Պարո՛ն Մակրոն, Ֆրանսիայում ապրող 700 հազար հայերին հղված ուղերձը քեզ չի փրկի

- in Միջազգային
Erdoghan

Այն երկրները, որոնք մեղադրում են Թուրքիային, պատասխանատու են Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ 70 միլիոն մարդկանց մահվան համար: Ֆրանսիայի նախագահը դա պետք է լավ իմանա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ:

Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ կրկին ժխտելով պատմական իրողությունը և հայտարարելով, թե երկու երկրների ժողովուրդներն էլ տուժել է պատերազմից և սովից, գրում է Hurriyet Daily News-ը: «Հայերի տեղահանությունը ո՛չ ցեղասպանություն էր, ո՛չ մեծ ողբերգություն: Դա պարզապես 100 տարի առաջ ծանր հանգամանքներում տեղի ունեցած ցավալի իրադարձություն է»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը երկրում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել:

«Այն երկրները, որոնք մեղադրում են Թուրքիային, պատասխանատու են Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ 70 միլիոն մարդկանց մահվան համար: Ֆրանսիայի նախագահը դա պետք է լավ իմանա: Պարո՛ն Մակրոն, Ֆրանսիայում ապրող 700 հազար հայերին հղված ուղերձը քեզ չի փրկի: Նախևառաջ դու պետք է սովորես ազնիվ լինել, քաղաքականության մեջ առանց ազնվության հնարավոր չէ հաղթել»,- ասել է Էրդողանը:

Սա 2019թ.-ի ընթացքում Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին երրորդ ճառն է: Ավելի վաղ նա Օսմանյան կայսրությունում բնակված հայերին հրոսակախմբեր էր անվանել, իսկ փետրվարին Էմանուել Մակրոնին քաղաքականության մեջ նորեկ էր անվանել՝ հայտարարելով, թե իբր Ֆրանսիան ինքն է Ալժիրում «ցեղասպանություն» իրագործել:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր իր երկրի՝ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ հանցանքի որակման գործին նպաստելու մտադրության մասին՝ ընդգծելով, որ ոչ մի հորինվածք չի կանգնեցնի Ֆրանսիային:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...