Պայմանական «սորոսականին» հակադրվում է նույնքան «պրոռուսակա՞նը»

- in Վերլուծական
Dacha karavarakan amaranoc

Քրեական հայտնի գործով Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելն առիթ դարձավ, որ քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ կոշտ հայտարարություններ հնչեցնեն ԱԱԾ հասցեին՝ այդ կառույցին մեղադրելով «հին մեթոդներով աշխատելու» մեջ, ընդդիմադիր շրջանակներն էլ իրենց հերթին առիթը բաց չթողեցին ու սկսեցին խոսել այն մասին, թե «սորոսական թեւն» ընդվզում է ԱԱԾ-ի ու վարչապետ Փաշինյանի դեմ։

Փորձենք հասկանալ։ Կա՞ արդյոք իշխանական համակարգում «սորոսական թեւ»։ Շատերի կարծիքով՝ իսկապես նման բան կա, թեեւ «սորոսական թեւ» անվանումը պայմանական է, եւ այդ հանրույթի մեծ մասը որեւէ կապ չունի ոչ Սորոսի, ոչ նրա հիմնած «Բաց հասարակության հիմնադրամի», ոչ էլ որեւէ այլ միջազգային կազմակերպության հետ։ Խոսքն այն մարդկանց (հիմնականում՝ քաղաքականապես ակտիվ երիտասարդների) մասին է, ովքեր կրթություն են ստացել կամ վերապատրաստվել են Արեւմուտքում եւ համոզված են, որ Հայաստանը չպիտի ետ մնա ժամանակակից քաղաքական եւ արժեհամակարգային վերափոխումներից, որ մեր ավանդական արժեհամակարգը հնացած է եւ խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, որ անձի ազատությունը բացարձակ արժեք է, իսկ «համամարդկային արժեքները» վեր են ոչ միայն ազգային, այլեւ պետական շահերից, եւ այլն։ Եվ այս մտածողությունը, բնականաբար, ենթադրում է ավանդականից տարբերվող մոտեցում պետության համար կարեւորագույն հարցերում՝ տնտեսություն, գիտություն եւ կրթություն, մշակույթ, արցախյան հիմնախնդիր եւ այլն։

Նման առաջադեմ, համամարդկային գաղափարներով տարվելն, ի դեպ, մեզ համար նորություն չէ։ Պարզապես նախորդ դեպքերում արդյունքները մեր օգտին չեն եղել։ Անցած դարի քսանականների սկզբներին, օրինակ, «համամարդկային առաջադեմ գաղափարը» կոմունիզմն էր, դրա համար էլ հայ բոլշեւիկներն առանձնապես չէին դիմադրում, որ, ասենք, Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։ Ոչ թե այն պատճառով, որ ադրբեջանցի բոլշեւիկներից պակաս հայրենասեր էին, այլ որովհետեւ ավելի շատ էին հավատում «առաջադեմ գաղափարներին» եւ համոզված էին, որ շատ շուտով կոմունիզմն ամբողջ աշխարհում հաղթելու է, սահմանները վերանալու են, ազգերը՝ նույնպես, հետեւաբար՝ ի՞նչ տարբերություն, թե որ հանրապետության կազմում կլինի Ղարաբաղը։ Ժամանակը ցույց տվեց, որ դա, մեղմ ասած, սխալ մոտեցում էր։ Հիմա էլ տեսակետ կա, թե արցախյան խնդրի լուծման ամենակարճ ճանապարհը երկու հասարակություններում առաջադեմ (արեւմտյան) արժեհամակարգի արմատավորումն է (այդ դեպքում Արցախի կարգավիճակն էական չի լինի)։ Տեսականորեն գուցեեւ գեղեցիկ է հնչում, բայց գործնականում արդյունքները կարող են նույնը լինել։

Բայց մյուս կողմից էլ՝ պայմանական «սորոսական թեւին» հակադրվում է պայմանական «պրոռուսական թեւը»։ Եվ, օրինակ, կարծիքներ են հնչում, թե հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերակազմավորել ամերիկա-իսրայելական հարաբերությունների օրինակով։ Այսինքն՝ մենք պիտի Ռուսաստանին համոզենք, որ նրանց ձեռնտու է մեր տարածաշրջանում ունենալ սեփական «Իսրայելը», եւ ամենահարմար թեկնածուն մենք ենք։ Սա նույնպես նոր մոտեցում չէ, եւ այս հարցում նույնպես նախորդ փորձերը մեր օգտին չեն ավարտվել։ Ընդ որում՝ խնդիրը ոչ միայն մեր եւ Իսրայելի, այլեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի տարբերությունն է (դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ը ժամանակակից սպառազինություն կմատակարարի, ասենք, պաղեստինցիներին, Համասին կամ Հեզբոլլահին)։

Լուծումը միակն է։ Հայաստանը չպետք է ետ մնա համաշխարհային զարգացումներից, բայց պիտի ընդունի արժեհամակարգային եւ աշխարհայացքային այն փոփոխությունները, որոնք օգնելու են մեզ ունենալ ավելի հզոր ու զարգացած պետություն։ Այսինքն՝ առաջնայինն ամեն դեպքում պիտի լինի պետական շահը։ Իսկ պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները պիտի լուծվեն սեփական ուժերով եւ այլ պետությունների հետ շահերի համադրման ու դաշնակիցների ձեռքբերման ճանապարհով։ Չդառնալով գործիք եւ հույս չունենալով, որ կկարողանանք որեւէ մեկին որպես գործիք օգտագործել։

Իշխանությունները, մեծ հաշվով, հենց դա էլ փորձում են անել։ Ու չպետք է զարմանալ, որ խանգարողները տարբեր կողմերից են։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...