Չեն ասելո՞ւ «իսկ հետո կվերադառնանք մենք, ու ամեն ինչ կշարունակվի առաջվա պես»

- in Վերլուծական
Serj Robert

Նախկին իշխանությունները չեն էլ փորձում թաքցնել ռեւանշի հասնելու իրենց «ռազմավարությունը»։ Այն է՝ քաղաքական դաշտում սսկված մնալ, սպասել, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 50 տոկոսից իջնի, ու միանգամից բոլոր կողմերից հարձակվելով՝ «տուն ուղարկել»։

Դրա համար էլ բաց չեն թողնում իշխանությունների վարկանիշը գցելու քարոզչական ոչ մի առիթ ու բոլոր ռեսուրսները կենտրոնացրել են այդ ուղղությամբ։ Եվ որեւէ նշանակություն չունի՝ խոսքը պաշտպանության նախարարի հայտարարությա՞ն մասին է, վարչապետի տիկնոջ ելույթի իմաստը խեղաթյուրելո՞ւ, հարկեր թաքցնելու կասկածանքով որեւէ ընկերության տնօրենին ձերբակալելո՞ւ, թե տրանսգենդերի ելույթի։ Քարոզչական տեխնոլոգիաները թույլ են տալիս ցանկացած իրադարձություն կամ ցանկացած ելույթի ցանկացած պարբերություն խեղաթյուրել այնպես, որ մարդկանց մոտ իշխանություններին օր առաջ «տուն ուղարկելու» ցանկություն առաջանա։ Ափսոս միայն, որ այս ռազմավարությունը կիրառողները չեն ասում, թե ինչ է լինելու իշխանություններին «տուն ուղարկելուց» հետո։ Հո չե՞ն ասելու «իսկ հետո կվերադառնանք մենք, ու ամեն ինչ կշարունակվի առաջվա պես»։

Որպես քաղաքական պայքարի ռազմավարություն սա գուցեեւ նորմալ ընկալվեր, բայց մեծ հաշվով՝ այս ամենը քաղաքական պայքարի հետ կապ չունի, սա քաղաքական պայքար չէ։ Ըստ էության՝ սա պայքար է մարդկանց այն խմբերի միջեւ, որոնցից մեկն ուզում է օրենքներով ապրել, իսկ մյուսը ցանկանում է, որ օրենքներով ապրի միայն «հասարակ ժողովուրդը», իսկ իրենք արտոնյալ պայմաններում լինեն։ Ու այնպես չէ, որ այս երկրորդ խմբում միայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու տարիներ շարունակ արտոնյալ պայմաններում աշխատած նրանց բիզնեսմեն ազգականներն են։ Նախկին համակարգի վերադարձն են տենչում նաեւ միջին ու ստորին օղակների հազարավոր չինովնիկները, դպրոցների, մանկապարտեզների ու նմանատիպ այլ հիմնարկների տնօրենները եւ այլն, ովքեր շատ չէ, բայց ամեն ամիս էլի աշխատավարձի չափով փող էին «կճմտում» ու հիմա դրա հնարավորությունը չունեն, նոր բարքերից դժգոհ են նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող են, օրինակ, 10-20 միլիոն դոլար ունենալ, բայց որեւէ իրավիճակում շարքային քաղաքացիների նկատմամբ որեւէ առավելություն չունենալ, եւ այսպես շարունակ։ Հենց այս խավերն են, որ արտաքուստ կիսում են հեղափոխության արժեքները, բայց թաքուն՝ կցանկանային վերադառնալ հին համակարգին ու դեմ չէին լինի, եթե նախկիններն այսօրվա իշխանություններին «տուն ուղարկեն»։

Կա նաեւ երրորդ շերտը։ Խոսքը այսօրվա իշխանական համակարգի միջին եւ ստորին օղակների հարյուրավոր պաշտոնյաների մասին է, ովքեր թավշյա հեղափոխության շնորհիվ են հայտնվել իշխանական համակարգում, բայց ներքուստ դժգոհ են, որ չեն կարող օգտվել «իշխանական բարիքներից» եւ ստիպված են բավարարվել չոր աշխատավարձով։ Այս շերտն, իհարկե, ոչ մի դեպքում նախկինների վերադարձը չի ցանկանում, որովհետեւ այդ դեպքում միանգամից հայտնվելու է գործազուրկի կարգավիճակում, բայց նաեւ դժգոհ է, որ իշխանությունները կոռուպցիոն «օդերը փակել են»։ Այս շերտի համար իդեալական տարբերակն այն կլիներ, որ Փաշինյանի կառավարությունը կամաց-կամաց (թեկուզ՝ ոչ նախկին մասշտաբներով) կոռումպացվեր, իրենք էլ «ձեռի հետ» օգտվեին՝ ըստ զբաղեցրած պաշտոնների։ Նման տրամադրություններ կան նաեւ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների շրջանակներում։ Շատերը կցանկանային հարկային ու մաքսային կառույցների հետ իրենց հարցերը լուծել նախկին սխեմաներով (որովհետեւ անձամբ իրենց համար դա ֆինանսապես ավելի շահավետ է), բայց՝ այնպես, որ նոր իշխանությունները համ էլ «մտածեին ժողովրդի մասին» ու նվազեցնեին կաշառքի դրույքաչափերը։ Այսինքն՝ այս խավի համար էլ «հին Հայաստանն» անընդունելի է, բայց «նոր Հայաստանի» ընկալումները խիստ տարբերվում են իշխանությունների ընկալումներից։

Այո, Հայաստանում պայքարն ընթանում է հենց այս համատեքստում, եւ լարվածությունն օրեցօր աճում է, որովհետեւ իշխանություններն այս հարցում կոմպրոմիսների գնալու որեւէ մտադրություն չունեն, հակառակորդներն էլ չեն համակերպվում այդ իրողության հետ եւ մեծացնում են ճնշումը։ Ընդ որում՝ մեծացնում են նաեւ շարքային քաղաքացիների միջոցով, որոնց մեծ մասը երեւի չի էլ հասկանում, թե իրականում հանուն ինչի եւ ինչի դեմ է պայքարում։ Ու սա մեզ լավ տեղ չի տանելու։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...