործիքը անկանոն թափահարելու հետևանքով տուժողը չէր ստանա այն վնասվածքները, որ ստացել է, դրանք նպատակաուղղված հարվածների արդյունք են:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողը վնասվածքներ է ստացել պարանոցի, կրծքավանդակի աջ կեսի շրջաններում՝ ուղեկցված ստոծանու վնասումով և կրծքավանդակի ու որովայնի խոռոչներ թափանցումով:

Սամվել Հ.-ն մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և Սամվել Հ.-ն ազատվել է սահմանված պատժի կրումից: